Իրանը կհարվածի՞ Իսրայելին, թե «նախապատրաստական քայլերի» մասին տեղեկատվությունը բացառապես ուղղված է նրան, որ Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններում ՀԱՄԱՍ-ի դիրքերն ամրապնդվեն:
Վահրամ Աթանեսյան
Իրանի «նոր կերպարի» հեռանկարն ինչպե՞ս կազդի հայ-իրանական հարաբերություններին
Նվազագույն սպասելքն այն է, որ իսլամական պետությունները ժամանակավորապես կխզեն սիոնիստական ռեժիմի հետ կապերն այնքան ժամանակ, քանի դեռ նրա հանցագործությունները շարունակվում են,-Թեհրանում հավատարամագրված՝ իսլամական երկրների դեսպանների ընդունելությանը հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ դատապարտելով մուսուլմանական այն երկրներին, որ շարունակում են առեւտրա-տնտեսական կապեր ունենալ Իսրայելի հետ:
Միջազգային մամուլի հրապարակումներում գերիշխում է այն կարծիքը, որ Իրանն Իսրայելին «վրեժխնդրության հարվածներ կհասցնի: Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը, եւ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Էբրահիմ Ռաիսին «չի ընդունել իրանա-իսրայելական լարվածության հաղթահարման թուրքական միջնորդությունը»:
Շուրջ մեկշաբաթյա պաուզայից հետո Իրանի արտգործանախարարության խոսնակը Միացյալ Նահանգներ-Եվրամիություն-Հայաստան խորհրդաժողովի առիթվ կարճ հայտարարություն է տարածել, որ թեեւ կարեւորում է ռեգիոնալ 3+3 ձեւաչափը, բայց այն անվանում է «խորհրդատվական»: Թեհրանն, իհարկե, չի ողջունում Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությունը, բայց ռեգիոնալ ձեւաչափն անվանելով «կոնսուլտատիվ»՝ փաստացի հասկացնում է, որ չի միանում Մոսկվայի, Անկարայի եւ Բաքվի կոշտ դիրքորոշմանը:
Իսրայելի դեմ համաիսլամական կոալիցիայի կոչը որքանո՞վ է հասցեագրվում Թուրքիային եւ Ադրբեջանին: Տպավորություն է, որ Թեհրանի եւ Անկարայի դիրքորոշումներում շատ էական տարբերություն կա. Եթե Իրանի համար Իսրայելը «սիոնիստական ռեժիմ» է առհասարակ, ապա Էրդողանի խնդիրը, կարծես, վարչապետ Նեթանյահուի հետ է: Ըստ երեւույթին, այդ գծի մեջ է նաեւ Բաքուն: Ադրբեջանական մամուլի մի շարք հրապարակումներում գերիշխող նարատիվն այն է, որ «Բիբին անկյուն է քշվել»:
Գազայի եւ առհասարակ Պաղեստինի հարցում Թուրքիայի շահագրգռվածության սկզբունքային մոտիվացիան մեկն է՝ Մերձավոր Արեւելքում հասնել հեգեմոնության: Մյուս կողմից Իրանը ձգտում է ամրապնդել այսպես կոչված՝ «Շիա աղեղը» եւ հակակշռել թուրքական էքսպանսիան: Երրորդ կողմն արաբական աշխարհն է, որտեղ Իսրայելի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման կողմնակիցները, կարծես, ավելի շատ են, քան հրեական պետությունը «երկրի երեսից ջնջելու պատրաստ» ծայրահեղականները:
Իրանը կհարվածի՞ Իսրայելին, թե «նախապատրաստական քայլերի» մասին տեղեկատվությունը բացառապես ուղղված է նրան, որ Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններում ՀԱՄԱՍ-ի դիրքերն ամրապնդվեն: Մերձավոր Արեւելքի պայթյունավտանգ իրավիճակին Ռուսաստանի ներգրավվածությունը, կարծես, հրապարակային չի դրսեւորվում: Թեհրանին, իհարկե, չի հաջողվի ձեւավորել համաիսլամական կոալիցիա: Բայց Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական ավելի ծանրակշիռ դերակատարության հեռանկար, երեւի, Իրանն ունի: Այդ շատ հավանական նոր «կերպարն» ինչպե՞ս կազդի հայ-իրանական հարաբերություններին:
Հոդվածը՝ 1in.am կայքից։