Հայաստան

Ջուր Պղտորողները Շատ Են

Ադրբեջանն է ի սկզբանե պահանջել, որ միջնորդներ չլինեն, և փաստացի միջնորդ չկա, նաև՝ ՌԴ-ի տեսքով, որն այսօր Ադրբեջանի դաշնակիցն է, այսպիսով Ալիևը արդարանում է Պուտինի առջև»:

Դավիթ Ստեփանյան

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Ադրբեջանի նախագահի՝ Ալիևի այն հայտարարությունները, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները երկկողմ բանակցությունների արդյունք են, ըստ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի, իրականությանը համապատասխանում են այնքանով, որ փաստաթղթավորված միջնորդ իրոք գոյություն չունի, և չեն համապատասխանում այնքանով, որ միջնորդ չկա, սակայն կա մոդերատոր:

«Վերջին երկու տարիներին կա մոդերատոր, և այդ մոդերատորը ԱՄՆ-ն է: Պետքարտուղարության ներկայացուցիչներ Միլլերի, Պատելի վերջին երկու հայտարարությունները, Բլինքենի զանգերն ու այդ զանգերի պարունակությունը ևս խոսում են այն մասին, որ կա մոդերատոր, և դա ԱՄՆ-ն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իսկ, թե ինչո՞ւ է Ալիևը պարբերաբար շրջանառում այդ թեզը, քաղաքագետն ասում է՝ շատ հստակ է՝ ցույց տա, որ ադրբեջանական դիրքորոշումը հաշվի է առնվում. «Ադրբեջանն է ի սկզբանե պահանջել, որ միջնորդներ չլինեն, և փաստացի միջնորդ չկա, նաև՝ ՌԴ-ի տեսքով, որն այսօր Ադրբեջանի դաշնակիցն է, այսպիսով Ալիևը արդարանում է Պուտինի առջև»:

Խոսելով Տավուշի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ընդդիմության գործողությունների և մեկնաբանությունների մասին՝ զրուցակիցը նկատում է՝ եթե Տավուշում Վազգեն Մանուկյանն ու իր նմանները հայտարարում են, որ պետք է դուրս գալ, մոբիլիզացվել ու պայքարել իշխանության դեմ, նրանք ոչ թե օգնում են այդ պայքարին, այլ խանգարում:

«Նրանց անունները վաղուց բոլորին հայտնի են, մարդիկ հասկանում են՝ իրենք ովքեր են և ինչ շահեր են սպասարկում: Եթե Թագուհի Թովմասյանը, Բագրատ սրբազանը և մնացած սրբազաններն այնտեղ չլինեին, միգուցե քաղաքացիական հասարակությունը գնար ու կանգներ տավուշցիների կողքին, համենայն դեպս այդ հավանականությունը անգամներով կաճեր: Թագուհիթովմասյաններն ու մնացած սրբազանները, որոնք այնտեղ են գտնվում, և որոնց անկեղծությունը շատ հարցեր է առաջացնում մարդկանց մոտ՝ հաշվի առնելով նրանց քաղաքական անցյալը, եկեղեցու դերակատարումը Հայաստանի հանրային կյանքում: Այդ դերակատարումը, ցավոք, բավականին ամոթալի է»,- կարծիք է հայտնում քաղաքագետը:

Ըստ Ստեփանյանի՝ լավ կլիներ, եթե սրբազան հայրերը ավելի եռանդուն գործունեությամբ զբաղվեին, օրինակ, ԼՂ հայաթափման ժամանակ, այն ժամանակ, երբ Լաչինի միջանցքը փակվել էր. «Նույն Արցախի թեմի առաջնորդը, որն այսօր Տավուշում ճանապարհներ է փակում, այն ժամանակ մատը մատին չտվեց, երբ որ Արցախի ճանապարհը փակ էր, և արցախցիներին խեղդում էին: Ես որևէ կասկած չունեմ տավուշցիների մղումների մեջ, որոնք պայքարում են սեփական հայրենիքում և տներում ապրելու համար: Իսկ այն մարդիկ, որոնք այնտեղ գործուղվել են Երևանից, ինձ համար ընդունելի չեն, և ես լուրջ կասկածներ ունեմ ներանց մոտիվացիայի մեջ»:

Խոսելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացից՝ քաղաքագետն ասում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կլինի վաղը:

«Այս փուլում ինձ համար այս գործընթացն ընդունելի է, բայց եթե վաղը այն շարունակվի միայն ու միայն հայկական կողմի զիջումներով, ուրեմն սա լրիվ այլ գործընթաց է, սահմանազատում չէ: Այնպես որ սպասենք ու տեսնենք՝ ինչ կլինի վաղը: Օրինակ, եթե նույն Բերքաբերում մենք ստանանք մեր տարածքները, որոնք հայկական տարածքներ են, ես որևէ խնդիր չեմ տեսնի»,- եզրափակում է Ստեփանյանը:

Հերմինե Կարապետյան

Հոդվածը՝ armtimes.am կայքից։

https://armtimes.com/hy/article/286229?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR01n-4Ux70zLbsnqbNtUrwOTOykTEflt9YhgVQ0Mn1l3QDFSlnjWLtibCg_aem_ARogUy9e1fOMTzBo3Z6ywViEVW1DaJ5BYM4eotH4seMMUORi46BUxmwX_NEpt9qPVrVV2P96c9psJ0qQwmd7kPfm
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *