Հայաստան

Հայաստանը, Ալիևն Ու Միջազգային Դատարանը

Կիրանցում դպրոցն ընդամենը 8 մետր է հեռու լինելու սահմանից։ Ո՞վ իր երեխային կուղարկի այդ դպրոց։ Կամ ի վերջո հարցեր կան տարածքների, վարելահողերի, խոտհարքների, այգիների, ջրերի հետ կապված։ Սահմանազատման հետևանքով տունը ֆիզիկապես թողնել գյուղացուն, բայց անհնարին դարձնել նրա կյանքը՝ նշանակում է նոր ցեղասպանություն կատարել, քանի որ այդ ամենի հետևանքով մարդը ստիպված է լինելու հեռանալ իր հողից, այնպես ինչպես հարյուր հազարավոր հայեր են Թուրքիայից հեռացել համիդյան ջարդերից սկսած։

Կասյա Աբգարյան

1inTV-ի եթերում Արման Բաբաջանյանը զրուցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բարձրագույն դատարանի դատավոր, «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության հիմնադիր Կասյա Աբգարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է կազմակերպության աշխատանքը, ՀՀ ու հայ բնակչության իրավուքնների հարցը միջազգային դատարաններում և այլն։
Կասյա Աբգարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի ամենազորեղ զենքերից մեկը միջազգային իրավական հարթակներն են, ինչպես օրինակ Հաագայի դատարանը, որի որոշումներից առանձնապես վախենում է Ալիևը։ Հայաստանն արդեն իսկ միջազգային քրեական դատարան դիմել է Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան ղեկավարներին, ինչպես օրինակ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկելու Արցախում տեղի ունեցած հանցագործությունների կազմակերպիչ և պատասխանատու լինելու համար։ Ինչպես Նշեց Կասյա Աբգարյանը, Ալիևի արածը իր բնույթով ցեղասպանություն է։ Միջազգային ասպարեզներում ցեղասպանություն բառը շատ լավ բացատրված և հասկացված է։ Ցեղասպանություն իրագործել չի նշանակում պարտադիր կերպով միլիոնավոր մարդկանց սպանել, ցեղասպանության հստակ տարր է նաև այն, որ ամեն ինչ արվում է մի ողջ ժողովրդի կյանքն անտանելի դարձնելու, նրան իր հողից քշելու, իր հողն ու ունեցվածքը խլելու համար։ Ընդ որում ադրբեջանցիների այս ձեռագիրն ինչ որ նոր ու զարմանալի բան չէ։ 90-ականներից սկսած, ամեն տեղ, ուր աադրբեջանցիները հայերի հետ որևէ հարց են փորձել լուծել, ամենուրեք նույնն է՝ գերիների ու պատանդների կտտանքներ, դիախեղումներ, բռնագաղթ։ Սա հենց այն մեղադրանքներն են, որ ներկայացվում են Ալիևին ու իր ռեժիմին։
Կարող է թվալ, որ դատարանները որևէ ուժ չեն ներկայացնում, բայց դա անհիմն կարծիք է։ Միջազգային դատական ատյանները աշխարհում ամենալուրջ ազդեցությունն ունեն, որը պետք է անպայմանորեն կիրառվի։ Հավաքագրված հազարավոր փաստեր են ներկայացվում այդ մարմիններին։ Հաագայի դատարանում Ալիևը որևէ ազդեցություն չունի։ Ոչ ոք չի կարող այնտեղ որևէ հարց իր կամայականություններով լուծել։ Փողն ու անձնական հեղինակությունն այդտեղ ոչինչ են, դիվանագիտությունն ու քաղաքական ազդեցությունը՝ ևս։ Ալիևը գիտի դա, մենք ևս պետք է դա հասկանանք ամենայն լրջությամբ։ Իհարկե դատական գործերը, այն էլ միջազգային դատարաններում միանգամից չեն լուծվում։ Երբեմն կարող են երկար ընթանալ, բայց դրանք ուղղակիորեն ազդեցություն են ունենում ։ Դրանք պարզապես կոչեր և բանաձևեր չեն։ Հայաստանի մասնակցությունն այդ միջազգային դատարաններին շատ կարևոր է։
Կասյա Աբգարյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին և ասաց, որ շատ լավ է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ սահմանազատումը առանց կրակոցների, պայթյունների ու զոհերի լինի, հիմա մենք պատերազմի պատրաստ չենք, ունենք տասը հազարից ավել հաշմանդամ, մոտ հինգ հազար զոհ, գերիներ Ադրբեջանում։ Սփյուռքում ապրող շատերի համար գուցե հեշտ է այնտեղ հանգիստ ապրել և պայքարի կոչ անել, բայց մենք չենք կարող նման կերպ վարվել։ Մյուս կողմից էլ հարկավոր է հասկանալ, որ մեզ հետ բանակցողը ոչ թե քաղաքակիրթ երկրի առաջնորդ է, այլ ցեղասպան ռեժիմի դիկտատոր։ Ալիևի ոչ մի խոսքին հավատալ չի կարելի։ Նա մի կողմից խախտում է բոլոր մարդկային իրավուքները, պատերազմն ուղեկցում է ամենասարսափելի հանցագործություններով, բռնի տեղահանում է մի ողջ ժողովրդի, հետո խոսում խաղաղությունից, այնուհետև, հենց ապրիլի 24-ին ելույթ ունենում, որում նշում է, որ չի ցանկանում խառնվել Հայաստանի ներքին գործերին, բայց ասում, որ Հայաստանը պիտի սահմանադրություն փոխի։ Ընդ որում նա խոսում է մի քարտեզի մոտ կանգնած, որում նկարված Ադրբեջանի «սահմանների» մեջ նաև Հայաստանն է մտնում։ Ինչպե՞ս կարելի է հավատալ նրա խոսքին։ Բացի դրանից, ներկայումս՝ Տավուշում ընթացող սահմանազատման աշխատանքների մասով մի շարք խնդիրներ կան։ Նույնիսկ եթե ամեն ինչ ընթանա հաշտ ու խաղաղ, որը խիստ կասկածելի է, քանի որ Ալիևը ամեն պահ կարող է նորից ռազմական գործողություններ սկսել ու իր ոճրագործ ձեռագիրը ի ցույց դնել, ապա ինչպե՞ս է դասավորվելու սահմանազատված տարածքներում մարդկանց կյանքը։ Ի վերջո սահմանազատման հետևանքով միայն տունը պահելը բավարար չէ։ Օրինակ Կիրանցում դպրոցն ընդամենը 8 մետր է հեռու լինելու սահմանից։ Ո՞վ իր երեխային կուղարկի այդ դպրոց։ Կամ ի վերջո հարցեր կան տարածքների, վարելահողերի, խոտհարքների, այգիների, ջրերի հետ կապված։ Սահմանազատման հետևանքով տունը ֆիզիկապես թողնել գյուղացուն, բայց անհնարին դարձնել նրա կյանքը՝ նշանակում է նոր ցեղասպանություն կատարել, քանի որ այդ ամենի հետևանքով մարդը ստիպված է լինելու հեռանալ իր հողից, այնպես ինչպես հարյուր հազարավոր հայեր են Թուրքիայից հեռացել համիդյան ջարդերից սկսած։ Ընդ որում, ինչպես նշեց Կասյա Աբգարյանը, երբ հողը տալիս ես, այլևս չես կարող դատարանում հետ պահանջել այդ հողը։
Կասյա Աբգարյանը նաև անդրադարձավ իրենց կենտրոնի աշխատանքներին, պատմեց, թե ինչ ահռելի քանակի փաստահավաք աշխատանքներ են կատարել և զեկույցներ ուղարկել միջազգային քրեական դատարանին։ Նա խոսեց Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժման մասին, ցուցադրեց քարտեզ, որտեղ նշված են, թե ադրբեջանցիները որտեղ ինչքան են խորացել և տարակուսանք հայտնեց, թե ինչու ՀՀ իշխանությունների կողմից չի բարձրացվում Հայաստանի օկուպացված տարածքների հարցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *