ՄԵՐ ՈՒՂԻՆ

Խոսում Են Անմահները

Չպիտի այնպես լինի, որ կուսակցությունն առանձին պայքարի, Եկեղեցին առանձին, հասարակական խմբերը՝ առանձին։ Որովհետև Ցեղասպանությունը միայն մի խմբի ցավը կամ կորուստը չէ, այնպես, որ պահանջը և պայքարը ևս պիտի լինի ընդհանուր՝ գիտակցությամբ, կամքով ու հոգով։

Արայիկ Մկրտումյան

Վաղը ապրիլի 24-ն է, ինչը նշանակում է, որ այդ օրվան ուշադրություն դարձնող ցանկացած ոք պետք է նախ և առաջ մի շատ պարզ, բայց շատ կարևոր բան հասկանա՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ոչ քաղաքական, ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական և ոչ էլ որևէ մեկ այլ բան, բացի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց, տեղի ունեցածը հասկանալուց և նաև կամքից, որ նման բան այլևս տեղի չունենա։ Մնացած ամեն ինչը նշանակում է հարգանք այդ զոհերի հիշատակի հանդեպ ու կեղտոտ փորձ՝ Սգո օրը սեփական բոնուսային համակարգին ծառայեցնելու համար։
Այսօր հավանաբար երեկոյան կանցկացվի Ջահերով երթ, որը ինչ որ չափով կքաղաքականացվի։ Ցավոք, բայց այդպես էլ կլինի։ Մենք արդեն վաղուց թացն ու չորը իրարից չենք տարբերում, թեև շատ լավ կլիներ, եթե մեր միլիոնուկես զոհերի ոսկորները չկրծոտեինք հանուն օրվա քաղաքական շահի։ Ջահերով երթը շատ ավելի խորունկ նշանակություն ունի, քան որևէ քաղաքական օրակարգ։ Շատ ավելի մեծ։ Այն չի կարելի շահագործել, չի կարելի իր նշանակությունից շեղել։ Չի կարելի անմեղ նահատակների հիշատակը վերածել քաղաքական միտինգի և օրվա խորհուրդը լցնել դավաճան-թալանչի բառակռվով։ Հուսով եմ, որ թե՛ ընդդիմությունը և թե՛ իշխանությունը այնքան խոհեմ կգտնվեն, որ իզուր տեղը կրակի վրա յուղ չլցնեն, հատկապես, որ հենց հիմա սահմանագծման ծանր ու սթրեսային գործողություն է գնում, երբ հողեր հանձնելու հետ կապված թեմա կա, երբ որպես այդպիսին՝ մենք գտնվում ենք ամոթահար, ինչ որ չափով հուսահատ վիճակում։
Վաղը, երբ կայցելենք Ծիծեռնակաբերդ, հարկավոր է լինել զուսպ ու լուռ։ Այդ ճանապարհը, որ իր տեսակի ուխտ է, չդարձնել ժամանաց կամ զբոսանք, աղբ չնետել շրջակայքում, չշահագործել օրվա խորհուրդը, սեփական քաղաքական կառքին չլծել։ Այլ, եթե մենք դեռ մեր մեջ ինչ որ հարգանք պահպանել ենք՝ փորձել հասկանալ 1915թ․ և դրանից առաջ ու հետո տեղի ունեցած ողբերգության իմաստը։ Փորձել հասկանալ, թե ինչպես կարող է պատահել, որ մարդուն սպանեն հայ լինելու համար։ Փորձենք հասկանալ, որ մենք մեծագույն ֆաշիզմի զոհ ենք դարձել» Փորձենք հասկանալ, որ Անհանդուրժողականության Դևն է մեր դեմ ելել ի դեմս թուրքերի։ Եթե մենք կարողնանք հասկանալ տեղի ունեցած սարսափի ողջ խորությունը, մեր առաջին նպատակը պիտի դառնա ևս մեկ Ցեղասպանություն թույլ չտալը։ Մենք պետք է հասկանանք, որ 1915-ը պարզապես դժբախտության օր չէ, անհաջողության օր չէ, այն ոչ միայն հայերին, այլև մարդկության ու կյանքի, ազատության ու ճշմարտության դեմ գործված ամենազազրելի ոճրի խորհրդանիշն է; Եվ այդ սարսափելի խորհրդանիշը լռություն է պահանջում, իսկ հետո նաև գիտակցում։ Վաղը մենք պետք է զրուցենք անմահների հետ, վաղը պետք է հիշենք նրանց, ում սպանել են պարզապես հայ լինելու համար։ Նրանց, ովքեր տանջամահ են արվել ոչ պարզապես ռազմական, քաղաքական կամ այլ պատճառով, այլ առաջին հերթին հայ լինելու համար։ Եվ այդ մեծագույն ստորության գիտակցումը մեզ պիտի ավելի բարձր պահի, քան ցանկացած քաղքական կամ կենցաղային ճշմարտություն։ Վաղը մենք մեր անցյալի արնաթաթախ էջին ենք նայելու, անկախ նրանից, թե հարուստ ենք, աղքատ, կուսակցական կամ ոչ։ Ցեղասպանությանը զոհ են գնացել հայերը, որոնք եղել են հարուստ ու աղքատ, քաղաքացի ու գյուղացի, կուսակցական ու անկուսակցական։ Նրանք բոլորը հայեր են եղել ու հենց հայ լինելն է եղել նրանց ուղղված գլխավոր մեղադրանքը։ Դու հայ ես։
Եթե մենք հասկացանք, թե ինչ է կատարվել, ապա կհասկանանք, թե ինչը այլևս երբեք չպիտի կրկնվի։ Մեր թշնամիները մեզ ավելի հավաքական են դիտել քան մենք ինքներս։ Նրանց համար մեկ է, թե ով է իրենց առաջ կանգնած, նա կամ հայ է, կամ՝ ոչ։ Մենք ինքներս էլ պիտի հասկանանք այդ զարհուրելի հարց ու պատասխանը ու առանց տատամսելու ասենք՝ հայ ենք ու կրենք դրա ողջ հպարտությունն ու ցավը։
Միաժամանակ, մենք չպետք է թեկուզ թիզ անգամ նահանջենք հատուցման պահանջից։ Թուրքերի արածը ուղղակի վիրավորանք չէր, որ կարելի է մոռանալ կամ ներել։ Թշնամիները (հատկապես, որ այսօր էլ ունեն հակահայ ու հակամարդ կեցվածք) պետք է պատասխանատու լինեն իրենց բոլոր արածների համար։ Եվ նրանցից պատասխան ու հատուցում պահանջողները ևս պիտի լինեն հայերը։ Ոչ թե կուսակցական կամ անկուսակցական, հարուստ, աղքատ, քաղաքացի, գյուղացի, այլ հայերը։ Հասկանո՞ւմ եք։ ՀԱՅԵՐԸ, որոնք կարող են տարբեր լինել, բայց նրանք նախ և առաջ հայ են։ Ուստի հայերի պայքարը հանուն հայության, պիտի լինի համախմբված, միակամ ու միաձայն։ Չպիտի այնպես լինի, որ կուսակցությունն առանձին պայքարի, Եկեղեցին առանձին, հասարակական խմբերը՝ առանձին։ Որովհետև Ցեղասպանությունը միայն մի խմբի ցավը կամ կորուստը չէ, այնպես, որ պահանջը և պայքարը ևս պիտի լինի ընդհանուր՝ գիտակցությամբ, կամքով ու հոգով։
Մեր թշնամիները անգամ ջարդերով են մեզ միավորել ու մի ամբողջություն դիտել, մենք առավել ևս պետք է մեզ մի ամբողջություն ընկալենք։
Վաղը, հիշելով կամ Ծիծեռնակաբերդ գնալով, մենք պետք է ևս մի կարևոր բան ընկալենք՝ պայքարը այլընտրանք չունի։ Չի կարելի և չպետք է որևէ հիմնավորմամբ նահաջել Ցեղասպանության ճանաչման ու հատուցման ճանապարհից։ Չի կարելի ուրանալ նրանց, ովքեր իրենց մահով են ապացուցել իրենց հայությունը և մենք էլ մեր կյանքով պիտի պաշտպանենք նրանց մեծագույն զոհողությունն ու մեր մեծագույն արժեքը՝ հայությունը։ Սուգն անվերջ է, եթե պայքար չկա, իսկ եթե պայքար չկա, ապա վաղվա մասին մեր ամեն ինչը ընդամենը խեղված ավանդություն է, ոչ ավելին։ Ու մենք պիտի պայքարենք, պայքարենք Դոն Քիշոտի անմտությամբ և կամքով, եթե հարկ իսկ լինի, պիտի պայքարենք մեր միլիոնուկես սպպանված հայրենակիցներից խլված կյանքի, իրավունքի ու ազատության համար, պիտի պայքարենք, եթե նույնիսկ մեզ համոզեն, որ դա անիմաստ է, որ հույս չկա։ Պիտի պայքարենք, որովհետև վաղը մեր սրտի ու մեր մտքերի հետ խոսելու են անմահները։
Պիտի պայքարենք, որովհետև այն ժողովուրդը, որի պապերը մորթոտել են մեր պապերին, հաճախ խոսում է խաղաղությունից, խաղաղ հարևանությունից։ Խաղաղությունը լավ բան է, բայց լավն է, երբ այն բոլորի համար է խաղաղություն, ոչ թե մեկի համար՝ մյուսի կյանքի գնով։ Դա խաղաղություն չէ, այլ լռություն։ Եվ այդ խաղաղությանը կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ թուրքերը ամբողջովին ընդունեն իրենց արածը, իրոք զղջան և փոխհատուցեն մեզ։ Փոխհատուցեն ամեն ինչով, որովհետև խլել են մեր ամեն ինչը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *