Հայաստան

Ինչո՞ւ ԱՄՆ Դեսպանը Գնաց Շուշի

ԱՄՆ դեսպանի Շուշի այցը կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի Ալիեւն էլ փոխադարձաբար ճանաչի հայ-ադրբեջանական բանակցություններում Վաշինգտոնի «միջնորդությունը»: Սկզբունքորեն ո՞րն է Վաշինգտոնի խնդիրը, Ալիեւին հեռացնե՞լ Պուտինից, թե՞ Պուտին-Ալիեւ հարաբերությունները ծառայեցնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական համաձայնությանը:

Վահրամ Աթանեսյան

ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «այսօր դեսպան Լիբին տիկնոջ՝ Դանուսեի հետ այցելել է Ֆիզուլի եւ Շուշի քաղաքներ: Այցի ընթացքում դեսպանը ծրագրում է հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ, տիկնոջ հետ այցելել Շուշիի ամրոց, Խուրշուդբանու Նաթավանի տուն, Խանի աղջկա աղբյուր, Վագիֆի դամբարան, Ջդրդուզ, հանդիպել ալնգլերեն լեզվի ուսուցման ծրագրին ներգրավված տեղական մանկավարժներին»: Սա Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի առաջին այցն է օկուպացված Շուշի:

Անցյալ շաբաթ դեսպան Լիբին մամուլի ասուլիս էր կազմակերպել, որի ընթացքում «ինչու՞ Շուշի չի այցելում» հարցին պատասխանել էր, որ քաղաքական պատճառ չկա, խնդիրն անձնական է, կայցելի, երբ պատրաստ կլինի, առայժմ պատրաստ չէ: Մի քանի օրվա ընթացքում ի՞նչ է փոխվել, որ դեսպանը Վաշինգտոնից Շուշի այցելելու եւ բացառապես ադրբեջանական կողմի ծրագրով շրջագայելու հրահանգ է ստացել: ԱՄՆ-ն, իհարկե, երբեք պաշտոնապես չի ասել, թե չի ճանաչում քառասունչորսօրյա պատերազմից եւ Արցախում էթնիկ զտումներից հետո տարածաշրջանի «նոր իրողությունները»: Բայց Ալիեւի համար Միացյալ Նահանգների դեսպանի Շուշի այցը գրեթե սակրալ նշանակություն ուներ:

Այսօր դեսպան Լիբին Շուշիում է: Պետք է ենթադրել, որ դրան նախորդել է դիվանագիտական անդրկուլիսային մեծ աշխատանք: Ադրբեջանական փորձագիտական որոշ շրջանակներ տպավորություն էին փոխանցել, որ Արեւմուտքը խնդիր է դրել «Ալիեւին պոկել Պուտինից»: Ավելի վաղ, անցյալ դեկտեմբերի 6-ին Ալիեւը հայտարարել էր, որ «Ռուսաստանը հասկանում է, թե ինչ է կատարվում եւ իրողություններն ընդունում է»: Ստացվում է, որ «իրողություններն ընդունում է նաեւ ԱՄՆ-ը»: Անցյալ շաբաթ քաղաքագետ Գասիմլին ասել էր, որ կալանավորված ադրբեջանցի լրագրողները եւ հանրային-քաղաքական գործիչները Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ «առեւտրի առարկա կդառնան»:

Կալանավորվածների մեծ մասը մեղադրվում է «արտարժույթի մաքսանենգության» մեջ: Դեսպան Լիբին չի հերքել, որ Բաքվում որոշ ոչ կառավարական կազմակերպություններ գործում են ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ, բայց ավելացրել է, որ ամերիկյան կողմը «թափանցիկ է գործում»: Ադրբեջանի օրենսդրությամբ թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք օտարերկրյա ֆինասնավորմամբ չեն կարող աշխատել: Ըստ երեւույթին, ֆինանսական գործարքների հետ կապված խնդիրներ կան, որոնց հրապարակայնացումը Վաշինգտոնի համար «ցավոտ կլինի»:

Բայց դա դեսպան Լիբիի Շուշի այցի պատճառներից մեկը կարող է լինել: Ընդ որում ոչ այնքան էական: Ադրբեջանն արտաքին գործերի նախարարի անունից ընդունել է հետկոնֆլիկտային Ուկրաինայի վերականգնման հարցերով միջազգային խորհրդաժողովին մասնակցության հրավերը: Դա, իհարկե, ներգրվում է Ուկրաինային միայն մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին Իլհամ Ալիեւի հետմոսկովյան հայտարարությանը: Իսկ եթե Միացյալ Նահանգները հորդորում է, որ Բաքուն նաեւ ուկրաինական կարգավորման խորհրդաժողովին մասնակցի՞:

Ըստ երեւույթին, ԱՄՆ դեսպանի Շուշի այցի օրն էլ պատահական չի ընտրվել: Մայիսի 8- ին լրաբում է Շուշիի ազատագրման 32 տարին, իսկ դրանից մեկ օր անց Ալմաթիում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն այդ առթիվ ասել է, որ պետքարտուղար Բլինքենը «ներգրավված է հայ-ադրբեջանական ճգնաժամի կարգավորմանը»: ԱՄՆ դեսպանի Շուշի այցը կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի Ալիեւն էլ փոխադարձաբար ճանաչի հայ-ադրբեջանական բանակցություններում Վաշինգտոնի «միջնորդությունը»: Սկզբունքորեն ո՞րն է Վաշինգտոնի խնդիրը, Ալիեւին հեռացնե՞լ Պուտինից, թե՞ Պուտին-Ալիեւ հարաբերությունները ծառայեցնել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական համաձայնությանը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3418057.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *