Եթե Հայաստանի ինստիտուցիոնալ եւ նրան հարող ընդդիմության վարքի «ջերմաչափը» Մոսկվայում է,-իսկ ռուսաստանյան մամուլի, փորձագիտական եւ քաղաքական շրջանակների սեւեռուն ուշադրությունից դա է հասկացվում,- ապա Երեւանում «սնդիկի սյունը կարմիր գծին հասավ» Ուկրաինայի նախագահի ոչ լեգիտիմության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից ուղիղ մեկ օր հետո:
Վահրամ Աթանեսյան
Բագրատ Գալստանյանի «առաջին պատվիրանը»
«Տավուշը հայրենիքից» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով նախօրեին հայտարարել է, որ ինքն է վարչապետի ընդդիմության թեկնածուն, դիմելով Ադրբեջանի նախագահին, ասել է «Ալիեւ, Հայաստանում դու բանակցող կողմ չունես»: Երկրոդ մասը, որ Ալիեւը Հայաստանում ունի «ստրուկ կամակատար»՝ ներքին լսարանի համար է կամ հին երեւաներեն ասած՝ «բուլկու չամիչ». թող էքստազի եկած մարդիկ գտնեն ու ծամեն:
Սրբազանն այդ «սպառնալիքը» կարող էր հնչեցնել մայիսի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի մեկժամյա ուլտիմատում էր տալիս այն «հիմքով, որ այդ պահից նա Հայաստանում իշխանություն չունի»: Քաղաքական տրամաբանությունը պահանջում էր, որ նա հենց Հանրապետության հրապարակից դիմի Ադրբեջանի նախագահին եւ կոչ անի դադարեցնել Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը, քանի որ հայկական կողմից «բանակցողն արդեն ինքն է»:
Ինչո՞վ էր պայմանավորված գրեթե մեկամսյա պաուզան: Եթե Հայաստանի ինստիտուցիոնալ եւ նրան հարող ընդդիմության վարքի «ջերմաչափը» Մոսկվայում է,-իսկ ռուսաստանյան մամուլի, փորձագիտական եւ քաղաքական շրջանակների սեւեռուն ուշադրությունից դա է հասկացվում,- ապա Երեւանում «սնդիկի սյունը կարմիր գծին հասավ» Ուկրաինայի նախագահի ոչ լեգիտիմության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից ուղիղ մեկ օր հետո:
Պուտինը, ընսմին, ավելացրել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների պատրաստ է, բայց չգիտի՝ ու՞մ հետ: Ռուսաստանցի վերլուծաբանները բավական անկեղծ են եւ ասում են, որ Զելենսկիի լեգիտիմության-ոչ լեգիտիմության շուրջ բանավեճն «Ռուսաստանի համար պատերազմը շարունակելու հնարավորություն է»: Ստացվում է, որ Մոսկվան ռազմական գործողությունները կշարունակի՝ մինչեւ Ուկրաինայում «լեգիտիմ իշխանություն կձեւավորվի»:
Որ Իլհամ Ալիեւը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, օրինական սահմանազատմամբ, մեզմ ասած, խանդավառված չէ, փաստ է: Ալիեւը միաժամանակ կաշկանդված է Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողով հյուրընկալելու պարտավորությամբ: Այս իրավիճակում Հայաստանի իշխանափոխությունը նրան կտա բոլոր պայմանավորվածություններից ձեռնալվայի բացառիկ հնարավորություն. «Ես պատրաստ էի խաղաղության համաձայնագիր ստորագրել, բայց Հայաստանը մերժեց»:
Իսկ մինչ այդ Ալիեւը դիվանագիտական խողովակներով կարող է ասել, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը համաձայնեցնելու «գործընթացն առկախվում է, քանի որ վստահություն չկա, որ Փաշինյանը կմնա, եւ նրա քաղաքական մեծամասնությունը ստորագրված փաստաթուղթը կվավերացնի»: Ալիեւը նման հնարավորությունը չօգտագործել չի կարող: Հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկվել է Թուրքիայի Անվտանգության խորհրդում:
Մենք չգիտենք, թե Անկարան Բաքվին ի՞նչ ազդակ է հղել, բայց Հայաստանի ընդդիմության վարչապետի թեկնածուն «առաջին պատվիրանն» արդեն հնչեցրել է: Յո երթա՞ս, Սրբազան հայր:
Հոդվածը՝ 1in.am կայքից։