Կապ չունի՝ ով է լինելու, կարևոր է, թե ինչ օրակարգ է նա սպասարկելու, իսկ ես նորից ասում եմ՝ սա լինելու է հակապետական, հակահայկական օրակարգ…
Դավիթ Ստեփանյան
Գործընթացն ուղղված է ոչ թե Փաշինյանի, այլ ՀՀ պետականության և ինքնիշխանության դեմ. հիմնական նպատակն է ՀՀ ղեկավարությունը կառավարելի դարձնել ՌԴ-ի և անձամբ Պուտինի համար. Դավիթ Ստեփանյան
«Ընդհանուր առմամբ, այդ գործընթացը գնահատում եմ շատ բացասական, որովհետև այն ուղղված է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության պետականության և ինքնիշխանության դեմ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Շարժման մասնակիցների` ի սկզբանե առաջ քաշած սահմանազատմանը դեմ լինելու գաղափարը հրապարակում փոխվեց իշխանափոխության պահանջի: Ստեփանյանը խոսելով այս մասին՝ նշեց. «Իրենց գաղափարները փոխվեցին, երբ նրանք տեսան հրապարակում հավաքվածների քանակը: 2020 թվականից հետո ընդդիմության բոլոր հանրահավաքներին հավաքվում էր մաքսիմում 10 հազար մարդ, այս անգամ` «Իրազեկ քաղաքացիների միավորման» տվյալներով 31.700 է եղել: Ես ուզում եմ հատուկ նշել, որ Բագրատը, երբ սկզբից հայտնվեց և տեսավ մարդկանց քանակը, ինքն էլ անակնկալի եկավ, որոշակի ժամանակ ես նրա դեմքի արտահայտությանը հետևում էի, նա չգիտեր՝ ինչ աներ, հետագայում նոր հավաքվեց և սկսեց խոսել: Շատ կարճ ասեմ՝ ինչ է տեղի ունենում. Պուտին-Փաշինյան հանդիպման վերջնարդյունքը բոլորս տեսանք, ես չեմ կարծում, որ Պուտինը Փաշինյանին Մոսկվայից այդպես հեշտ բաց կթողներ, որովհետև նրանց պահանջները շատ մեծ են և սա գաղտնիք չէ:
Հիմա հրապարակում իշխանափոխություն անելու փորձ է արվում, եթե ստացվի, ուրեմն կգան մարդիկ, ովքեր ներկա էին այդ հրապարակում, կապ չունի` դա կլինի Ռոբերտ Քոչարյանի դրոշի տակ, Սերժ Սարգսյանի դրոշի տակ, անունները կարևոր չեն, այսինքն՝ մարդիկ, ովքեր միշտ սպասարկել են և սպասարկում են Ռուսաստանի շահերը և օրակարգը, չի ստացվի, ուրեմն լինելու է երկրորդ տարբերակը՝ այս շարժման միջոցով ստիպել, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անի այն, ինչ ուզում են անել ռուսները՝ քոչարյանա-սերժական քաղաքական մասսայի միջոցով, այսինքն՝ ստեղծել իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը կդառնան կառավարելի Ռուսաստանի համար և կվերադառնան նրանց համար այն երանելի ժամանակները, երբ ցանկացած հարցի համար Երևանից զանգում էին Մոսկվա, սա է նրանց նպատակը»:
Տեղի ունեցող գործընթացը հանուն ՀՀ-ի չէ՝ ասաց Ստեփանյանը՝ հավելելով. «Ես ցավով եմ նշում, որ հավաքվածների մեջ բացի այն մարդկանցից, ովքեր սպասարկում են ռուսական օրակարգը, կան նաև մարդիկ, որոնք խաբված են, մաքուր մղումներով շարժվող մարդիկ, որոնք հերթական անգամ դառնում են հակապետական ուժերի, սեփական շահերի իրագործման զոհ: Գործընթացը, որն այսօր տեղի է ունենում, ոչ թե հանուն Հայաստանի փրկության է, ոչ թե հանուն Տավուշի փրկության է, այլ՝ Հայաստանի պետականության, ինքնիշխանության և անկախության դեմ ուղղված գործընթաց է, որի հիմքում կա հիմնական նպատակ՝ Հայաստանի ղեկավարությունը կառավարելի դարձնել Ռուսաստանի և անձամբ Պուտինի համար»:
Մեր այն հարցին, թե ինչու շարժման մասնակցիների կողմից այլևս անդրադարձ չի կատարվում սահմանազատման գործընթացին՝ քաղաքագետն ասաց. «Երբ հասնի ժամանակը, երբ ժողովուրդը պետք է հարցնի, թե ինչ եղան սահմանազատման հետ կապված գաղափարները՝ արդեն ուշ է լինելու, ժողովրդին որևէ մեկը մարդու տեղ չի դնելու, ժողովուրդը խաբվելու է: Իրենք իրենց սև գործն անելու են, իսկ խաբված մնալու է ժողովուրդը, տուժված և վտանգված՝ մեր երկիրը: Այդ շարժումը երբևէ նպատակ չի ունեցել՝ լինել սահմանազատման դեմ, այդ սահմանազատումն առիթ էր, լոզունգ էր՝ մարդկանց մոլորեցնելու համար, մի քանի օր առաջ Բագրատն ասում էր, որ իրենք նպատակ չունեն իշխանափոխություն անելու, եկավ հրապարակ, ժողովրդին տեսավ, ասեց իշխանափոխություն պետք է լինի, ուլտիմատում դրեց, այսինքն՝ հերթական անգամ ժողովրդին խաբեց:
Սա նշանակում է, որ այս շարժման հիմքում որևէ մաքուր, հայրենանվեր ցանկություն և գործողություն չկա և չի կարող լինել, այս շարժումը որևէ առնչություն չունի մեր երկրի շահերի հետ, նորից եմ ասում՝ այն նաև, կարծես թե ուղղված է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության դեմ, բայց ոչ միայն, տվյալ դեպքում Փաշինյանն ու իր կառավարությունը մեր պետականության սիմվոլներն են, հիմա եթե աշխատում են իրենց դեմ և հովանավորվում են դրսից՝ Ռուսաստանից, դա նշանակում է՝ աշխատում են Հայաստանի Հանրապետության պետականության և ինքնիշխանության դեմ: Ռուսի հիմնական ցանկությունը՝ մեզ զրկելն է այդ ամենից: Ես ուղղակի ափսոսում եմ այն մաքուր, ազնիվ մարդկանց համար, ովքեր թույլ են տալիս, որ այդ հակապետական ուժերն իրենց այս կոմեդիայի մեջ օգտագործեն, կլինեն դրանք սրբազանների տեսքով, Գարեգին Բ-երի տեսքով, թե Քոչարյանի ու Սերժի տեսքով»:
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ շարժման մասնակիցները որևէ լուրջ ծրագիր չեն ներկայացնելու. «Կարող են նորից հնչել պոպուլիստական ինչ-որ հերթական կոչեր: Այդ մարդիկ ի վիճակի չեն ասել՝ ում են իրենք տեսնում երկրի առաջնորդ, դուրս են եկել, ասում են՝ Փաշինյանը պետք է գնա, դե ասեք, թող ժողովուրդն իմանա՝ ո՞ւմ եք տեսնում իր տեղում, ինչո՞ւ չեն ասում: Սա նշանակում է, որ այդ շարժումը ոտքից գլուխ փտած է և մարդկանց հերթական անգամ խաբում են»:
Նրանց վարչապետի թեկնածուն՝ ըստ Ստեփանյանի, լինելու է քոչարյանական շրջապատից. «Քոչարյանը չի լինելու հաստատ, որովհետև Քոչարյանը դեմք չունի, հենց նա դուրս եկավ, ժողովուրդը կարող է միանգամից թողնի գնա այդտեղից, ինչ-որ մարդ պետք է լինի, որն ունի կենսագրություն, որտեղ մարդասպան չի, գող չի, բայց պատրաստվում է գնալ այդ ճանապարհով: Կապ չունի՝ ով է լինելու, կարևոր է, թե ինչ օրակարգ է նա սպասարկելու, իսկ ես նորից ասում եմ՝ սա լինելու է հակապետական, հակահայկական օրակարգ»:
Շարժման կողմից առաջարկված քայլերից մեկն ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելն է: Ստեփանյանի խոսքով՝ մի դեպքում հնարավոր կլինի դա անել. «Մեկ դեպքում է հնարավոր հասնել իշխանափոխության, եթե ՔՊ-ից 20 պատգամավոր քաղաքականափոխ լինի ու անցնի իր թշնամիների ճամբար, սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու ձևը սա է: Իրենք պետք է իրենց մեջ լավ աշխատեն, որպեսզի նման բան չլինի, չնայած չեմ կարծում, որ կլինի, որովհետև վերջիվերջո այդ մարդիկ հո իրենք իրենց թշնամին չեն, նրանք էլ պետք է հասկանան, որ եթե հանկարծ անցնեն ընդդիմության ճամբարը, վաղն իրենք են առաջինը զոհ գնալու, իրենց կօգտագործեն և կշպրտեն: Հնարավոր է, իրենց հիմա սարեր խոսք տան, փոխվարչապետի պաշտոն խոսք տան, բայց գիտեք՝ այդ պաշտոնները վաղուց այդ կլանի մեջ բաժանվել են»:
Անդրադառնալով նաև շարժումն առաջնորդող Բագրատ Գալստանյանին և, ընդհանրապես՝ եկեղեցու դերին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Այսօրվա եկեղեցու վերնախավը՝ Գարեգին Բ-ի գլխավորությամբ, արքեպիսկոպոսները, Բագրատները, ԱՄՆ փախած Պարգևները, Արցախի թեմի գործող առաջնորդը, որն Արցախի բլոկադայի ժամանակ Երևանում էր, այդ բոլոր մարդիկ հավաքվել և աշխատում են և՛ Հայաստանի պետականության դեմ, և՛ եկեղեցու դեմ, ինչու են աշխատում եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցու իմիջը, որն այնքան էլ բարձր չէ՝ հերթական անգամ նորից իրենց ջանքերի շնորհիվ, գցում են գետնին, քաղաքականացնում են, բերում են մի դաշտ, որտեղ սպասարկվում է օտարների շահը, սրանից այն կողմ իրենք էլ ինչ պետք է անեն, իրենք ոչնչացնում են եկեղեցու պատիվը, անունը և մարդիկ դեռ դա չեն հասկացել, մարդիկ դա կհասկանան ժամանակի ընթացքում:
Ես ափսոսում եմ մեր եկեղեցու, մեր հավատացյալների համար, որոնք հերթական անգամ այդ մանիպուլյացիաների զոհն են դառնում: Եկեղեցու բարձր ղեկավարությունն աշխատում է եկեղեցու դեմ, սա է իրականությունը, մարդիկ հիասթափվում են եկեղեցուց, մարդիկ չեն հավատում եկեղեցուն, չեն հավատում ոչ թե նրա համար, որ եկեղեցին վատն է, եկեղեցին չունի փայլուն հոգևոր հայրեր և սպասավորներ, դա այդպես չէ, տասնյակ-հարյուրավոր մարդիկ կան, որոնք իրենց աշխատանքն անձնվիրաբար անում են, եկեղեցու ղեկավարությունն է պատճառը, որը քաղաքական ուժերի և Մոսկվայի հետ մտել է գործարքի մեջ, իրականությունը սա է»:
Կատարվող գործողություններն իրենց ազդեցությունը կունենան նաև ՀՀ արտաքին քաղաքականության վրա՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով. «Եթե այս շարժումը չջարդվի, եթե այն չմարի, եթե իշխանությունը ողջամիտ և վճռական չլինի, եթե այս շարժումը հասնի մի գագաթնակետի, երբ նա կարող է ճնշել իշխանությանը և ստիպել գնալ բանակցությունների, սա բացասական է ազդելու մեր արտաքին քաղաքականության վրա: Մենք ավելի շատ ենք գնալու դեպի Ռուսաստան, քանի որ Փաշինյանը պրոռուսական գործիչ չէ, ուզում են ստիպել նրան կա՛մ կորցնել իշխանությունը, հանձնել պայմանական Քոչարյաններին, կա՛մ աշխատել Ռուսաստանի հետ, ցանկացած հարցի համար զանգել Մոսկվա, այսինքն՝ ինքնիշխանությունը հերթական անգամ վերադարձնել Ռուսաստանի ձեռքը, այն ինքնիշխանությունը, որը 2018 թվականից հետո մենք սկսել ենք վերադարձնել քայլ առ քայլ: Վաղն էլ այդ նույն մարդիկ, որոնք այսօր հրապարակում գոռում են, որ Փաշինյանը կապիտուլյանտ է, դավաճան է, դուրս են գալու ու ասեն՝ Փաշինյանն է, տեսնում եք՝ ինչ է անում, էլի զիջումների է գնում ու չեն ասելու, որ դա իրենց ձեռքով է արվել, որ իրենք են այդ ճնշումը գործադրել, Փաշինյանն էլ չի կարող դուրս գալ ու ասել, որ դա Պուտինի պատվերն է եղել:
Դրա համար իշխանությունը պետք է վճռական լինի, ժողովուրդն էլ պիտի հասկանա, որ իրեն հերթական անգամ օգտագործում են, որից հետո դեն են շպրտելու, այն հայրենասեր մարդիկ, որոնք գնացել են այս խաբեության հետևից և երեկ կանգնել են հրապարակում, այ իրենք պիտի առաջինը հասկանան, որ դառնում են գործիք ուրիշի կեղտոտ քաղաքական խաղերում և այս ամենը՝ ի վերջո, եթե հաջողվի՝ աշխատելու է Ադրբեջանի շահերի օգտին, որովհետև Ադրբեջանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, թող Արցախն իրենց համար լինի օրինակ, տեսանք՝ Արցախը ոնց կիսեցին, ոնց բաժանեցին, ոնց տվեցին Ադրբեջանին, նույն բանն այստեղ է սպասվում»:
Ստեփանյանը նշեց, որ այս գործողությունները պետք է կառավարելի լինեն իշխանության կողմից. «Իշխանությունը պետք է այնքան պինդ լինի, որ չընկրկի, լինի խելացի, կառավարի այս գործընթացները, սադրանքների չտրվի, չլինի արյունահեղություն, որպեսզի այս շարժումն ինքն իրեն կամաց-կամաց մարի, սա է ճանապարհը: Իշխանությունը չպետք է անի այնպես, որ այդ մարդկանց քանակը շատանա, իրենց նպատակը դա է, որ փողոց հանեն կրիտիկական զանգված և իշխանությունն արդեն չկարողանա դիամակայել դրան: Սա շատ դեստրուկտիվ սցենար է, իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հարցը դրան չհասնի: Եթե իշխանությունն ամեն ինչ ճիշտ անի, ապա այս շարժումն օրերի հարց կլինի, գնալով ժողովուրդը կպակասի և այն կմարի, եթե՝ ոչ, ապա մենք հայտնվելու ենք շատ վատ վիճակում՝ Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու ենք, մենք դառնալու ենք ՌԴ-ի կցորդ ու Ռուսաստանը մեզ վաճառելու է Ադրբեջանին ու Թուրքիային»:
Աննա Բզնունի
Հոդվածը՝ zarkerak.am կայքից։