Հայաստան

Բաքվում ԱՄՆ Դեսպանը Կայցելի՞ Շուշի

ԴԵսպան Լիբին ասել է, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները «նոր որակ կստանան, եթե կարգավորվի մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված իրավիճակը»:

Վահրամ Աթանեսյան

Մայիսի 3-ին Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Լիբին մամուլի ասուլիս է կազմակերպել «մի քանի լրատվամիջոցների համար»: Նա Բաքու է ժամանել անցյալ դեկտեմբերի 6-ին՝ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի հետ: Մոտ երկու ամիս Իլհամ Ալիեւը ձգձգում էր ԱՄՆ դեսպանի հավատարմագրի ընդունման պաշտոնական արարողությունը: Երեւում է, այսօր էլ դեսպան Լիբին Բաքվում առանձնակի բարեհաճության չի արժանանում: Եւ նրա մամուլի ասուլիսից տեղեկատվությունը թողնում է տպավորություն, որ ԱՄՆ դեսպանը Վաշինգտոնից իր մասին հիշեցնելու հանձնարարություն է ստացել:

Մարդու իրավունքների եւ խոսքի ու ազատության, հավաքների բռնաշնշման մասին դեսպան Լիբիի դիտարկումները մի կողմ թողած, նա Ալիեւի վարչակազմին երկու կարեւոր ուղերձ է հղել. Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության դրված «պատժամիջոցային օրինագիծը չի արտահայտում Սպիտակ տան դիրքորոշումը, իսկ իր Շուշի չայցելելը քաղաքական կեցվածք չէ, զուտ անձնական է, կայցելի, երբ պատրաստ կլինի, առայժմ պատրաստ չէ»: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում պաշտոնապես մուտքագրված օրինագիծը, ինչպես աղբյուրներն են հայտնել Վաշինգտոնում «Թուրան» գործակալության թղթակցին, ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան զինվորականների եւ Պետական անվտանգության ծառայության տնօրենին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում «պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ»:

ԴԵսպանն ասում է, որ այն չի արտահայտում Սպիտակ տան դիրքորոշումը: Այսինքն, Վաշինգտոնն ընդունու՞մ է, որ սեպտեմբերի 19-ին մեկօրյա պատերազմն օրինակա՞ն էր, Ալիեւն իրավունք ուներ ուժի բիրտ կիրառմամբ լուծարել Լեռնային Ղարաբաղի պետականությունը, հայ բնակչությանը բռնատեղահանե՞լ: Մամուլում եւ մի շարք փորձագիտական վերլուծություններում կայուն տեսակետ կա, որ ԼՂ-ում մեկօրյա պատերազմին նախորդել է Ստամբուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում, եւ ամեն ինչ համաձայնեցվել:

Եթե Կոնգրեսի «պատժամիջոցային օրինագիծը» չի արտահայտում Սպիտակ տան դիրքորոշումը, ապա ի՞նչ փաստական հիմքի վրա են ամերիկյան մոտ երեք տասնյակ օրենսդիրներն, ասենք, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենին մեղադրում պատերազմական հանցանք գործելու մեջ: Պետք է ենթադրել, որ նման տեղեկություններ տրամադրել են ԱՄՆ իրազեկ մարմինները: Ուստի, կարծես, իրականությանը մոտ է ադրբեջանցի փորձագետների կարծիքը, որ թե մարդու իրավունքների եւ ազատությունների բռնաճնշման, թե ԼՂ-ում պատերազմական հանցագործությունների մասին հիշեցումները մի նպատակ են հետապնդում՝ «Ալիեւին հեռացնել Պուտինից»:

Ուշագրավ է, որ դեսպան Լիբին մամուլի ասուլիս է կազմակերպել, երբ հայտնի է դարձել, որ Բաքու է այցելել Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխխոսնակ Կոնդրատյուկը եւ վերստին առաջարկել, որ Բաքուն ներգրավվի ուկրաինական կարգավորման սկզբունքների մշակմանը, ինչից մեկ օր անց Մոսկվայից ուղղակի Ալիեւի մոտ են գործուղվել Դաշնային ժողովի Վերին պալատի փոխնախագահը եւ պրոֆիլային կոմիտեի նախագահը:

ԴԵսպան Լիբին ասել է, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները «նոր որակ կստանան, եթե կարգավորվի մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված իրավիճակը»: Ըստ ադրբեջանական որոշ աղբյուրների՝ Իլհամ Ալիեւի աշխատակազմում համաներման ակտի նախագիծ է քննարկվում, բայց այն կվերաբերվի «միայն դատարանի վճռով պատիժ կրող անձանց»: ԱՄՆ դեսպանը բարձրացրել է անցյալ նոյեմբերից կալանավորված շուրջ երկու տասնյակ լրագրողների եւ հանրային գործիչների խնդիրը:

Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրներին հայտնի է դարձել, որ կալանավորված լրագրողները եւ հանրային գործիչները «մշակման են ենթարկվում»: Հատուկ ծառայությունները նրանց մղում են ԼՂ-ում ադրբեջանական ժողովրդի «պատմական հաղթանակը պղծելու փորձերի» դեմ միասնական հայտարարության: Ըստ էության նրանցից պահանջվում է ասել, որ ադրբեջանցի «զինվորականները կատարել են իրենց սուրբ պարտքը եւ չեն կարող դիտվել որպես պատերազմական հանցագործներ,» Նման հայտարարություն, ըստ երեւույթին, ադրբեջանցի քաղբանտարկյալները կանեն, եթե արեւմտյան կառույցները նույնպես հորդորեն:

ԱՄՆ դեսպանը նման «առաջարկություն անու՞մ է»: Եթե քաղբանտարյլաներն ազատ արձակվեն, նա կուղեւորվի Շուշի՞:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3417185.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *