Չափազանց կարեւոր է հաշվի առնել Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վելայեթիի այն պնդումը, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ թույլ չի տվել «Թուրքիային ձեռնտու միջանցքի ուժով բացումը»-իսկ այաթոլլա Ալի Խամեյենեին մի քանի օր առաջ Իրաքի Քրդստանի ղեկավար Բարզանիին բաց տեքստով «հորդորել է» ձեռնպահ մնալ Թուրքիայի հետ մերձեցումից։
Վահրամ Աթանեսյան
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Ադրբեջանի իշխանական քարոզչությունը նոր խարդախամտություն է դրսեւորում: Իշխանամերձ լրատվամիջոցներում հաճախակի տեղեկություններ են հայտնվում այս կամ այն պատճառով Բաքու-Նախիջեւան եւ Գյանջա –Նախիջեւան օդային հաղորդակցության դժբարությունների մասին: Մայիսի 8-ին գումարվել է տեղական խորհրդարանի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորներից մեկը կոշտ քննադատություն է հնչեցրել իշխանությունների հասցեին՝ բարձրացնելով ինքնավարության տարածքից բնակչության «ահռելի չափերի հասնող արտահոսքի» խնդիրը: Նրա ներկայացմամբ՝ «հազարավոր երիտասարդ եւ միջին տարիքի տղամարդիկ աշխատանք չունենալու պատճառով հեռանում են Թուրքիա կամ Ադրբեջանի այլ ռեգիոններ»: Նա ասել է, որ «հազարովր տղաներ եւ աղջիկներ անգլերեն եւ գերմաներեն են սերտում՝ հույս ունենալով, որ աշխատանք կգտնեն Եվրապայում»:
Ադրբեջանը քաղաքական բանտ է, Նախիջեւանը՝ պատժախուց, այնտեղ այլընտրանքային միտք, մանավանդ նման քննադատություն չէր կարող հնչել, եթե հրահանգավորված չլիներ ուղղակիորեն Ալիեւի աշխատակազմից: Կասկածել, երեւի, պետք չէ. մոտ ապագայում նախ մամուլը, ապա փորձագիտական շրջանակները, ի վերջո՝ արդեն Միլլի մեջլիսի պատգամավորները կսկսեն խոսել, որ «հարուստ եւ բարգավաճող Ադրբեջանը զրկված է իր սուվերեն տարածքի մի հատվածում ներդրումների եւ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները կարգավորելու հնարավորությունից, քանի որ Հայաստանը շրջափակված է պահում Նախիջեւանը»:
Նախիջեւանից բնակչության արտահոսք հետխորհրդային շրջանում միշտ է եղել, սկիզբ է առել 1989թ. դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ ավերվել է ԽՍՀՄ-Իրան պետական սահմանը եւ տասնյակ հազարավոր մարդիկ հատել են Արաքսը եւ անցել իրանական ափ: Հետագա տարիներին Նախիջեւանի բնակչության մի շատ զգալի հատվածը բնակություն է հաստատել Թուրքիայում: Ալիեւն ինչու՞ է հատկապես այս փուլում բացահայտում Նախիջեւանի խնդիրները: Թվում է՝ միայն մի նպատակով. որպեսզի միջազգային աջակցություն ստանա «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Հայաստանը պետք է նախապատրաստվի դիվանագիտական լուրջ «մրցամարտի»: Բայց Ալիեւի բուն նպատակը խնդրի առհասարա՞կ, թե բացառապես իր պայմաններով լուծու՞մն է: Այստեղ արդեն համակողմանի վերլուծության եւ հնարավորինս ճիշտ գնահատականի հանգելու անհրաժեշտություն կա:
Ի՞նչ վարք են դրսեւորում հարեւան երկրները: Չափազանց կարեւոր է, որ բոլորովին վերջերս Իրան է այցելել Նախիջեւանում Ադրբեջանի ԶՈՒ առանձին համազորային բանակի հրամանատարը: Նա հրավիրվե՞լ է Թեհրան, թե՞ այնտեղ է մեկնել որպես Իլհամ Ալիեւի հատուկ բանագնաց: Այդ մակարդակի այցի ի՞նչ անհրաժեշտություն է ծագել մի իրավիճակում, երբ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների «մոտալուտ հանդիպումը» մարտ ամսից ի վեր երկու անգամ անոնսավորվում, բայց դեռ չի կայանում:
Չափազանց կարեւոր է հաշվի առնել Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Վելայեթիի այն պնդումը, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ թույլ չի տվել «Թուրքիային ձեռնտու միջանցքի ուժով բացումը»-իսկ այաթոլլա Ալի Խամեյենեին մի քանի օր առաջ Իրաքի Քրդստանի ղեկավար Բարզանիին բաց տեքստով «հորդորել է» ձեռնպահ մնալ Թուրքիայի հետ մերձեցումից: Նախիջեւանը «ներկալված է» Իրանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Այդ ուղղությամբ էսկալացիայի սցենարը կարող է դուրս լինել հայ-ադրբեջանական լարվածության տիրույթից, բայց խաղարկվի այդ կտրվածքով։
Հոդվածը՝ 1in.am կայքից։