Սա 21-րդ դարն է, մենք էլ՝ դառը փորձություններով անցած, ամեն ինչ շատ ուշադիր դիտարկող, ամեն ինչ կասկածող, ամեն ինչ առաքելաբար մեկնաբանող-վերլուծող․․․
Ստեփան Սաֆարյան
Ամեն ինչ՝ հերթականությամբ ու շերտ առ շերտ
Հատուկ օրվա սադրանքին ուշ եմ անդրադառնում՝ երկար սպասելով ու մշտադիտարկելով “սրբազանասառեցված” ագիտպրոպի “առանցքային” դեմքերի արձագանքներին, վախուվիշերին, պարոն Կտրիճ Ներսիսյանին ու նրա խմբին “զոհ” ներկայացնող բոլոր արձագանքները։
“Սրբազանասառեցված” ագիտպոպն այնքան խառնիխուռն է գործել, որ քաոսային դրսևորումները վկայում են, որ լավ համակարգում չի եղել, ու տարբեր դեմքեր իրար հակասող նառատիվներ են շրջանառել, որը լույս է սփռում պարոն Կտրիճ Ներսիսյանի ու նրա խմբի կողմից գիտակցված քայլերի վրա, որոնք չափազանց նման են սադրանքի։
Մեծաթիվ վկայակոչումներ չանենք․ սոսկ առանցքայիններին, որոնք ահռելի ինֆորմատիվ են։
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որն այս շարժման “հավանական վարչապետացուներից” էր, իր քաղաքական հայտարարության մեջ ակնհայտ մանիպուլացրել է, թե “նախատեսված է եղել, որ Վեհափառ Հայրապետը Սարդարապատի հուշահամալիր այցելի Պատարագից հետո, ժամը 14:30-ի սահմաններում, քանի որ երեկ Կառավարությունից Մայր Աթոռին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin) տեղեկացրել են, որ Կառավարության պաշտոնական այցը նախատեսված է այսօր առավոտյան` ժամը 10-11-ի սահմաններում:”
Այսինքն՝ նման մանիպուլատիվ դիսկուրսներով փորձում են չքմեղացնել պարոն Կտրիճ Ներսիսյանին ու իր խմբին, թե նա “չի իմացել, որ” իր չսիրելի ու մերժելի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն այդ ժամին այնտեղ են եղել, ու ինքը “միամիտ”, հավատալով, որ Հանրապետության բարձրաստիճան ներկայացուցիչներն այլևս այնտեղ չեն, պատարագից հետո որոշել է գնալ այնտեղ ու աղոթք հնչեցնել․․․
Հուզիչ էր, այնպես չէ՞․․․
Եթե նույնիսկ հավատանք այս հեքիաթին, այնուամենայնիվ ագիտպրոպն արդեն հակասություն է թույլ տվել ու գրել է, որ նախ արգելել են, որպեսզի Կտրիճ Ներսիսյանի ու մյուսների ծառայողական մեքենաները կայանեն ավտոկայանատեղիում, որը հեռու է հուշահամալիրից։ Բոլորն են հասկանում, որ պարոն Կտրիճ Ներսիսյանի ու յուր արարողակարգի համար ամենևին դժվար չէր հենց այնտեղ “համոզվելը”, որ պաշտոնական միջոցառումները դեռևս շարունակվում են, Հանրապետության բարձրաստիճան այրերը նաև հերոսամարտի օրվա կապակցությամբ շքերթ են ընդունում․․․
Ի՞նչ կաներ այն Կտրիճ Ներսիսյանը, որը օրհնել է մի շարժում, որն առաջնորդում է իր կողմից կարգալույծ չարված հոգևորական, որի սոսկ վարչական պարտականություններն է Կտրիչ Ներսիսյանը սառեցրել, որպեսզի “սրբազան առաջնորդը” հոգով, ոգով, մարմնով, ժամանակով, լեքսուսով ու ամեն ինչով իրեն նվիրի Սահմանադրության ոտնահարումով, առանց ընտրությունների ու ժողովրդաիշխանության մանդատի, առանց ընտրություններ պահանջելու ինքզինք վարչապետ հռչակելուն ու ժողովրդին պատկանող իշխանությունը ուզուրպացնելու ծրագրին։ Ահա, այդ Կտրիճ Ներսիսյանը, որի արարողակագի ծառայությունը նախօրեին փորձել էր պարզել վարչապետի ու բարձրաստիճան ղեկավարության օրակարգը ոչ թե որպեսզի ինքն էլ դրանց մաս կազմեր, այլ ճիշտ հակառակը՝ այնպես աներ, որ իբրև թե “իր ճանապարհը չխաչվեր” մերժելի վարչապետի հետ, հենց ավտոկայանատեղիի հրապարակից ետ կշրջվեր ու կհեռանար ու կրկին կվերադառնար այն ժամանակ, երբ մերժելի իշխանությունն այնտեղ չէ․․․ Չէ՞ որ նրա օրհնանքի ներքո էր Նիկոլ Փաշինյանը հայտարարվել այլևս “նախկին որդի” ում հետ հանդիպելու, առավել ևս՝ ում կազմակերպած միջոցառման աղոթք ասելու, դրան մասնակցելու իմաստը բացարձակ չկար, քանի որ նա այլևս “լեգիտիմ ղեկավար” չէ ըստ իր “օրհնած շարժման”․․․
Բայց, ուշադրություն, նա այդտեղ իմանում է, որ պետական արարողակարգի ծառայությունն ու պետական պահպանության ծառայությունը անվտանգություն են ապահովում ընթացող պետական միջոցառման համար։ Դեհ, ասել, թե պարոն Կտրիճ Ներսիսյանը չգիտի ՀՀ վարչապետին ու նրա շրջապատին ֆիզիկապես վերացնելու, վնասելու ներքին ու արտաքին շահագրգռությունների ու դերակատարների մասին, նշանակում է՝ ոչինչ չասել․․․ Չլինի, չլինի՝ ռուսական պաշտոնական հեռուստահաղորդումները նայելիս կլինի, կամ զեկուցագրեր ստանալիս կլինի այն մասին, թե որքան են Ռուսաստանում մտահոգ այն բանից, որ չեն կարողանում լուծել Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի հարցը․․․
Դեհ, հետո, ի վերջո չմոռանանք, խոսում ենք մի մարդու մասին, ում “ընտրության” օրը՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ին, հենց մեկ այլ պետական միջոցառման՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ գլխատվեց մի ամբողջ պետականություն, սպանվեց ՀՀ ղեկավարների մի ողջ խումբ՝ ՀՀ վարչապետից մինչև ԱԺ նախագահ։ Այդ սպանդի քաղաքական կիլլերն էլ հենց այն կուսաակցությունից էր՝ ՀՅԴ, որի անդամները սրբազանորեն պարուրել են սառեցված լիազորություններով սրբազանին, նրա գլխավորությամբ նախօրեին ճամբար դրել Սարդարապատում, ու ուզում էին այնտեղ դիմավորել ՀՀ ներկայիս բարձրաստիճան ղեկավարներին՝ այդ թվում ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, պատգամավորներ ․․․ Ու 1999թ․ հոկտեմբերի 27 տեսած Կտրիճ Ներսիսյանը վստահաբար հիշում է նաև, որ այդ սպանությունների համար անգամ ոմանք անբարո կերպով նրբորեն մեղադրվում էին նաև զոհերին՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին՝ իբր թե իրենց պատշաճ անվտանգության պետական միջոցներից չօգտվելու կամ հրաժարվելու համար․․․
Ու հատկանշական է, որ պարոն Կտրիճի եկեղեցականներից Հայր Զաքարիան քանի օր է սոցիալական ցանցերում քարոզչություն է տանում ու նառատիվներ և պատումներ զարգացնում, թե ինչպես են հայոց հոգևորականները որպես “մահապարտներ” Ավարայրում ու Սարդարապատում ջախջախել ենիչերիներին ու թուրքերին, թշնամիներին, իսկ նրա սառեցված գործընկեր Վազգեն Գալստանյանը Սարդարապատի ճակատամարտի օրը՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում ինահռչակվել էր “սրբազան վարչապետ” կամ Նաիրա Զոհրաբյանի ասած՝ “մահապարտ սրբազան” ու աճապարում էր դեպի Սարդարապատի հուշահամալիր “հոգևոր Սարդարապատ” մղելու մերօրյա “ենիչերիների ու թուրքերի” դեմ, որպիսին իրենց ճանապարհին հռչակել էին Հայաստանի իշխանություններին ու ոստիկանական-անվտանգային ուժերին․․․․
Ու հիմա, Կտրիճ Ներսիսյանն ու յուր խմբակը, “միամիտ ու անտեղյակ”, որ ՀՀ իշխանություններն այնտեղ են՝ պետական միջոցառման մեջ, փորձում են “միամտաբար” ճեղքել ՀՀ բարձրաստիճան անձանց ու պետական միջոցառման անվտանգությունն ապահովող շղթան, որոնք որևէ ձևով տեղեկացված չեն յուր տիեզերական այցի մասին, դեհ բնականաբար, դրա պատճառով մի փոքր քաշքշվում են, ու պահանջում բացել ճանապարհը․․․ Սա ըստ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի վարկածի, որը վերը քննարկված մանիպուլյացիայից հետո վեր է ածվում Կտրիճ Ներսիսյանի ու նրա խմբի Գողգոթայի ճանապարհին, թե ինչ տառապանք են կրել․․․
Հետաքրքիր է՝ կտրիճ պարոն Կտրիճ Ներսիսյանը պատկերացնո՞ւմ էր, որ իր այդ գործողութունների արդյունքում, հնարավոր է, որ անվտանգային ուժերի շղթայի ճեղքման ժամանակ մի շատ “ռոմանտիկ” “Ռոբին Հուդ” մատղաշ քիլլեր կամ խմբակ, ինչպես ՀՅԴ-ական նաիրի հունանյանինն էր, նույնպես անցներ անվտանգության շղթան ու․․․․
Չէ, ի՞նչ եք ասում․․․․ պարոն Կտրիճը միամիտ է, “չի կարող” նման բաներ պատկերացնել, ինչպես որ չէր կարող “իմանալ”, որ վարչապետը, ԱԺ նախագահը և մյուսները այնտեղ են․․․․
Բայց ոմանք ավելի մեծ հիմարություններ են գրել, օրինակ, որ պարոն Կտրիճ Ներսիսյանը Սարդարապատում եղել է այն ժամանակ, երբ իշխանությունները այնտեղ չեն եղել, ուղղակի ոստիկաններին հրահանգված է եղել նրան խոչընդոտել մուտքը գործել Սարդարապատ․․․
Բայց կրկին ագիտպրոտը վերջին օրերին արձանագրած տապալումներից այնպիսի շոկի մեջ է, որ աջ ձեռքը չի էլ իմացել, թե ինչ է անում ձախ ձեռքը։
Ահավասիկ։
Սաթիկ Սեյրանյանը ոչ ավել ոչ պակաս իր պատին տեղադրում է անտիպ լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են իշխանության ներկայացւոցիչները այդուհանդերձ ողորմած գտնվել պարոն Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ, որ այդքանից հետո էլ թողել են, որպեսզի իրենց ատող ու իրենց իշխանափոխությունը տենչացող Կտրիչ Ներսիսյանը աղոթք ասի այն պետական միջոցառմանը, որին չի ցանկացել մասնակցել, այլ ուղղակի նախօրեին հետաքրքրվել է, թե երբ է իշխանությունները հեռանալու այնտեղից․․․
Հետևաբար՝ հռետորական հարց պարոն Կտրիճ Ներսիսյանին․
ի՞նչ անուն ունի իր և իր խմբի արածը, եթե ոչ բացառիկ սադրանք, որը կարող էր ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի պետության համար, ինչպես դա եղել է իր “ընտրության” օրը՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ին, կամ էլ լավագույն դեպքում Հայաստանին ոչ պետքական սկանդալ ստեղծելը՝ ուղղակի սադրանքի շնորհիվ աղմուկ աղաղակ ստեղծելը, թե՝ հայ-հարայ, Ա, Գ, Ճ հասեք, ինձ՝ Բ-իս, քաշքշել են․․․
Դուք ամոթ ունե՞ք․․․
Դուք իսկապես կասկածո՞ւմ եք մեր՝ հայ փորձագետներիս մասնագիտական կարողությունների վրա, որ չենք հասկանում, թե այս շրջանում ի՞նչ դավեր են նյութվել հայոց պետականության դեմ․․․ Դուք իսկապես կասկածո՞ւմ եք հայ ժողովրդի իմաստնության վրա՞․․․
Սխալվում եք, պարոնայք Կտրիճներ, փրկիչներ ու սադրիչներ։ Սա 21-րդ դարն է, մենք էլ՝ դառը փորձություններով անցած, ամեն ինչ շատ ուշադիր դիտարկող, ամեն ինչ կասկածող, ամեն ինչ առաքելաբար մեկնաբանող-վերլուծող․․․
Ինչո՞ւ էիք տանում ամեն ինչ նման վտանգավոր ռիսկերի, երբ ձեր ամբողջ հետագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ դուք կարող էիք խուսափել այդ “բախումից” ու սադրանքից․․․
Դուք իսկապես կարծո՞ւմ եք, որ այս ամենը մարսել հնարավո՞ր է։
Հայ ժողովուրդը հոտ չէ՝ այդ բառի ամենանեղ իմաստով։
Հայ ժողովուրդը հարամ բանը բնազդով զգացող իմաստնագույն ժողովուրդ է։
Դուք այսքանի տակ ինչպե՞ս եք ապրելու․․․
Գրառումը՝ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։