Ներկայումս նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների որակական դրական դինամիկայի հետևանքն է, որ պատերազմը չի խորանում Լիբանանի ողջ տարածքում, այլ մնում է սահմանային շրջանում։ Իրան-ԱՄՆ հարաբերությունները բազմաթիվ ճակատներում են փորձվում և առաջընթաց ու նահանջ արձանագրում: Եվ որքան ԱՄՆ-ը փորձում է սեղմել Ռուսաստանին, այնքան ավելի թուլացնում է Իրանի շուրջ սեղմված օղակը։
Շահան Գանտահարյան
1inTV-ը տեսակապով զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում և Իրանում կատարվող մի շարք իրադարձություններ։
Շահան Գանտահարյանը, մեկնաբանելով Իրանում սպասվող նախագահական ընտրությունները, ասաց, որ ներկայումս գոյություն ունեցող վեց թեկնածուներն էլ իշխանամետ հատվածից են։ Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում նրանցից երեքը։ Թեկնածուներից մեկը Թեհրանի քաղաքապետն է, մյուսը՝ ազգային ժողովի գործող նախագահը, և երրորդը՝ Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անվտանգության խորհրդում։ Իրանի ներքին դրությանն ու իրավիճակին ծանոթ փորձագիտական կենտրոններն ու վերլուծաբաններն առաջնահերթ կարևորում են Իրանի առաջնորդի ներկայացուցչի թեկնածությունը որպես հավանական հաղթող, ինչը ցույց է տալիս, որ Իրանում իշխանությունը մեծ հաշվով պատկանում է հենց հոգևոր առաջնորդին։ Դա երևում է նաև նրանից, որ նախագահ Ռայիսիի մահը մեծ փոփոխություն չի առաջացրել ներքին կառավարման առումով և չի ազդել Իրանի արտաքին քաղաքականության մասով։ Բացի դրանից, Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը բավական կարևոր պաշտոն է զբաղեցնում Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների խմբում, ինչն էլ վերջին տասնամյակներում Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է համարվում։
Կոնկրետ տարածաշրջանի առումով Իրանը արտաքին քաղաքական որևէ լուրջ փոփոխությունների մասին դեռևս չի խոսել ու քիչ հավանական է, որ նման բան կլինի։ Իրանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը վերահաստատել է Իրանի պնդումները տարածաշրջանում ներկայումս գոյություն ունեցող սահմանային իրավիճակի պահպանման առումով, ինչպես նաև այդ ամենին ավելացել է մեկ բան՝ Իրանը դեմ է նաև ժողովրդագրական փոփոխություններին։ Շահան Գանտահարյանի կարծիքով այդ վերջին կետը վերաբերվում է Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող ադրբեջանցիներին․ Իրանը դեմ է, որպեսզի նրանք որևէ չնախատեսված, ծանրակշիռ արտոնությունների տեր դառնան կամ իրավիճակ փոխող գործոն։ Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա, այո՛, մինչև հիմա չկա երկու երկրների հարաբերությունները նոր ու ավելի խորը մակարդակի վրա պահող որևէ պաշտոնական փաստաթուղթ։ Հավանական է, որ Իրանը ոտական ժամանակներում ինչ որ նման բան կառաջարկի կամ կընդունի Երևանի կողմից սպասվող առաջարկը։ Շահան Գանտահարյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Իրանի կողմից դրական ազդակներ կան այդ առումով և լավ օրինակ է Սյունիքում Իրանի հյուպատոսություն բացելու գործողությունը, որին համարժեք է Իրանում, հավանաբար Թավրիզում հայկական հյուպատոսություն բացելու ծրագիրը։
Շահան Գանտահարյանը խոսեց նաև Իրանի՝ ԱՄՆ հետ արտաքին քաղաքականության և Մերձավոր Արևելքում իրանական ազդեցության մասին։ Բոլորն էլ գիտեն, որ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Լիբանանում գործող Հզբոլլահ շարժումը իրանական ազդեցությանն է ենթարկվում, ի տարբություն Համասի, որն ունի նաև թուրքական ազդեցություն, կապված է Կատարի հետ։ Իրան-ԱՄՆ հարաբերությունները երևում են նաև այդտեղ։ Ներկայումս նաև Իրան-ԱՄՆ հարաբերությունների որակական դրական դինամիկայի հետևանքն է, որ պատերազմը չի խորանում Լիբանանի ողջ տարածքում, այլ մնում է սահմանային շրջանում։ Իրան-ԱՄՆ հարաբերությունները բազմաթիվ ճակատներում են փորձվում և առաջընթաց ու նահանջ արձանագրում; Եվ որքան ԱՄՆ-ը փորձում է սեղմել Ռուսաստանին, այնքան ավելի թուլացնում է Իրանի շուրջ սեղմված օղակը։ Կարևոր են նաև Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները։ Թուրքիան, թեև հայտարարում է Իսրայելի հետ ամեն տեսակ հարաբերություններ դադարեցնելու մասին, Իսրայելն անվանում է ցեղասպան երկիր, բայց, Շահան Գանտահարյանի կարծիքով Թուրքիան առավելապես բանավոր խոսքի մակարդակում է այդ ամենն անում և ամեն առումով չի դադարեցնի Իսրայելի հետ ամեն ինչ։ Բացի այդ կա նաև Ադրբեջանը, որի արտաքին քաղաքականությունը չի կարող այս կամ այն գործունեությունն իրականացնել, եթե չլինի Թուրքիայի համաձայնությունը, իսկ Թուրքիան Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները կարող է թանկ գնով վաճառել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝