Հայաստան

Դեպի Քրիստափոր


Վերցրե՛ք գրիչը, ընկերնե՛ր, և ազատություն տվե՛ք ձեր մտքերին՝ արտահայտվելով մարտնչող և պրոֆեսիոնալ մամուլում, որպեսզի պատվով կրեք արդարության, պատվի և ազատության սուրը և այդպիսով վերագտնեք Քրիստափորի պատգամներին հավատարիմ, համոզված, բայց  անորոշություններով լի ազնվական ոգին։ 

Կայծ Մինասյան

Կասկածանքների ժամանակ միշտ պետք է վերադառնալ հիմնարար ակունքներին: Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) դեպքում այդ վերադարձը նշանակում է կրկին շրջվել դեպի Քրիստափորը՝ որպես ողջախոհության, միաբանության և խոհեմության անսպառ աղբյուր: Իրոք, ողջ պատմության ընթացքում ՀՅԴ-ը երբեք այնպիսի մղձավանջային շրջան չի ապրել, ինչպիսին 1991 թվականից մինչ օրս ձգվող ժամանակաշրջանն է: Իրավացիորեն ընդունված է կարծել, որ երկու սերնդի կործանման պատճառ դարձած այդ ճգնաժամը, որը ցնցեց ՀՅԴ-ը 1990 թվականին նրա անհաջող վերադարձից հետո, մի կողմից՝ 1991-ին ԽՍՀՄ փլուզման ժամանակ ինքնիշխան պետության վերածննդի, և մյուս կողմից՝ ծանր վիճակում հայտնված ղեկավարության չափազանց երերուն, անհամաչափ և անմիաբան քաղաքականության արդյունք էր, որն ուղեկցվում էր ծրագրի, առաջնորդության, ռազմավարության և միջոցների իսպառ բացակայությամբ:
Իրականում, ՀՅԴ-ը կազմավորվել և ընդլայնվել է մինչև 1918 թ․ հայկական պետության ստեղծումը: Այնուհետև այն տարածվել է աշխարհով մեկ մինչև 1991թ. Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, որն այնպիսի իրատեսական ապտակ հասցրեց բոլոր հայկական կազմակերպություններին, որ դրանց դերակատարները կա՛մ ստիպված եղան հարմարվել իրավիճակին, կա՛մ անհետացան պատմության թատերաբեմից։
Ի հավելումն նշյալ արտաքին պատճառների, որոնք իրենց ազդեցությունն են թողել ՀՅԴ-ի վրա համակարգային և ռազմավարական, քաղաքական և տնտեսական, հասարակական և մշակութային ոլորտներում, նպաստելով Դաշնակցության քայքայմանը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ուրիշ՝ ներքին պատճառներ էլ գոյություն ունեն․ նախ և առաջ ղեկավարների քարացածությունը, որոնք ուղղակիորեն շեղվել են Քրիստափորի հավասարակշռված քաղաքականությունից, որովհետև քրիստափորության միայն մի հայեցակարգն էր պատկերացվում, որը հակադրվում էր ցանկացած տրամաբանության՝ որպես սրբազան սկզբունք: Ի՞նչ հայեցակարգի մասին է խոսքը: Եվ ինչպե՞ս պետք է ՀՅԴ-ը վերականգնի իր ներքին հավասարակշռությունը՝ առանց ինքն իրեն ուրանալու կամ կուսակցականներին մերժելու։

1889-1990 թվականներին, երբ Քրիստափորը հղացավ ՀՅԴ ստեղծման գաղափարը, մտածեց և ստեղծեց այն, նա հիմնվում էր հակակշիռ տարրերի մի ամբողջության վրա, որի մեջտեղում նա ինքը դարձավ հինգերորդ տարրը՝ միջանկյալ կետը տարածքի (թագադրումը) (Դուման), անհատի (ժողովրդավարության) (Վարանդյան), ազգի (հաստատության) (Զավարյան) և Ժողովուրդի (ճարտարագործության) (Ռոստոմ) միջև, այսինքն՝ այն ամբողջ նյութը, որից կերտված է դաշնակցական աշխարհը։ Ավաղ, առավելապաշտ առաջնորդների ձեռքում, որոնք կտեղավորվեն ավելի շուտ Դումանյան տարածքում, եթե նրանց կապելու լինենք վերոնշյալ տարրերից որևէ մեկին, ընդ որում դա կլինի մոտավոր կերպով, ինքնաբերաբար, մեկ-մեկ էլ որոշ բաներ մոռանալով, որի համար Ձեր ներողամտությունն ենք հայցում, ՀՅԴ պատմության իրազեկ դիտորդն այդ խեղաթյուրված երևույթի մեջ դաշնակցական կուռ կառուցվածք չի նկատում, այլ տեսնում է ավելի շուտ քաղաքական մի անհայտ կառույց կամ նրա ծաղրանկարը, մինչև իսկ՝ մի հրեշ:
Եվ հենց ձախողման շղթան կոտրելու, գաղափարական աղքատությունից դուրս գալու և անօրինականությանը վերջ դնելու համար, իմաստուն կլիներ, որ կուսակցության անդամները, ովքեր խիստ և հիմնավոր կասկածներ ունեն, վերադառնան Քրիստափորի ակունքներին, ով, թույլ տվեք հիշեցնել, Կանտի, Հեգելի, Բերգսոնի և մեծն Լուսավորիչների հետևորդն է:
Մեր ընկերների աչքերում վաղուց կորսված լույսը նորից վառելու համար, եկեք վերադառնանք ներքին երկընտրանքներին, որոնք վնաս են հասցրել ՀՅԴ-ին իր սկզբնավորման պահից. Քրիստափորը հակակշիռ տարրերի հանրագումար է միաժամանակ ինքնավար ինքնիշխանության և սահմանափակ ինքնիշխանության, ազգային ռազմավարության և ռուսամոլ ռազմավարության, պետականամետության և դաշնապետության, պետության և վարչակարգի, տարածքային հայդատականության և հասարակական հայդատականության, թայֆայականության և միասնականության, պահպանողականության և անընդհատ զարգացման ուսմունքի, ապակենտրոնացման և գաղափարական կենտրոնամետության, ժողովրդավարական համայնավարության և առասպելական համայնավարության, ազգային գերագույն նպատակի և օրգանական ազգայնականության, իրականության և դիցաբանության, բանապաշտության և մեսիականության, հասարակագիտության և գաղափարախոսության, պատմության և հիշողության, բացառման մշակույթի և լայնախոհության, նպատակների և միջոցների, ժամանակի և տարածության, կազմակերպության գաղափարի և կուսակցության գաղափարի, միակարծության և բազմակարծության, մոտակա ծրագրի և հեռակա ծրագրի, և վերջապես Հայ Յեղափոխականների Դաշնության (ՀՅ-ների-Դ) և Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) միջև։
Չափազանց երկար ժամանակ ՀՅԴ-ն երկփեղկված է եղել որոշակի կատեգորիաների միջև՝ հրաժարվելով մնացած բոլորից, որոնք նույնքան ընդունելի են դաշնակցական տեսանկյունից: Օրինակ, ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր ՀՅԴ բոլոր ղեկավարները նախընտրել են սահմանափակ ինքնիշխանությունը, ռուսամոլ ռազմավարությունը, տարածքային հայդատականությունը, թայֆայականությունը, պահպանողականությունը, մեսիականությունը, առասպելական համայնավարությունը, ինքնանպատակը, դիցաբանությունը, հիշողությունը, օրգանական ազգայնականությունը, կուսակցականությունը, հեռակա ծրագիրը, միակարծությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Նրանք մերժեցին կամ ուղղակիորեն պայքար մղեցին դաշնակցական աշխարհի մյուս տարրերի, մասնավորապես՝ ինքնավար ինքնիշխանության, ազգային ռազմավարության, պետականամետության, հասարակական հայդատականության, լայնախոհության, անընդհատ զարգացման ուսմունքի, ապակենտրոնացման, ժողովրդավարական համայնավարության, ազգային գերագույն նպատակի, միջոցների, պատմության, միասնականության, կազմակերպության գաղափարի և մոտակա ծրագրի դեմ։
Այնուամենայնիվ, անկեղծորեն պետք է արձանագրենք, որ եկել է Հայ Յեղափոխականների Դաշնությունը (ՀՅ-ների-Դ) վերականգնելու ժամանակը։ Այդ դաշնակցական մոդելը սկիզբ է առնում Քրիստափորի ակունքներից, հիմնվելով այն ուժի վրա, որը կարելի է քաղել միջազգային համակարգից, իրականությունից, օտար մշակութային արժեքների ընդունումից, անհատների կյանքի բարելավումից, ապակենտրոնացումից և այլն… Մի խոսքով, վերադառնալով Քրիստափորի ակունքներին, առանց ինքներս մեզ ուրանալու, առանց կուսակցության անդամներին մերժելու, և առանց հոգեվար ղեկավարության անսկիզբ, անվերջ ու աննպատակ ֆաթվայի (իսլամական տեսակետը ներկայացնող եզրահանգում) առարկա դառնալու։ Մարդկությունն՝ ընդհանրապես, հայերը՝ մասնավորապես, տվյալ՝ ավելի քան հարյուրամյա կազմակերպության անդամներն՝ առավել ևս, ավելի լավին են արժանի, քան առկա անտաշ, անպտուղ և վտանգավոր կառույցն է, որն այլևս չի կարող գոյություն ունենալ ներկայիս կենսակերպով/սկզբունքով/պահվածքով։ Ժամանակն է, որ կուսակցության անդամները, ովքեր դեռ հավատում են քրիստափորյան գերագույն նպատակին, համարձակություն ունենան տապալելու կուսակցությունը՝ Դաշնակցության ակունքներին վերադառնալու համար ․․․
Վերցրե՛ք գրիչը, ընկերնե՛ր, և ազատություն տվե՛ք ձեր մտքերին՝ արտահայտվելով մարտնչող և պրոֆեսիոնալ մամուլում, որպեսզի պատվով կրեք արդարության, պատվի և ազատության սուրը և այդպիսով վերագտնեք Քրիստափորի պատգամներին հավատարիմ, համոզված, բայց անորոշություններով լի ազնվական ոգին, որովհետև ինքը, որպես Կանտի հավատարիմ հետևորդ, ով 1885 թվականից ի վեր կասկածի տակ է դրել գոյություն ունեցող հայոց հասարակական կարգը, լավ գիտեր, որ երբեմն ավելի շատ դաշնակցական հավատ կա անկեղծ կասկածի մեջ, քան կուսակցական կույր դավանանքում։ «Հարատև կռիվ». սա է իր «ապրանքանիշի» էությունը։ Այժմ մնում է, ինչպես 1889-1890 թվականներին, գտնել երկու հյուրանոց՝ Hôtel du Nord-ը (Հյուսիսային հյուրանոց) և Hôtel du Sud-ը (Հարավային հյուրանոց), հայկական նոր դաշինք կնքելու և նոր քրիստափորյան վերազգային միասնություն ստեղծելու համար…
Կայծ Մինասյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *