Ռուսները կփորձեն փակե՞լ Լարսը, թող փորձեն։ Լարսը փակելով ռուսներն են տուժելու։ Նախ զրկվելու են Հայաստանից ու Հայաստանով կատարվող ներմուծումներից, երկրորդն էլ՝ մենք կարող ենք արաբական շուկա փորձել մուտք գործել։ Կարող ենք ստանդարտիզացիա անցնել և նաև եվրոպական շուկաներ մտնել։ Դա ինչ որ անհնար բան չէ։
Դավիթ Ստեփանյան
Freenews Armenia-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Դավիթ Սեփանյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարությանն ու մի շարք ներքին հարցերի։
Խոսելով Հայաստանի ռազմավարության մասին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ճանապարհը մեկն է՝ դեպի արևմուտք։ Եվ սա ոչ թե ու ոչ միայն այն պատճառով, որ, ինչես ոմանք են նշում, Ռուսաստանը դավաճանել է հայերին։ Դա դեռ մի կողմ։ Ռուսաստանը այսօր մեկուսացած պետություն է։ Դանդաղ, բայց կայուն քայլերով գնում է դեպի անկում։ Հույսերը կապել Ռուսաստանի հետ՝ նշանակում է հրաժարվել ապագայից։ Մեր ճանապարհը մեզ տանում է արևմուտք մի շարք պատճառներով՝ սկսած ռազմական ու տնտեսական հարցերից, մինչև արժեքներ ու նպատակներ։ Արևմուտքն այստեղ խաղաղություն է ուզում։ Արևմուտքը չի ուզում, որ հայերն ու ադրբեջանցիները շարունակեն ոչնչացնել միմյանց։ Խաղաղությունը կայունություն է և հնարավորություն է տալիս զարգացման, ինչը բացառվում է Ռուսաստանի դեպքում։ Իսկ Ռուսաստանի դեպքում մենք պիտի հրաժարվենք մեր ժողովրդավարությունից, ինչպես նախկինում էր։ Ադրբեջանը չունի ժողովրդավարություն, Ալիևի կլանը մի օր միևնույն է հեռանալու է, իսկ մինչ այդ մենք պետք է ամրացնենք մեր ժողովրդավարությունը, շտկենք դրանում եղած սխալները, իրացնենք այն։
Դավիթ Ստեփանյանն այն համոզմունքը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար՝ ընդհուպ մինչև ահաբեկչության, մանավանդ, որ նախադեպեր արդեն եղել են։ Ռուսաստանն այս պահին չի կարողանում Հայաստանին ճնշել այնպես, ինչպես առաջ։ Եթե առաջ այնպիսի իրավիճակ էր, որ երբ Հայաստանն իրեն «սխալ էր պահում», ապա Ռուսաստանը Ալիևով էր պատժում, ապա հենց հիմա չկա այդ հնարավորությունը։ Ապագայում գուցե և իրավիճակ փոխվի, բայց համենայն դեպս հիմա այլևս չի կարողանում։ Ռուսաստանը այլ միջոցներով կարող է փորձել ազդել Հայաստանի վրա, օրինակ գազը թանկացնելով։ Բայց մենք հնարավորություն ունենք Իրանից գազ գնել ու ավելի մատչելի գնով, քան՝ Ռուսաստանից ենք ստանում։ Ռուսները կփորձեն փակե՞լ Լարսը, թող փորձեն։ Լարսը փակելով ռուսներն են տուժելու։ Նախ զրկվելու են Հայաստանից ու Հայաստանով կատարվող ներմուծումներից, երկրորդն էլ՝ մենք կարող ենք արաբական շուկա փորձել մուտք գործել։ Կարող ենք ստանդարտիզացիա անցնել և նաև եվրոպական շուկաներ մտնել։ Դա ինչ որ անհնար բան չէ։ Իսկ այն, որ Ռուսաստանը այստեղից հեռանալիս փորձելու է ցնցումների գնալ, դա ակնհայտ է։ Ռուսական զորքերը հեռանում են մեր սահմաններից ու գալու է մի պահ, որ ռուսական ռազմաբազան ևս հեռանա այստեղից։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ ռուսները ևս մեկ միջոցով են փորձում ճնշել մեզ՝ այնտեղ ապրող հայերի հանդեպ հնարավոր ճնշումներ բանեցնելով։ Բայց այդ տարբերակը ևս այնքան հեշտ չէ, որքան ռուսներն են փորձում ներակայացնել։ Նախ, հայերի թիվը Ռուսաստանում երեք մլն չէ, ինչպես հայտարարում են իրենք, այլ մոտ 800 հազար, երկրորդն էլ ռուսներն իրենք աշխատուժի մեծ կարիք ունեն։ Ի՞նչ են պատրաստվում անել․ արտաքսե՞լ այնտեղի հայերին։ Չեն անի, որովհետև դա առաջին հերթին իրենց է վնաս։ Եվ եթե նույնիսկ փորձեն նման բան անել, մենք չպետք է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը զոհենք Ռուսաստանում ապրող հայերի կոմֆորտի համար։ Թող գան Հայաստան։ Միևնույն է ռուբլին շատ ցածր կուրս ունի։ Թող գան Հայաստան և այստեղ աշխատեն։ Արևմուտքը մեզ համար երկու մլրդ եվրո է նախատեսել, բայց մենք այդ գումարի հազիվ տասնհինգ տոկոսն ենք վերցրել և իրացրել, որովհետև կառավարման խնդիր ունենք, չենք կարողանում մարսել այդ գումարը։ Բայց մենք կարող ենք ավելի լավ ինքնակառավարվել, ստանալ ավելի մեծ գումար և դրանից կշահեն նաև Հայաստանում ապրող հայերը։ Իսկ եթե Ռուսաստանի հայերը չեն ցանկանում գալ այստեղ, ապա դա իրենց խնդիրն է, ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը և աշխարհում ոչ մի բան չի կարող ստիպել որ Հայաստանի Հանրապետության ապագան վտանգվի այն մի խումբ մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում ապրել Հայաստանում։
Դավիթ Ստեփանյանը նաև ավելացրեց, որ եվրաինտեգրման ճանապարհը մենք շատ դանդաղ ենք անցնում, այնինչ շտապել է պետք։ Եթե երկու տարի առաջ կարող էինք արտաքին ռազմավարության ընտրության մասին խոսել, այսօր չունենք այդ ժամանակը ու չենք կարող ևս 10 տարի միայն խոսել, մեզ շատ արագ է շարժվել պետք, մանավանդ, որ աշխարհաքաղաքական գործընթացները շատ անսպասելի ու արագ են տեղի ունենում, այնպես, ինչպես ռուս-ուկրաինական պատերազմը, կամ՝ օրինակ ո՞ւմ մտքով կանցներ, որ Իսրայելի վարչապետին Միջազգային Քրեական դատարանը ձերբակալելու որոշում կընդունի։ Մենք պետք է հասկանանք իրադրության լրջությունը և շտապենք, որպեսզի հերթական անգամ ճակատագրական ուշացումներ չունենանք։