Հայաստան

Պուտինի Հանձնարարությունները Ալիևին

Որքան էլ քարոզչական «նոտաները բարձր լինեն»՝ Պուտինն, անկասկած, ուկրաինական ճգնաժամից արժանապատվորեն դուրս գալու խնդիր, ամենայն հավանականությամբ, ունի, քանի որ այլընտրանքը համաեվրոպական լայնածավալ պատերազմն է: Իսկ եթե Պուտինը որոշակի իմաստով Ալիեւին ռուս-ուկրաինական հարաբերությունների «միջնորդ է կարգե՞լ»։

Վահրամ Աթանեսյան

Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»

Երեկ ենթադրաբար ասել էինք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադային փոխխոսնակ Կոնդրատյուկը հազիվ թե Բաքու այցելած լիներ ականազերծման հարցերով կամ միայն ականազերծման հարցերով՝ ինչպես նա հայտնել էր ֆեյսբուքյան գրառումով: Պարզվում է, Կոնդրատյուկը Բաքվում բանակցություններ է  վարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան՝ հղում անելով Գերագույն Ռադայի մամուլի ծառայությանը:

Ըստ այդմ, Բայրամովն ընդունել է հունիսին Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցով միջազգային խորհրդաժողովին մասնակցության հրավերը եւ  հավաստիացրել է, որ ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների «ռազմավարական համագործակցության բնույթը չի փոխվել»: Գերագույն Ռադայի փոխխոսնակը, սակայն, Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու նաեւ Շվեյցարիայում գումարվելիք «Խաղաղության գագաթնաժողովին»:

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը կներգրավվի Ուկրաինայի նախագահի առաջարկած սկզբունքների մշակմանը՝ գոնե «էներգետիկ անվտանգության եւ ականազերծման հարցերում»: Կոնդրատյուկը կարծում է, որ «բարեկամ Ադրբեջանը կմիանա բռնատեղահանված ուկրաինացի երեխաների հայրենադարձության միջազգային կոալիցիային»: Ըստ աղբյուրի, Ջեյհուն Բայրամովը Գերագույն Ռադային փոխխոսնակին հավաստիացրել է, որ ադրբեջանական ժողովուրդն ավելի քան մեկ ուրիշն «ապրումակցում է ուկրաինական ժողովրդին»:

Ամեն ինչ, ինչպես ասում են՝ ըստ արարողակարգի է, բայց հարց է, թե ինչու՞ Բայրամով-Կոնտրատյուկ բանակցությունների մասին Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել անգամ մամուլի խոսնակի սոցցանցային գրառման տեսքով: Ի՞նչ ենթատեքստ ունի Բաքվի այս վերապահ կեցվածքը: Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիեւը սահմանել է Ուկրաինայի հետ հարաբերություններում այս փուլի «վերին շեմը»՝ միայն մարդասիրական օգնություն:

Կիեւն առաջարկում է, որ Ադրբեջանը մասնակցի հետկոնֆլիկտային Ուկրաինայի վերականգման հարցերով միջազգային խորհրդաժողովին, Ադրբեջանի արտգործնախարարն, ըստ Գերագույն Ռադայի մամուլի ծառայության, տալիս է սկզբունքային համաձայնություն: Կիեւը վերստին «ցանկանում է» Ադրբեջանին տեսնել Շվեյցարիայում գումարվելիք «Խաղաղության գագաթնաժողովի» մասնակիցների շարքում: Ընդ որում, առաջարկում է, որ Բաքուն ներգրավվի կարգավորման որոշ սկզբունքների մշակմանը:

Ուշագրավ է, որ նման դելիկատ առաջարկությունները ներկայացնելու համար Կիեւից Բաքու է գործուղվել ոչ թե գործադիր իշխանության ներկայացուցիչ, այլ՝ խորհրդարանի փոխխոսնակը: Կհետեւե՞ն Կիեւ-Բաքու ավելի բարձր, ասենք՝ արտաքին գործերի նախարարների, մակարդակով քննարկումներ: Ադրբեջանցի որոշ փորձագետներ գտնում են, որ Արեւմուտքը խնդիր է դրել «Ալիեւին պոկել Պուտինից»: Իսկ եթե ամեն ինչ Ալիեւի խա՞ղն է, եւ նա ինքն է ցանկանում «պոկվել» Պուտինից:

Քաղաքական մեկնաբան Միրկադիրովը ֆեյսբուքյան հակիրճ գրառում է արել. «1920թ. ապրիլի 28-ին բոլշեւիկյան Ռուսաստանն օկուպացրել է Ադրբեջանը: Տա աստված՝ երկրորդը չլինի»: Ադրբեջանի հանրային կարծիքը միշտ հակառուսական է եղել, այդպիսին էլ մնում է: Մոսկվա-Բաքու համագործակցությունը ոչ միայն քաղաքակրթական, այլեւ աշխարհաքաղաքական շահերի քիչ ընդհանրություն ունի: Դեռեւս մեկ տասնամյակ առաջ քաղաքագետ Ալիզադեն սահմանել է, որ Պուտինին եւ Ալիեւին միայն մի բան է միավորում՝ «երկուսն էլ դուրս են եկել ԽՄԿԿ-ի եւ ԿԳԲ-ի նույն շինելից»: Այդ համերաշխությունն իր սեւ գործն արդեն արել է՝ չկա հայկական Լեռնային Ղարաբաղ: Ալիեւն, ըստ երեւույթին, հասկանում է, որ Հայաստանի ռուս-ադրբեջանական «կլանումը» նվազ հավանական է:

Ալիեւը հայտարարել է, որ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ հարգումը չի խանգարում ռուս-ադրբեջանական համագործակցության խորացմանը: Մոսկվան որեւէ կերպ դա չի մեկնաբանել: Որքան էլ քարոզչական «նոտաները բարձր լինեն»՝ Պուտինն, անկասկած, ուկրաինական ճգնաժամից արժանապատվորեն դուրս գալու խնդիր, ամենայն հավանականությամբ, ունի, քանի որ այլընտրանքը համաեվրոպական լայնածավալ պատերազմն է: Իսկ եթե Պուտինը որոշակի իմաստով Ալիեւին ռուս-ուկրաինական հարաբերությունների «միջնորդ է կարգե՞լ»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *