Ռամզան Կադիրովը որոշակի հեղինակություն ունի նաեւ իսլամական աշխարհում, հայտնի են, մասնավորապես, նրա կապերը Պարսից ծոցի արաբական միապետությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:
Վահրամ Աթանեսյան
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը լիազորությունների հինգերորդ ժամկետով ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը: Նույն օրը նա ընդունել է կառավարության հրաժարականը: ՌԴ սահմանադրությամբ կառավարության ղեկավար-վարչապետի թեկնածությունը հաստատում է Դաշնային ժողովի ստորին պալատը՝ պետական դուման: Մեծ է հավանականությունը, որ Միխայիլ Միշուստինը պաշտոնում կվերանշանակվի: Խնդիրներ չեն ծագի նաեւ կառավարության գործունեության ծրագրի հաստատման եւ նախարարների նշանակման հարցում: Պուտինի հանրային եւ ներքաղաքական վարկանիշը բարձր է, նրան սատարում է նաեւ, ինչպես Ռուսաստանում են ասում՝ «համակարգային ընդդիմությունը»:
Բայց «մարդը ծրագրում է, իսկ Աստված՝ տնօրինում»: Ռուսական վտարանդիության աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը «տառապում է անբուժելի հիվանդությամբ, նրա մոտ ենթաստամոքսային գեղձի նեկրոզ է, որ մի քանի ուղեկցող հիվանդությունների պատճառ է դարձել»: Կադիրովի «երկրային ժամանակը սպառվում է»: Եւ Կրեմլում դժվարանում են կողմնորոշվել, թե նրանից հետո ով է կառավարելու Չեչնիան: Մեկնաբաններից ոմանք այս իրավիճակը Վլադիմիր Պուտինի «ամենալուրջ մարտահրավերն» են գնահատում՝ նկատի ունենալով, որ Կադիրովը «փաստացի վերահսկում է ոչ միայն Չեչնիան, այլեւ գրեթե ամբողջ Հյուսիսային Կովկասը»:
Ըստ երեւույթին, Չեչնիայում իրավիճակն իրոք «զգայուն է»: Դրանով է բացատրվում ավելի վաղ Անվտանգության դաշնային ծառայության Դաղստանի եւ Ինգուշեթիայի վարչության պետ պաշտոնավարած Դմիտրի Կեչկինի նշանակումը Չեչնիայի նույն կառույցի ղեկավար: Տեղեկություն կա, որ հատուկ ծառայության չեչենական վարչությունում Մոսկվայից նոր նշանակումներ են արվել, ինչից հետեւում է, որ Կեչկինի վրա դրված է ներքին հակասությունները կառավարելու շատ բարդ իրականացնելի պարտականություն::
Կադիրովի հավանական փոխանորդ է դիտվում տեղական խորհրդարանի նախագահ Մոհամեդ Դաուդովը, բայց նա «հեղինակություն է որպես «փադիշահի» ամենամերձավոր անձնավորություն»: Քննարկվում է նաեւ Չեչնիայի ղեկավարի պաշտոնում պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովին նշանակելու տարբերակը: Ավելի հավանական է թվում, որ Մոսկվան Չեչնիայի ղեկավարի պաշտոնը կվստահի ուժային կառույցներում փորձառություն անցած մեկին: Այդ նախապատվության դեպքում Կադիրովի փոխանորդ կարող է ճանաչվել Ապտի Ալաուդինովը, որ Չեչնիայի ՆԳ փոխնախարարի պաշտոնից վերջերս նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմա-քաղաքական աշխատանքների գլխավոր վարչության պետ եւ արժանացել բանակային գեներալ-մայորի կոչման:
Ռամզան Կադիրովը որոշակի հեղինակություն ունի նաեւ իսլամական աշխարհում, հայտնի են, մասնավորապես, նրա կապերը Պարսից ծոցի արաբական միապետությունների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Որքանո՞վ են դրանք նպաստել Ռուսաստանի եւ իսլամական աշխարհի միջեւ հարաբերություններին՝ դժվար է ասել, բայց, կարծես, իրողություն է, որ Կադիրովի փոխանորդի հարցը Վլադիմիր Պուտինի համար դժվար լուծելի է լինելու թեկուզ այն առումով, որ նրանք կապված են նաեւ անձնական շատ սերտ հարաբերություններով:
Չեչենական երկրորդ պատերազմում Ռուսաստանի ամենամեծ հաջողությունը հաոտւկ ծառայությունների կողմից Ռամզան Կադիրովի հոր՝ հաջի Ահմեդ Կադիրովի հավաքագրումն էր: Չեչենական հանրությունն ընդունու՞մ է, որ դա հայր Կադիրովի կողմից «հերոսություն» էր, որ հաջողությամբ շարունակել է որդին: Չեչնիան փակ տարածք է, քաղաքական կյանք փաստացի գոյություն չունի, բայց ոչ ոք չի բեկանել արյան վրեժի եւ միջկլանային կատաղի մրցակցության չգրված, բայց լեռնականների կողմից անխախտ հարգվող օրենքները: Վլադիմիր Պուտինին կհաջողվի՞ ապահովել Չեչնիայի, մեծ հաշվով՝ Հյուսիսային Կովկասի կայունությունը: Երդմնակալության արարողությանն իր խոսքը նա ավարտել է «միասին մենք կհաղթենք» կարգախոսով: Հանդիսավոր արարողության պատվավոր հյուր է եղել նաեւ դաղստանցի մի աղջնակ: Չափազանց խորհրդանշական է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։