«Պետք չէ բացառել եւ այն, որ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի Հայաստան այցի համատեքստում փորձ է արվել խորհրդարանի տրամադրություն շոշափել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրողությունների առնչությամբ, հաշվի առնելով եւ այն, որ փաստացի զուգորդվել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետի, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի անցկացումը Հայաստանում ներքաղաքական դաշտում ծավալվող զարգացումների նոր ալիքի հետ»։
Հակոբ Բադալյան
Ի՞նչ է սպասում ԱՄՆ Հայաստանի խորհրդարանից
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի այց խորհրդարան եւ հանդիպում ԱԺ նախագահի հետ: Այցի առնչությամբ բավականին հետաքրքիր է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածած տեղեկությունը. «Հունիսի 11-ին կայանալիք ԱՄՆ-ՀՀ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստից և փոխպետքարտուղար Օ’Բրայենի այցից առաջ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդումը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ օրենսդիր մարմինների միջև»:
Ըստ ամենայնի, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին եւ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանի այցին նախորդելու հանգամանքի շեշտադրումն իր իմաստով լոկ ժամանակագրական չէ: Պետք է ենթադրել, որ օրակարգում առկա են հարցեր, որոնք ենթադրում են որոշակի դերակատարում Հայաստանի խորհրդարանի համար: Ի՞նչ բնույթի են այդ հարցերը, միարժեք ասելը բարդ է: Դրանք առնչվում են երկկո՞ղմ հարաբերությանը, թե՞ Հայաստանին վերաբերող արտաքին օրակարգի, որի այս կամ այն ծավալումից էլ կախված է հայ-ամերիկյան գործակցության եւ ռազմավարական երկխոսության հեռանկարը:
Անշուշտ պետք չէ բացառել եւ այն, որ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի Հայաստան այցի համատեքստում փորձ է արվել խորհրդարանի տրամադրություն շոշափել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրողությունների առնչությամբ, հաշվի առնելով եւ այն, որ փաստացի զուգորդվել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետի, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի անցկացումը Հայաստանում ներքաղաքական դաշտում ծավալվող զարգացումների նոր ալիքի հետ: Իսկ այդտեղ իհարկե իրադարձությունների տրամաբանությունը առնվազն ծավալվում է խորհրդարանի շուրջ: Պետք չէ բացառել նաեւ ներքին ու արտաքին մոտիվների որոշակի փոխկապակցվածության, փոխազդեցության, եւ ԱՄՆ դեսպանի խորհրդարան այցի հանգամանքը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։