Հայաստան

Բաքվի Մեծացող Ախորժակը

Բացառված չէ, որ Շվեյցարիան փորձել է հասկանալ, թե Հայաստանը եւ Ադրբեջանը կմասնակցե՞ն Ուկրաինայի հարցով Խաղաղության խորհրդաժողովին, որ կգումարվի մեկ շաբաթ հետո: Եթե Միրզոյանը եւ Բայրամովը մասնակցեն այդ խորհրդաժողովին, ապա հնարավո՞ր է, որ «կողասրահներում» հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպվի:

Վահրամ Աթանեսյան

Հաջորդ «կայարանը» Բե՞ռն

Հունիսի 6-ին Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի տնօրեն Իգնասիո Կասիսը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ առթիվ կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները քաղաքական առումով իդենտիկ են: Տարբերությունն այն է, որ Բայրամովի հետ Կասիսը քննարկել է Կլիմայի հարցերով խորհրդաժողովի նախապատրաստությունը, իսկ Արարատ Միրզոյանին ցավակցություն հայտնել բնական աղետի հետեւանքով մարդկային կորուստների համար եւ ընդգծել վնասների գնահատման հարցում իր երկրի աջակցությունը:

Թե Արարատ Միրզոյանի, թե Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ «տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հարցերը»: Հունիսի 5-ին Բայրամովը հյուրընկալել է Հունգարի արտաքին գործերի նախարար Սիարտոյին, իսկ բանակցությունների ավարտին մամուլի ասուլիսում ասել, որ Հայաստանից ստացվել է Բաքվի առաջարկությունների պատասխանը եւ «բաց մնացած հարցերի թիվը նվազել է, այստեղ դրական դինամիկա կա»: Բայրամովը կարեւորել է նաեւ Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատումը:

Հաայստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ առաջարկությունների իններորդ փաթեթի փոխանակումից եւ Ադրբեջանի արտգործանախարարի կողմից «դրական դինամիկա» արձանագրելու հաջորդ օրը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի տնօրենի Երեւան եւ Բաքու հեռախոսազանգը մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է «արարողակարգային» կամ «պատահական» գնահատել:

Շվեյցարիան 2017թ. աշնանը հյուրընկալել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցություններից զատ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը դեմ առ դեմ առանձնազրույց են ունեցել: Այդ քննարկումների արդյունքում 2018թ. հունվարին համանախագահներն այցել են Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ: Առաջնահերթություն է համարվել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համալրումը յոթ դիտորդով, բայց Ադրբեջանն այդպես էլ չի համաձայնել:

Ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական բանակցություններով Շվեյցարիայի հետաքրքրվածությունը: Ռուսաստանը Շվեյցարիային մեղադրել է չեզոքությունը խախտելու, Ուկրաինայի հարցում արեւմտյան ալյանսին աջակցելու մեջ եւ հայտարարել, որ Վրաստանի հետ բանակցություններն այդ երկրում չի շարունակի: Մոսկվան շաբաթասկզբին վերստին պնդել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է տեղի ունենա եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւի պայմանավորվածությունների հիման վրա:

Ռուսաստանը չի սատարում հայ-ադրբեջանական նախարարական հանդիպումներն Ալմաթիում շարունակելու գաղափարին: Դատելով Բաքվի արձագանքներից, Ալիեւը հակված չէ բանակցությունները վերստին Մոսկվա տեղափոխելու տարբերակին, բայց մերժում է նաեւ Եվրոպայի խորհդրի միջնորդությունը: Շվեյցարիան Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում հյուրընկալելու մտադրություն ունի՞, Կասիսը Միրզոյանին եւ Բայրամովին նման առաջարկ արե՞լ է:

Բացառված չէ, որ Շվեյցարիան փորձել է հասկանալ, թե Հայաստանը եւ Ադրբեջանը կմասնակցե՞ն Ուկրաինայի հարցով Խաղաղության խորհրդաժողովին, որ կգումարվի մեկ շաբաթ հետո: Եթե Միրզոյանը եւ Բայրամովը մասնակցեն այդ խորհրդաժողովին, ապա հնարավո՞ր է, որ «կողասրահներում» հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպվի: Բայց Հայաստանը եւ Ադրբեջանը կմասնակցե՞ն Շվեյցարիայում կազմակերպվող Խաղաղության խորհրդաժողովին, որի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը բացահայտ թշնամական է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *