Ցանկացած ներքին բախում միայն թուլացնելու է հենց հայ համայնքն ու հայությանը։ Բացի նրանից, որ տեղի ունեցածը տգեղ է իր դրսևորմամբ, այն նաև երկպառակիչ բնույթ ունի և որ ավելի վատ է, այն կատարվում է կանադական իշխանությունների աչքի առաջ՝ իջեցնելով հայ համայնքի և հայկական կազմակերպությունների ընդհանուր հեղինակությունն ու լրջությունը։
Մեր Ուղին
Օրերս ՍԴՀԿ Տորոնտոյի և Մոնրեալի վարչությունները դատապարտող հայտարարություն տարածեցին ՀՅԴ երիտասարդների կողմից Մոնրեալի Հայ Կենտրոնում Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի նկատմամբ հնչեցված արտահայտությունների վերաբերյալ։
Ինչպես պարզ է դառնում այդ հայտարարությունից․ ապրիլի 21-ին Քվեբեքի հայ համայնքի Միացյալ մարմնի կողմից տեղի էր ունեցել հայոց Ցեղասպանության 109 ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին նաև հայկական երեք կուսակցությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ և այլն։ Միջոցառման ժամանակ, որին հրավիրված էր նաև Կանադայում ՀՀ դեսպանը, ՀՅԴ մի քանի երիտասարդներ վիրավորական արտահայտություններով դիմել են դեսպանին և կոչ արել նրան, որ օրվան նվիրված իր խոսքը չբարձրաձայնի։ Դրանից հետո դեսպանը հեռացել է։
Հայտարարության մեջ ՍԴՀԿ Տորոնտոյի և Մոնրեալի վարչությունները արձանագրում են, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ՀՅԴ երիտասարդների կողմից խանգարվում է համայնքային միջոցառումը և այն փոխանակ օրակագով ընթանալու և իր նպատակին ծառայելու, վերածվում է վեճ ու կռվի, հատկապես, որ այսօր առավել քան կարևոր է միասնությունն ու համերաշխությունը։
Տորոնտոյի և Մոնրեալի վարչությունները հայտարարության մեջ ընդգծում են, որ ՀՀ դեսպանը Հայոց պետության ներկայացուցիչն է, այլ ոչ թե անցյալ, ներկա կամ գալիք իշխանության և պետք չէ շփոթել իշխանությունն ու պետությունը։
Սա անշուշտ միանգամայն մտահոգիչ երևույթ է, քանի որ հայ համայնքը, անկախ իր ներքին կուսակցական կամ խմբային տարաբաժանումներից, ներկայացնում է հայությանը և ցանկացած ներքին բախում միայն թուլացնելու է հենց հայ համայնքն ու հայությանը։ Բացի նրանից, որ տեղի ունեցածը տգեղ է իր դրսևորմամբ, այն նաև երկպառակիչ բնույթ ունի և որ ավելի վատ է, այն կատարվում է կանադական իշխանությունների աչքի առաջ՝ իջեցնելով հայ համայնքի և հայկական կազմակերպությունների ընդհանուր հեղինակությունն ու լրջությունը։ Ոչ ոք լուրջ չի ընդունի որևէ համայնքի կամ կառույցի, որն ի վիճակի չէ ինքն իր հետ խոսելու, ուր մնաց կանադական իշխանությունների առաջ հայկական քարոզչություն անելու։ Միանգամայն ցավելով այս դեպքի համար՝ հույս ենք հայտնում, որ հայ համայնքում դա սովորություն չի դառնա և համայնքի ներկայացուցչական մարմինները, ինչպես և հայկական կուսակցությունները ավելի խոհեմ և լուրջ կգտնվեն իրենց հասարակական պահվածքում՝ համընդհանուր գործիչն չվնասելու և հայությանը ներքին կռիվներով չթուլացնելու համար։ Հակառակ պարագայում նույն կանադական իշխանությունները կարող են շփոթմունքի մատնվել՝ չկարողանալով կողմնորոշվել, թե ովքեր են հայ համայնքի ներկայացուցիչները և ովքեր են ներկայացնում համայնքը, ում խոսքին լուրջ վերաբերվել, իսկ ում խոսքին՝ ոչ։
Ստորև ներկայացնում ենք Տորոնտոյի և Մոնրեալի վարչությունների հայտարարության տեքստը՝
Յանուն Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Մոնթրէալի ու Թորոնթոյի Վարիչ Մարմիններուն՝ կը դատապարտենք Կիրակի, 21 Ապրիլին, Մոնթրէալի Հայ Կեդրոնին մէջ տեղի ունեցած միջադէպը, ուր Քէպէքի Հայ Համայնքի Միացեալ Մարմինին կողմէ կազմակերպուած Եղեռնի 109-ամեակին նուիրուած ձեռնարկէն առաջ՝ հիւրասիրութեան ընթացքին, ուր ներկայ էին նահանգային եւ դաշնային պետական երեսփոխաններ, քաղաքապետական պաշտօնատարներ, հայկական երեք կուսակցութիւններու ղեկավարներ, բարձրաստիճան հոգեւորականներ եւ կազմակերպութեանց ներկայացուցիչներ, ՀՅԴ-ի մի քանի երիտասարդներ սրահ խուժելով անպատուաբեր արտայայտութիւններով դիմեցին Հայաստանի Հանրապետութեան դեսպան՝ Ն․Գ․ Անահիտ Յարութիւնեանին:
Նաեւ, մեր տարակուսանքը կը յայտնենք ՀՅԴ ղեկավարներուն կրաւորական պահուածքին հանդէպ և մանաւանդ անոնց յորդորին, որ ՀՀ դեսպանը զանց ընէ փոխանցել օրուան պատշաճ իր խօսքը, որուն համար յատուկ հրաւիրուած էր ան, մտահոգութիւն յայտնելով, որ նոյն երիտասարդները կրնային խանգարել իր ելոյթը, փաստօրէն պատճառ դառնալով, որ տիկին դեսպանը հեռանայ սրահէն:
Դժբախտաբար նմանատիպ ձեռագիրով երկրորդ դէպքն է, որ տեղի կ’ունենայ համագաղութային միջոցառման մը ընթացքին, խաթարելով գաղութին անդորրը, երբ այսօր աւելի քան երբեք խիստ կարեւոր են միասնականութիւնն ու համերաշխութիւնը։
Առ ի գիտութիւն՝ ինչպէս բոլոր դեսպանները, նոյնպէս դեսպան Անահիտ Յարութիւնեան կը ներկայացնէ Հայաստանի Հանրապետութիւնը եւ պէտք չէ պետականութիւնը շփոթել անցեալի, ներկայի ու գալիք ՀՀ իշխանութիւններուն հետ։
Ս․Դ․Հ․Կ․ Մոնթրէալի Վարիչ Մարմին
Ս․Դ․Հ․Կ․ Թորոնթոյի Վարիչ Մարմին
24 Ապրիլ 2024