Հայաստան

Իրանը Թույլ Չի Տա Բացել «Զանգեզուրի Միջանցքը»

Հայաստանի ու Իրանի միջև դեռևս չկա որևէ առանցքային փաստաթուղթ, որի կարիքը հիմա զգացվում է։ Նախագահ Ռայիսիի սպասվող այցը Հայաստան, որ անհնար դարձավ նրա զոհվելու պատճառով, գուցե նորություններ բերեր իր հետ։ Այս պարագայում դժվար թե խոսք գնար ռազմական դաշինքի մասին, բայց մեծ է հավանականությունը, որ դա կլիներ նոր զարգացում հայ-իրանական հարաբերություններում։

Էդուարդ Բերուջանյան

1in TV-ը զրուցել է իրանագետ Էդուարդ Բերուջանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը և դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունը։

Այդ դիտարկմանը, որ ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ դեռ երբեք Հայաստան-Իրան հարաբերություններն այսքան մոտ չեն եղել իրար և դա հատկապես հետևանք է այն բանի, որ երկու երկրների շահերը միմյանց շատ առումով են համընկնում, իրանագետը պատասխանեց, որ ՀՀ ներկայացուցչության և Իրանի հոգևոր առաջնորդի հանդիպման ժամանակ, երբ նաև քննարկվել են Հարավային Կովկասում իրադարձությունների հնարավոր զարգացումները, Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակվեն այնպես, ինչպես նախագահ Ռայիսիի կառավարման օրոք էր։ Միաժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերություններում կան չլուծված հակասություններ, որոնք լուծման կարիք ունեն։ Ինչպես նկատեց իրանագետը, դա նորություն չէ։ Իրանը երկար ժամանակ է, ինչ գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ և բնականաբար ունի լարված հարաբերությունների արևմուտքի հետ, մինչդեռ Հայաստան-Արևմուտք կապերը գտնվում են աննախադեպ աճի մեջ։ Բայց և՛ հոգևոր առաջնորդը, և՛ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը ՀՀ ներկայացուցչության հետ հանդիպումների ժամանակ նշել են Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորությունը և ընդգծել, որ անկեղծ մղումներով կառուցված կապերը կզարգանան՝ ի շահ երկու երկրների։
Բերուջանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի շահերը որոշակիորեն տարբերվում են իրարից։ Եթե Ռուսաստանը կողմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, կամ առնվազն դեմ չէ, ապա Իրանը կտրուկ դեմ է և դրա մասին հայտարարել է բազմիցս։ Այս առումով ռուսական և իրանական դիրքորոշումները հակասական են, քանի որ Իրանն ամեն ինչ անում է Զանգեզուրի միջանցքի թեման մեկընդմիշտ փակելու համար և արդեն իսկ որոշակի գործողություններ է իրականացնում այդ առումով։ Բայց ասել, որ ռուս-իրանական հարաբերությունները լավ չեն կամ չեն զարգանում՝ սխալ կլինի։ Օրինակ մերձավոր արևելքում Իրանը և Ռուսաստանը մի շարք հարցերում համակարծիք են և փոխլրացնող քաղաքականություն են իրականացնում։
Է․ Բերուջանյանը նաև խոսեց Իրանի ներքին և արտաքին քաղաքականության մասին։ Փորձագետը նշեց, որ Իրանում արտաքին քաղաքականության փոփոխություն չի սպասվում, հատկապես, որ Իրանում արտաքին քաղաքականության որոշողը ոչ թե երկրի նախագահն է, այլ հոգևոր առաջնորդը։ Ինքը՝ հանգուցյալ նախագահ Ռայիսին բավական հեղինակություն ուներ իրանցի ժողովրդի մոտ և մեկ անգամ չէ, որ նշվել է, որ նա հավանաբար լինելու է Իրանի հաջորդ հոգևոր առաջնորդը։ Հիմա Իրանում նոր նախագահ կընտրվի, դեռևս հստակ չէ, թե ով կլինի, բայց հավանական թեկնածուների թվում է Իրանի խորհրդարանի նախագահը, ով պատկանում է պահպանողականների թևին։ Ինչ վերաբերում է Իրանի հաջորդ հոգևոր առաջնորդի թեկնածուին, ապա դեռևս չկա այդ թեկնածուն, մանավանդ, որ ամենահավանականը՝ Ռայիսին արդեն ողջ չէ։ Ի տարբերություն նախագահի, ում ընտրում է խորհրդարանը, հոգևոր առաջնորդի ընտրությունը կատարվում է Բանիմացների խորհրդում։
Իրանագետը նաև խոսեց այն մասին, որ Հայաստանի ու Իրանի միջև դեռևս չկա որևէ առանցքային փաստաթուղթ, որի կարիքը հիմա զգացվում է։ Նախագահ Ռայիսիի սպասվող այցը Հայաստան, որ անհնար դարձավ նրա զոհվելու պատճառով, գուցե նորություններ բերեր իր հետ։ Այս պարագայում դժվար թե խոսք գնար ռազմական դաշինքի մասին, բայց մեծ է հավանականությունը, որ դա կլիներ նոր զարգացում հայ-իրանական հարաբերություններում։

Հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *