(Մաս 2-րդ)
Ցանկացած վեհ և ազնիվ գաղափարախոսություն նախ և առաջ տեսական է և սխալ ու բարդ պրակտիկայում կիրառվելիս առաջացնում է մի շարք հիմնական խնդիրներ, որոնք տանում են նոր ճգնաժամի:
Արայիկ Մկրտումյան
Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել: Բայց երևույթը մնում է մեկը՝ լավ գաղափարը փոխանակ զարգացնի, տանում է դեպի անմարդկային կորուստների: Եվ հարց է առաջանում, թե ո՞րն է խնդիրը: Եթե գաղափարը վատը լինի, այդ դեռ հասկանալի է, բայց ինչո՞ւ է լավ գաղափարը տանում վատ իրավիճակի: Ինչո՞ւ է ազգային զարթոնքը հագեցնում ֆաշիզմի ու նացիզմի, ազատությունը՝ բռնապետության, եղբայրությունը՝ կոտորածի և այլն: Նույնիսկ ժողովրդավարությունը մի օր փորձանք է բերելու, եթե ամբողջովին միակողմանի լինի:
Այդ բոլորի պատճառը միակողմանի վերաբերմունքն է, երբ հասարակությունը կամովին կամ ակամա վազում է որևէ գաղափարի հետևից և չի նկատում, որ գաղափարը զարգանալու փոխարեն կանգ է առել, սկսվել է այլասերվել, հեռացել է իր նպատակներից: Որովհետև երբ չկա սխալն ընդունելու կամք, քննադատելու քաջություն, ապա գաղափարը վերածվում է «աստվածային» ճշմարտության և անգամ ամենակոպիտ սխալները դառնում են սուրբ և պաշտելի: Գերմանական ազգի, աշխարհին հաղթելու քայլերը ի վերջո մոխրակույտի վերածեցին Բեռլինը: Հիմա իհարկե գերմանացիները կասեն, որ Հիտլերը բռնապետ էր և գերման ժողովուրդը երբեք չի ցանկացել այն, ինչ անում էին նացիստները, բայց մի՞թե Հիտլերը կարող էր իր չորս օգնականներով դառնալ Երրորդ Ռեյխի ֆյուրեր, եթե մարդիկ նրան չընտրեին, չհնազանդվեին:
Փորձենք հասկանալ, թե ինչպես է աշխատում միակողմանիությունը:
Հասարակության համար ամենավտանգավոր ճանապարհը ոչ թե տնտեսական կամ ռազմական խնդիրներն են, այլ ընդհանրապես խնդիրներին նայելու միակողմանիությունը: Ցանկացած միակողմանի վերաբերմունք ի վերջո հանգեցնում է դեգրադացիայի: Եթե որևէ խնդիր ունեցող հասարակություն ընտրում է ոչ թե համաչափ հավասարազոր զարգացման ուղին, այլ հենց սկզբից կամ որոշ ընթացք համընդհանուր պայքարից հետո ընտրում է միակողմանի վերաբերմունք, նրա մոտ զարգանում է ճնշող փոքրամասնություն, որն էլ հետագա պայքարի մեջ է մտնում ողջ հասարակության հետ:
Եթե փորձենք ավելի պարզ արտահայտվել, ապա նշենք, որ այդ հիմնականում արտահայտվում է առավելապես քաղաքական առումով, քանի որ որպես այդպիսին սովորաբար քաղաքական շրջանակներին կողմ կամ դեմ արտահայտվելով է փորձ արվում ընդհանուր խնդիրների նկատմամբ վերաբերմունք ցույց տալ: Հատկապես եթե հասրակության ու պետության առաջ որևէ սուր հարց է դրված, ապա հասարակությունը սովորաբար ընտրում է առավել ռեակցիոն որևէ խմբի կամ անհատի, որից սպասում է բոլոր խնդիրների լուծման շուտափույթ բանալին:
Ինչպես հաճախ է պահանջում այդ նեղ խմբի կողմից հռչակված գաղափարախոսությունը սովորաբար շատ կիսատ է լինում և հատկապես կրթության գիտության և տնտեսության հարցերը ոչ միայն գաղափարապես խորը հիմնավորված չեն նրանց ծրագրերում, այլև հաճախ մի կողմ են մղվում քանի որ ընտրված խումբը հիմնականում զբաղված է նեղ ոլորտով՝ առավելապես քաղաքական-ռազմական ուղղությամբ: Այդ դեպքում մեծ դեր է հատկացվում բանակին, ոստիկանությանը, բյուրոկրատիային իսկ մնացած ոլորտները՝ տնտեսությունը սպասարկվում է մինիմալ չափով, իսկ կրթության գիտության, առողջապահության և մնացած հարցերով զբաղվում են այնքան, ինչքան կարող են զբաղվել կողմնակի խնդրով և այնքան ինչքան պետք է իրենց:
Միակողմանիությունը երբ սկսում է հաղթել, սկսում է ճնշել, իսկ ճնշումը միշտ դիմադրություն է առաջացնում: Այդ պարագայում երեք տարբերակ կա, կամ դիմադրությանը կոտրում են ու դառնում ավելի տոտալիտար, կամ դիմադրությունը հաղթում է և ձևավորում նոր ճնշող հատված, կամ էլ դիմադրությունը չի կոտրվում բայց չի էլ հաղթում, և հասարակությունը էլ ավելի է պառակտվում ինքն իր մեջ: Ցանկացած վեհ և ազնիվ գաղափարախոսություն նախ և առաջ տեսական է և սխալ ու բարդ պրակտիկայում կիրառվելիս առաջացնում է մի շարք հիմնական խնդիրներ, որոնք տանում են նոր ճգնաժամի:
Գրառումը՝ Արայիկ Մկրտումյանի ֆեյսբուքյան էջից։