Հայաստան

Ալմաթին Կտապալվի՞

Հայաստանը թուրքական աշխարհին ինտերգրված է ՀԱՊԿ-վ եւ ԵԱՏՄ-ով, որտեղ, ինչպես քառասունչորսօրյա պատերազմից տարիներ առաջ անկեղծորեն բացահայատել է Իլհամ Ալիեւը, Ադրբեջանը միշտ ավելի շատ դաշնակիցներ է ունեցել, քան՝ Հայաստանը:

Վահրամ Աթանեսյան

Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջանի վարչապետ Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուրախ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ատաջընթացից եւ դրական արդյունքներ է ակնկալում Ալմաթիում մայիսի 10-ին նախատեսված՝ արտգործնախարարներ Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումից: Հայաստանի նախկին արտգործնախարար Այվազյանի գնահատմամբ՝ Ղազախստանում անցկացվելիք հանդիպումն ընկալվելու է որպես «թուրքական աշխարհին Հայաստանի ինտեգրացիա»: Ըստ երեւույթին, Կիրանցից սկսված երթը, որ նախնական նպատակը մայիսի 4-ին Բագրատ արքեպոսկոպոս Գալստանյանը ձեւակերպել էր սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջով Երեւանում հանրահավքը, փոխվել է:

Որպեսզի քաղաքական գործընթացի դինամիկան գոնե մի փոքր հասկանալի դառնա, հարկ է, երեւի, վերարտադրել իրադարձությունների ամփոփ ժամանակագրությունը, որ, կարծես, սկիզբ է առել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաեւի Երեւան այցով, որ տեղի ունեցավ ապրիլի 14-ին: Հինգ օր անց կայացավ սահմանային անվտանգության եւ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը: Հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնեցրել են Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատում իրականացնել Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրի իրավական հիմքով:

Երեք օր անց Իլհամ Ալիեւը հրավիրվեց Մոսկվա, որտեղ գրեթե ողջ աշխատանքային օրվա ընթացքում նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էր: Վերադառնալով Բաքու, Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ռուսաստանը Կովկասի եւ աշխարհագրական ավելի լայն ընդգրկման տարածքի անվտանգության ապահովման «հիմնարար երկիր է եւ երբեք Կովկասից չի հեռանալու»: Ապրիլի վերջին օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախաձեռնեց շարժում: Մայիսի 4-ին նա հայտարարեց, որ երթով շարժվում են Երեւան, որտեղ կլինեն մայիսի 9-ին եւ իշխանությունից «բացատրություն կպահանջեն»:

Այսօր հնչում են այլ կարգախոսեր: Շարժմանը հարող թեւերից հնչեցվում են վարչապետի թեկնածուի անուններ: Ամենաընդծված նորությունը, թերեւս, ծրագրվող հանրահավաքին բռնագաղթված արցախցիների մասնակցության քարոզչությունն է: Ընդսմին, դա արվում է իշխանափոխության մասնակից դառնալու եւ «Արցախ վերադարձի դուռը բացելու» ներշնչանքով: Ի՞նչ քաղտեխնոլոգիա է կիրառվել՝ հարցի ոչ էական կողմն է: Ինչպես իրավաբանության, այնպես էլ քաղաքականության խնդիրն է ցանկացած իրավիճակ գնահատել «ու՞մ է դա ձեռնտու» սկզբունքով: Ակնկալիքը,-եթե դա իրականում այն է, ինչ ներկայացվում է,-որ «իշխանափոխության հերթական փորձը կանեն, կձախողվեն եւ կցրվեն տներով»- արդարացված չէ:

Հայաստանի ինքնիշխանության, հայկական պետության գոյությանը սպառնալիքի համար հավասարապես պատասխանատու են լինելու թե իշխանության «մահվան զանգահարները» եւ թե ինքը՝ իշխանությունը: Քանի որ մայիսի 9-ը, եթե իրավիճակը չկառավարվի, կարող է արձանագրել ,,խաղաղության օրակարգի կլինիկական մահը»: Դա, գուցե, անհատական «փրկություն» է, բայց ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ տարածաշրջանը կմատնի դաժան եւ չափազանց ծանր փորձությունների: Հույսը, որ Բաքուն չի գայթակղվի, սին է: Ալմաթիի տապալումը շատ թանկ նվեր է Ալիեւին, քանի որ նրան փրկում է Ադրբեջանի պետական ինքնությունը խորհրդային իրավաժառանգորդությանը վերադարձնելու խիստ բարդ եւ անպատվաբեր պարտավորվածությունից:

Իսկ ամենավերջում նախկին արտգործնախարար, նախկին դեսպան Արա Այվազյանին կցանկանայինք ասել, որ Հայաստանը թուրքական աշխարհին ինտերգրված է ՀԱՊԿ-վ եւ ԵԱՏՄ-ով, որտեղ, ինչպես քառասունչորսօրյա պատերազմից տարիներ առաջ անկեղծորեն բացահայատել է Իլհամ Ալիեւը, Ադրբեջանը միշտ ավելի շատ դաշնակիցներ է ունեցել, քան՝ Հայաստանը: Ալմաթիի հանդիպումն, ընդհակառակը, հնարավորություն է՝ հաղթահարելու ուժերի հարաբերակցության ահռելի դիսբալանսը: Իսկ թե ու՞մ է ձեռնտու, որ այդպես չլինի՝ պարզ է. նրան, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Հայաստանից շատ դաշնակիցներ ունի:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3418972.htmlլ
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *