Սփիւռք

Սփյուռքը Գիտե, Թե Ով Ով Է

Շարժումը զուտ Կառավարությունը տապալելու միտում ունի, և հայկական Սփյուռքը հասկանում է այդքանը։ Հայաստանում ընդդիմությունը չի ցանկանում, որ ընտրություն լինի, որովհետև գիտեն, որ իրենք պարտվելու են:

Րաֆֆի Փափազյան

«Սփյուռքը հասկացավ, որ Բագրատը աշխատում է Ռուսաստանի ու Դաշնակցության հետ»

«Հայ ժողովուրդը պետք է բոյկոտի այդ շարժումը։ Սփյուռքում հասկացան, որ Բագրատի հետևում կանգնած է Դաշնակցությունը։ Տեսանք նկարներ, որ դաշնակցական Մուրադ Փափազյանը աջակցում է իրենց, իսկ Մուրադը Քոչարյանի մարդն է»,- ասաց Ֆրանսիայի «Հայկական շարժման» նախագահ Րաֆֆի Փափազյանը։

Րաֆֆի Փափազյանը նշեց, որ եվրոպական մի շարք քաղաքներում դաշնակցականները հավաքներ են արել, բայց նրանց թիվը շատ քիչ էր. «Բրյուսելում, Լիոնում, Մարսելում այդ հավաքներին մասնակցում էր մի քանի տասնյակ մարդ, ու դրա համար էլ այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Սփյուռքը Բագրատի հետ է»։

Հարցին, թե Սփյուռքի հայրենակիցները ինչ կարծիք ունեն Բագրատ Գալստանյանի շարժման մասին, Ֆրանսիայի «Հայկական շարժման» նախագահը ասաց. «Մարդիկ Ֆեյսբուքից ու Թվիթերից այլ տպավորություն էին ստացել, բայց երբ վերջին հանրահավաքի ժամանակ տեսան, որ սրանք այն նույն մարդիկ են, որոնք նախորդ տարիներին փողոց էին դուրս եկել, մարդիկ հասկացան, թե ինչ է կատարվում։ Այսինքն՝ այդ շարժումը զուտ Կառավարությունը տապալելու միտում ունի, և հայկական Սփյուռքը հասկանում է այդքանը։ Հայաստանում ընդդիմությունը չի ցանկանում, որ ընտրություն լինի, որովհետև գիտեն, որ իրենք պարտվելու են»։

Փափազյանի խոսքով՝ Դաշնակցությունը իր տեսակետները փորձում է ներկայացնել որպես Սփյուռքի ձայն, սակայն այդպես չէ. «Իրենք չեն կարող խոսել հայկական Սփյուռքի անունից, ու Դաշնակցությունը իր փոքրիկ կարծիքն է հայտնում միայն։ Իրենք Բելգիայում, Ֆրանսիայում այդ շարժմանը աջակցություն հայտնեցին, բայց ընդամենը մի քանի հարյուր մարդ էր, իսկ Եվրոպայում 2,5 մլն հայ է ապրում։ Այսինքն՝ մարդիկ ընդհանրապես այդ շարժմանը դեմ են»։

Նա նշեց, որ կա ընտրված իշխանություն, իսկ եկեղեցին իրավունք չունի խառնվելու երկրի կառավարմանը. «Հայաստանը աշխարհիկ պետություն է, ու մարդիկ չեն հասկանում, թե ինչ է ցանկանում անել Բագրատը։ Ինքը աշխատում է հին ուժերի համար, ու Սփյուռքը հասկացավ, որ Բագրատը աշխատում է Ռուսաստանի ու Դաշնակցության հետ։ Ֆրանսիական մեդիայում իր մասին չեն խոսում, խոսում են Russia Today և Спутник լրատվամիջոցներում, իսկ 2018թ.-ին երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն էր անում, Ֆրանսիայի ու Եվրոպայի բազմաթիվ լրատվամիջոցներ էին անդրադառնում»։

Դավիթ Լևոնյան

Հոդվածը՝ civic.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *