Ի դեպ, Ադրբեջանը սահմանակից լինելու բերումով՝ հենց այսօր և հիմա է պոտենցիալ ագրեսոր։ Չի բացառվում՝ 1920 թվականի դեկտեմբերի 2‑ի սցենարի կրկնությունը և Հայաստանի անկախության ոչնչացումը, եթե Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը հաղթի։ Ուկրաինայի դեմ պատերազմով՝ Ռուսաստանը վիճարկում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԽՍՀՄ‑ի փլուզումն էր ամրագրում։ Այսինքն, Ռուսաստանը կարող է ունենալ միութենական ստատուս քվո ստեղծելու նպատակ կարող է ունենալ։
Ռոբերտ Անանյան
Ուշագրավ զարգացում է տեղի ունենում։ Հայաստանն ու ԱՄՆ‑ն որոշում կայացրին երկու երկրների միջև ռազմավարական երկխոսությունը բարձրացնել Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի։ Սա բարձրացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։ Եթե այժմ գործող Ռազմավարական երկխոսության ձևաչափը իրենից ենթադրում է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ և քննարկումներ ռազմավարական նշանակության հարցերի շուրջ, ապա Ռազմավարական գործընկերության հանձնաժողովը արդեն առավել կոնկրետ անելիքի և արդյունքի մասին հայ-ամերիկյան ինստիտուցիոնալ կառույց է։
Սա կհամարձակվեմ համարել՝ ինչ-որ իմաստով միմյանց հանդեպ պարտավորություններ ստանձնելու նախաքայլ։ Ստրատեգիական գործընկերության հանձնաժողովը ստեղծվում է կոնկրետ նպատակներով և ծրագրերով զբաղվելու համար, որոնք արդեն համաձայնեցված են երկկողմանի հարաբերությունների շրջանակներում:
Հանձնաժողովը ընդգրկելու է մասնագետներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր աշխատում են կոնկրետ ծրագրերի վրա, ապահովում են դրանց իրականացման վերահսկումը և գնահատում են արդյունքները: Հանձնաժողովը նպատակ ունի ապահովել երկկողմանի համաձայնագրերի և պայմանագրերի կատարման մշտադիտարկումը, ինչպես նաև նոր ծրագրերի մշակումը և իրականացումը: Այսինքն, Ռազմավարական գործընկերության հանձնաժողովը ավելի նպատակային և ծրագրային բնույթ ունի՝ կենտրոնանալով կոնկրետ ծրագրերի և պայմանագրերի իրականացման վրա, օրինակ՝ անվտանգության, տնտեսության, քաղաքականության և այլ ոլորտներում: Ստացվում է, որ ԱՄՆ‑ն և Հայաստանը ինստիտուցիոնալ խողովակ են ստեղծում, որը պետք է գործակցությունը համակարգի, նոր բաղադրիչներ ավելացնի, շտկումներ մտցնի, նոր ծրագրեր գործարկի։ Սա նշանակում է, որ հայ պաշտոնյաները մշտական և պարբերական շփման մեջ են լինելու ամերիկյան գործընկերների հետ՝ համատեղ ծրագրերի կատարումը պահելով ուշադրության կենտրոնում։ Այսինքն, որոշակի իմաստով՝ գործելու է պատասխանատվության մեխանիզմ՝ հայ-ամերիկյան գործակցության ոլորտներում առաջընթաց ապահովելու իմաստով։ Այս հանձնաժողովը թույլ կտա առավել արագ, ճկուն ձևով կոնկրետ ծրագրերի շուրջ գործակցել։
Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի շրջանակում ԱՄՆ‑ն և Հայաստանը կարող են համակարգել իրենց քայլերը ռեգիոնալ և գլոբալ մակարդակներում։ Այսինքն, արտաքին քաղաքականության սինխրոնացում կարող է տեղի ունենալ։ Կողմերը կարող են պայմանավորվել, օրինակ՝ միմյանց շահերի դեմ գործողություններ չիրականացնել։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանի հանդիպումից հետո նշվել են այն ոլորտները, որտեղ ԱՄՆ‑ն կաջակցի Հայաստանին։
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության այսօրվա նիստի օրակարգում քննարկվել են տնտեսության, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի, պաշտպանության, անվտանգության, արդարադատության ոլորտի բարեփոխումները։ Գիտեմ թերահավատ գնահատականների մասին, բայց կհամարձակվեմ նաև պնդել, որ էականորեն փոխվում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։ Մինչ Հայաստանը ԱՄՆ‑ի հետ ռազմավարական գործընկերության հանձնաժողով է ստեղծում, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցում է տեղի ունենում։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանը փորձում է դուրս գալ Ռուսաստանից ունեցած այն վտանգավոր կախվածությունից, որը առաջացել էր Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի վճռական դերակատարման բերումով։ Սակայն քանի որ ռուսաստանը վաճառեց Արցախը Ադրբեջանին, Հայաստանը հետայսու ազատ է հաշվետու չզգալ Կրեմլի նկատմամբ, և պետք է խորացնի ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի հետ գործակցության մակարդակը։ Այս տրանսֆորմացիան զգում է նաև Ռուսաստանը։ Լավրովի տեղակալ Գալուզինը դժգոհել է այն փաստից, որ Երևանը փորձում է իջեցնել հարաբերությունների աստիճանը Մոսկվայի հետ․
«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել: Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել մեր առաջարկի նկատմամբ՝ մշակել և կնքել արտաքին գործերի միջնախարարական խորհրդակցությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղավորությամբ չէ, որ նվազել է պաշտպանական գերատեսչությունների միջև շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,- ասել է Գալուզինը։ Գալուզինի այս հայտարարությունը կեղծ է, քանի որ հայկական շահերը վաճառելու Ռուսաստանի կեցվածքն է Երևանին հարկադրել փոփոխության գնալ արտաքին և անվտանգային քաղաքականություններում։
Սակայն պետք է համաձայնել Գալուզինի հետ և նշել, որ իրապես Հայաստանը խուսափում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունների սինխրոնացումից Ռուսաստանի հետ։ Փոխարենը, անվտանգային բարեփոխումներում դեր է ստանձնում ԱՄՆ‑ն և Ֆրանսիան, որոնք խորհրդատուներ ունեն Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։ Ֆրանսիան նաև ռազմական մատակարարումներ է իրականացնում։
Սա նշանակում է, որ Հայաստանի ստրատեգիական զարգացման վեկտորը Ռուսաստանից թեքվում է դեպի ԱՄՆ և ԵՄ։ Մարդիկ կարող են հերքել այս փաստը՝ ըստ քաղաքական կողմնորոշումների։ Սակայն անհրաժեշտ է հետևել տենդենցներին՝ սառնություն է Ռուսաստանի հետ հարաբերություններում, և տաք եղանակներ են՝ Արևմուտքի ուղղությամբ։ Իհարկե, Հայաստանի համար լավ տարբերակ կլինի, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահ ընտրվի Ջո Բայդենը, ում կառավարման օրոք՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները որակյալ և զգալի առաջընթաց են արձանագրում։ Հայաստանի կյանքում ԱՄՆ‑ն երբեք այսքան մեծ դերակատարություն չի ստանձնել։ Խոսքը միայն համատեղ ծրագրերը չեն, այլ նաև՝ այն ռազմաքաղաքական, դիվանագիտական աջակցությունը, որ ստացել ենք Վաշինգտոնից՝ Անկարայի և Բաքվի հետ հարաբերություններում։ ԱՄՆ‑ն կանգնեցրել է ադրբեջանական ագրեսիաներ, ինչը խոստովանել են նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Կարծում եմ, լիովին իրատեսական է, որ առաջիկա 5–10 տարում Հայաստանը ստանա ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակ։ Որպեսզի այդ սցենարը տեղի ունենա, Ռուսաստանի անկումը և թուլացումը պետք է շարունակվի։ Հայաստանը այդ սցենարին չի կարող նպաստել։ Դա կարող են անել ԱՄՆ‑ն, ՆԱՏՕ‑ն և արևմտյան երկրները։ Հայաստանն ու ԱՄՆ‑ն այսօր ձևակերպել են ընդհանուր շահ, որը Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կտրուկ նվազումն է, ռուսական ռազմաքաղաքական գործոնի բացառումն է։ Հայաստանի շնորհիվ՝ Ռուսաստանն այսօր չի մասնակցում հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսին, Ռուսաստանը չի կարողանում ստանալ Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը, Ռուսաստանը չի մասնակցում սահմանազատման պրոցեսին։ Այս բոլոր ոլորտներում Կրեմլը փորձել է առաջին ջութակի դերը խաղալ, սակայն չի ստացվում։
Որպեսզի Հայաստանը կարողանա վստահ շարժվել ԱՄՆ‑ի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևակերպելու ուղղությամբ, մենք պետք է կատարենք շատ մեծ տնային աշխատանք։ Հայաստանի Զինված ուժերին ամերիկյան և ֆրանսիական մասնակցությունը կարծում եմ միտված են ռուսական մոդելից անցում կատարելը ՆԱՏՕ-ական ստանդարտներին։ Այստեղ վստահ չեմ հայաստանցի պաշտոնյաների գիտելիքների, կարողությունների, նոր մարտահրավերներ հաղթահարելու ունակության, ստրատեգիական մտածողության վրա։ Այնպես որ, միայն արևմտյան որակյալ և շոշափելի միջամտությունը կկերպափոխի Հայաստանի Զինված ուժերը՝ դեպի արդիական և ուժեղ ձևաչափ։
Ապրիլի 5‑ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան հանդիպման արդյունքներով՝ Արևմուտքի երկու խոշոր ուժերը հանձնառություն ստանձնեցին աջակցել Հայաստանին՝ դիմակայունության բարձրացման, տնտեսական զարգացման նպատակով։ Ըստ էության, Արևմուտքն այսօր Հայաստանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում կարևոր գործընկեր, որի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ են ձևավորվում։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը նիստի արդյունքներով՝ հայտարարություն են ընդունել։
Սրանք այն կարևոր ուղղություններն են, որոնք գերակա են Հայաստանի և ԱՄՆ‑ի համար, և առաջիկա տարիներին տեսնելու ենք կոնկրետ ծրագրեր։ Կարևոր է, որ հայ-ամերիկյան գործակցության տեղափոխումը Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակ, ինչը նշանակում է, որ օրինակ՝ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին ամերիկյան մասնակցությունը պարբերաբար հարստացնելու և խորացնելու ինստիտուցիոնալ հարթակ կլինի։ Այսինքն, ստեղծվում է մի հարթակ, որտեղ հայ և ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն կատարած աշխատանքների արդյունքները, նոր ծրագրեր կսկսեն։ Սա նաև միմյանց նկատմամբ հաշվետվողականություն և պատասխանատվություն է ենթադրում։ Առանց դրա՝ իմաստ չունի նման հանձնաժողովի ստեղծումը։
Ըստ հայտարարության, կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը։
Նրանք նշել են եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Սա ազդակ է նաև Ադրբեջանին և Ռուսաստանին, որ ԱՄՆ‑ն քաղաքական աջակցություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և որ ռազմական հարձակումներն ու օկուպացիաներն անընդունելի են Վաշինգտոնի համար։
Ի դեպ, Ադրբեջանը սահմանակից լինելու բերումով՝ հենց այսօր և հիմա է պոտենցիալ ագրեսոր։ Չի բացառվում՝ 1920 թվականի դեկտեմբերի 2‑ի սցենարի կրկնությունը և Հայաստանի անկախության ոչնչացումը, եթե Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը հաղթի։ Ուկրաինայի դեմ պատերազմով՝ Ռուսաստանը վիճարկում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԽՍՀՄ‑ի փլուզումն էր ամրագրում։ Այսինքն, Ռուսաստանը կարող է ունենալ միութենական ստատուս քվո ստեղծելու նպատակ կարող է ունենալ։ ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի հետ գործակցությունը շանս է Հայաստանի համար՝ ոչ բավարար չափով, բայց որոշակիորեն ապահովագրվել, կամ գոնե՝ գնալ այդ ուղղությամբ։
Հայաստանի որոշ արևմտամետ ուժեր պնդում էին, թե Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը սպասարկում է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը։ Մինչդեռ, հանդիպման արդյունքում կա պայմանավորվածություն, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կաջակցի Հայաստանին՝ մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատև խաղաղության միջոցով խրախուսելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապակցվածությունը: Նշվում է, որ այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը և էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:
Բրայանի և Միրզոյանը քննարկումները կենտրոնացել են նաև Հայաստանի պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խթանման վրա՝ ներառյալ ատոմային էներգիայի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առևտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: Ես գիտեմ, որ ԱՄՆ‑ն ներգրավված է Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացման աշխատանքներում, և այդ ռազմավարության մշակումն իրականացրել են ամերիկացիները։ Իսկ Հայաստանի որևէ նախարարությունում չկա մի վարչություն, որը կգրեր Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ռազմավարություն, ինչը վկայում է մեր պետական ինստիտուտների անարդյունավետության մասին։ Մեր տեղեկություններով, Հայաստանն ու ԱՄՆ‑ն պայմանավորվել են կառուցել նոր մոդուլային ատոմակայան։ Նոր ատոմակայանի կառուցման մեջ մասնակցելու հավակնություն է ունեցել նաև Ռուսաստանը, սակայն Հայաստանն ընտրել է ԱՄՆ‑ի առաջարկած տարբերակը։ 2020 թվականից սկսած՝ Հայաստանի և ԱՄՆ‑ի միջև առևտրաշրջանառությունը քառապատկվել է։ Կողմերը քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորություններն՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առևտուրը դյուրացնելու նպատակով: Ես ենթադրում եմ, խոսքն այն մասին է, որ Հայաստանում արտադրված ապրանքները ստանան լիցենցիա՝ ԱՄՆ‑ի շուկա արտահանվելու համար։ Այսինքն, հայաստանցի արտադրողները պետք է բարձրացնեն իրենց ապրանքների ստանդարտները, որ դրանք ընդունվեն ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական շուկաներում։
Նման ձևաչափ կա Եվրամիության հետ, ինչի արդյունքում՝ ԵՄ‑ն Հայաստանում հիմնադրելու է լաբորատորիաներ, որոնց տրամադրած լիցենզիան բավարար կլինի՝ հայկական ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով։ Ենթադրում եմ, կարող է նմանատիպ մոդել ներդրվել նաև ԱՄՆ‑ի հետ։ Ըստ էության, ԱՄՆ‑ն ներգրավված է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներին։ Եվ ըստ հավաստի հրապարակումների՝ ԱՄՆ‑ն խորհրդատուներ է գործուղել Հայաստանի պաշտպանության նախարարություն, որպեսզի Հայկական բանակը ռուսական մոդելից անցում կատարի ամերիկյան մոդելի։
Կարծում եմ, որակյալ բարեփոխումների պարագայում՝ սա հնարավորություն կտա ԱՄՆ-ին և Հայաստանին հետագայում ավելի հեշտ և արագ անցում կատարել ռազմական դաշինքի կնքմանը։ Այդպիսի ձևաչափերից մեկը Հայաստանին ԱՄՆ‑ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակը կարող է լինել։ Նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը և Իսրայելը, որոնք ոչ բլոկային պետություններ են, սակայն ԱՄՆ‑ի հետ ունեն առանձնահատուկ անվտանգային հարաբերություններ։ Հայաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները այսօր ողջունել են 2024 թվականի մայիսին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը։ Կողմերը պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
ԱՄՆ‑ը նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանի Զինված ուժերին՝ խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով, Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:
Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Դա հայ-ամերիկյան խաղաղապահ զորքերի զորավարժություն էր, որ կայացավ անցյալ տարի Երևանում։ Սակայն բացառիկ երևույթ էր, որ ամերիկացի զինծառայողներ էին ժամանել Հայաստան։
ԱՄՆ‑ն կաջակցի Հայաստանի ներքին գործերի նախարարությանը՝ ոստիկանության կրթության զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը՝ հաշվետվողականության և դիմակայունության բարձրացման համար: Միացյալ Նահանգները մտադիր է նաև շարունակել աջակցել հայկական հաստատություններին, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի վրա, ինչպես նաև դատական անաչառության, ամբողջականության և անկախության խթանմանն ուղղված ջանքերին:
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ամուր քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար անկախ միջավայրի զարգացմանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման և թափանցիկության բարձրացման նպատակով: Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին: Հուսանք, Հայաստանի քաղաքացիները կտեսնեն Հայաստանի և ԱՄՆ‑ի հարաբերությունների զարգացման կոնկրետ արդյունքները։ Խանգարող հանգամանքները շատ են, բայց առաջ գնալու և արդյունք գեներացնելու մղումը պետք է գերազանցի այդ բացասական գործոններին։ Ակնհայտ է, որ ԱՄՆ‑ն հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ։ Հայաստանը պետք է ԱՄՆ‑ի հետ շահերի համադրում կատարի՝ առանցքային դեր ստանձնելով մեր ռեգիոնի նոր նշանակությունը և դերակատարումը սահմանելու գործընթացում։ Հատկանշական է, որ ԱՄՆ‑ն և Հայաստանը բարձրացնում են հարաբերությունների մակարդակը՝ Վրաստանի իշխանության կողմից պրոռուսական վարքագծի, Արևմուտքի հետ առճակատման գնալու պայմաններում։ Պետք է գնահատել, թե ինչպես է բարձրանում Հայաստանի նշանակությունը ԱՄՆ‑ի համար, և երկկողմանի օգուտներ գեներացնել այս գործակցությունից։
ԱՄՆ‑ի հետ հարաբերությունը չխորացնելու հակառակ տարբերակը այն է, ինչ տեսել ենք 30 տարի՝ Ռուսաստանից ստրկական կախվածություն, որը ազգային անվտանգության սպառնալիք է դարձել, Ադրբեջանի ագրեսիաների և օկուպացիաների մշտական վտանգ։ Այդ էջը հնարավոր է փակել՝ Հայաստանի նոր դերակատարության ստանձնմամբ՝ դառնալ Արևմուտքի առանցքային գործընկերը ռեգիոնում։
Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։
