Ակնառու է, որ Ռուսաստանը հետեւողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում, կամ այսպես ասեմ՝ եթե մնում է, ապա ավելի ու ավելի նվազ եւ աննպաստ է։
Հակոբ Բադալյան
Երբ նոյեմբերի 9‑ից հետո գնահատելով իրավիճակը կարծիք եմ հայտնել, որ գլոբալ մակարդակում դա նաեւ ռուսների պարտությունն ու ձախողումն էր, մեծաթիվ «մակերեսագետներ» դա համարել են ռուսներին արդարացնելու «գործակալական» ջանք:
Հիմա ստացվում է, որ ռուսները չորս տարի առաջ մտել են Արցախ, որ հետո սկսեն դուրս գալ:
Պարտության եւ ձախողման մեխանիզմը հանգամանալից բացատրել եմ բազմիցս: Բնական է, որեւէ մեկնաբանություն չի հաստատվում նոտարի կնիքով, իսկ հարցականի տակ հնարավոր է դնել ցանկացած բան, էլ չասած՝ անգամ կնիքի առկայության դեպքում;
Պարզապես, մարդկանց համար նախընտրելի չէ փորձել դուրս դուրս գալ կամ չենթարկվել դոմինանտ քարոզչական սխեմաների: Դիմադրելը պահանջում է ջանք, հետեւաբար ավելի լավ է հարմարվելը, առավել եւս, եթե որոշ մարդկանց դեպքում դա կարող է լինել նաեւ բառի բուն իմաստով շահութաբեր:
Հիմա Պեսկովը հայտարարում է, որ՝ այո, ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից: Սա իհարկե միաժամանակ շատ հարցեր առաջացնող է, որովհետեւ չի մանրամասնում՝ ամբողջությամբ է դուրս գալիս, թե մասնակի, իսկ կարող է՞ ձեւաչափը տրանսֆորմացվի եւ փոքր ինչ որ մաս մնա այլ կարգավիճակով, այլ պայմանավորվածություններով եւ այլն: Տեսնենք, սա կերեւա ժամանակի ընթացքում, ի հայտ կգան մանրամասներ:
Բայց, ակնառու է, որ Ռուսաստանը հետեւողականորեն «կրճատում» է իր ներկայությունը Կովկասում, կամ այսպես ասեմ՝ եթե մնում է, ապա ավելի ու ավելի նվազ եւ աննպաստ
Այլ հարց է, որ կայսրությունները այդ պրոցեսները պետք է փաթեթավորեն այնպես, որ՝ դա իրենց համար ոչ թե նահանջ է, այլ մի խորիմաստ ու հմուտ հաշվարկ, որ այն, ինչ տեղի է ունենում՝ տեղի է ունենում, որովհետեւ իրենք են այդպես ուզել, ոչ թե տանուլ են տվել գործընթացներ եւ հայտնվել այդ վիճակում:
Այդ պարագաներում հաճախ է «փաստարկ» բերվում Շոյգուի հայտնի հայտարարությունը, որ «Ղարաբաղում բարդ օպերացիա իրականացրին Թուրքիայի հետ»: Եվ դա նշվում է որպես վկայություն, որ ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից:
Եթե ամեն ինչ պայմանավորված էր հենց սկզբից, այդ դեպքում հոկտեմբերի 9‑ին Մոսկվայում ամբողջ գիշեր ի՞նչ էին բանակցում՝ 11 ժամ, որից հետո հայտարարվեց հրադադարի մասին, բայց չպահվեց այն: Ինչու՞: Որովհետեւ այդ ժամանակ կանգնելուն համաձայն չէր Էրդողանը, որի թիկունքում նաեւ ՆԱՏՕ‑ն, որի գլխավոր քարտուղարը հոկտեմբերի 3–5‑ին այցելել էր Անկարա:
Հիմա պատկերացնենք, որ Էրդողանը չէր կանգնում նաեւ նոյեմբերի 9‑ին, ի՞նչ էին անելու ռուսները: Մնում էր արդեն մտնել Թուրքիայի եւ Ադբեջանի հետ պատերազմի մեջ: Չեմ բացառում, որ նույնիսկ սպառնացել են անել դա (ռուսական ուղղաթիռի խոցման բավականին խորհրդավոր պատմությունը), եթե Թուրքիան չհամաձայնի կանգնեցնել Բաքվին: Ի վերջո համաձայնությունը եղել է, ստանալով նաեւ մոնիտորինգի կենտրոն Աղդամում՝ մնացյալի շարքում:
Իհարկե պատերազմը կանգնել է ռուս-թուրքական համաձայնությամբ: Բայց առանցքայինն այն է, թե ինչպես է իրավիճակը եկել ու հասել դրան, եւ որտեղից է սկսել ու ինչ պայմաններով ու ստատուս-քվոյով ավարտվել:
«Մակերեսագիտերենով» սա «թարգմանվում» է՝ «ռուսներն ինչ մեղք ունեին» կամ «ռուսներն ինչ անեին»:
Հիմա դարձյալ կրկնեմ՝ ռուսների «մեղքի» մասին Հայաստանի տեղեկատվական եւ փորձագիտական դաշտում հազիվ թե կգտնվի մարդ, որ գրել ու խոսել է իմ չափ: Եվ այն ժամանակ, երբ դա հեչ մոդա չէր, ու բերում էր ոչ թե ծափեր, այլ հակառակը՝ թիրախավորում:
Բայց, որեւէ բանի մասին խոսել ու խոսում եմ գործընթացների խորությունն ու շերտերը առավելագույնս դիտարկելու մղումով ու նպատակով, անկախ՝ թե դա ում դուր կգա, իսկ ում՝ ոչ, ում քիմքին կբավարարի, ում՝ ոչ: Եվ ժամանակի ընթացքում նաեւ ինձ համար բացահայտելով լայն պրոցեսի նոր շերտերն ու իմաստները, ինձ պարտավոր եմ համարում խոսել դրանց մասին՝ անկախ այդ խոսակցության պոպուլյարության աստիճանից:
Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։
