Եթե նրանք հինգ տարվա ընթացքում ակտիվ մասնակցեին խորհրդարանական աշխատանքին, ներկայացնեին բովանդակային առաջարկներ և մշտապես աշխատեին ընտրողների հետ, ապա կարող էին զգալիորեն ավելի բարձր արդյունք գրանցել ընտրություններում։
Գեղամ Նազարյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ։ Զրույցի ընթացքում Գեղամ Նազարյանն ամփոփում է խորհրդարանի անցած ուղին և քննադատական հայացք նետում քաղաքական նոր իրողություններին: Նա բացասական կանխատեսումներ է անում ապագա օրենսդիր մարմնի որակի վերաբերյալ՝ շեշտելով, որ ընդդիմադիր դաշտի թուլությունն ու ինտելեկտուալ ցածր մակարդակը ողջ պատասխանատվությունը թողնելու են կառավարող ուժի ուսերին: Նազարյանըխստորեն դատապարտում է ընդդիմադիրների պոպուլիստական վարքագիծն ու կեղծ հայրենասիրությունը, պնդելով, որ նրանք իրականում խուսափում են աշխատանքից, սակայն կառչած են մնում պատգամավորական մանդատներից ու արտոնություններից: Զրույցի առանցքային միտքը պետականության ամրապնդման և միջազգայնորեն ճանաչված սահմանների հետ հաշտվելու անհրաժեշտությունն է՝ որպես ապագա զարգացման միակ իրատեսական ճանապարհ:

Գեղամ Նազարյանը գնահատեց ավարտվող խորհրդարանի աշխատանքը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ այն արժանի է 17 միավորի։ Նա ասաց, որ գնահատականը տրվում է հաշվի առնելով այն չափազանց բարդ պայմանները, որոնցում գործել է խորհրդարանը՝ Հայաստանի սահմանների նկատմամբ պարբերական հարձակումները, Արցախի կորուստը, ներքաղաքական լարվածությունը և անվտանգության խնդիրները։ Միաժամանակ նշեց, որ միավորներ է հանել այն պատգամավորների և խմբակցությունների պատճառով, որոնք, իր խոսքով, չեն կատարել իրենց աշխատանքը, չեն մասնակցել նիստերին, սակայն շարունակել են աշխատավարձ ստանալ։
Գեղամ Նազարյանի կարծիքով՝ հաջորդ խորհրդարանը լինելու է ավելի թույլ, քան գործողը։ Նա դիտարկեց, որ ընդդիմադիր ուժերի ներկայիս կազմն ու որակը թույլ են տալիս ենթադրել, որ խորհրդարանական աշխատանքի հիմնական ծանրաբեռնվածությունը մնալու է իշխանական մեծամասնության վրա։ Նազարյանը նշեց, որ որոշ ընդդիմադիր ուժեր վատնել են իրենց քաղաքական ռեսուրսը՝ հինգ տարվա ընթացքում չկարողանալով արդյունավետ աշխատել և համոզել ընտրողներին։
Պատգամավորը անդրադարձավ նաև իր՝ ընդդիմությունից հեռանալու վերաբերյալ քննադատություններին։ Նրա խոսքով՝ ինքն է իր աշխատանքը կատարել, մինչդեռ նախկին գործընկերներն են հրաժարվել իրենց պարտականություններից։ Նա հիշեցրեց, որ նախկինում պահանջվում էր վարչապետի հրաժարականը, սակայն, ըստ նրա, այդ պահանջների արդյունքը չի արդարացրել սպասումները։

Պատգամավորը կասկածի տակ դրեց ընտրությունների կեղծման մասին հայտարարությունները։ Գեղամ Նազարյանը նշեց, որ ընդդիմադիր շրջանակները նույնիսկ կառավարության սոցիալական ծրագրերը, կենսաթոշակների բարձրացումը, դպրոցների և հիվանդանոցների կառուցումը, առողջապահական ծրագրերը կամ խաղաղության օրակարգը ներկայացնում են որպես ընտրակաշառք։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումները քաղաքական լուրջ վերլուծության չեն դիմանում։
Նազարյանը հիշեցրեց նաև սահմանամերձ բնակավայրերի բնակարանաշինության ծրագրի մասին՝ նշելով, որ այդ ծրագրի հեղինակներից մեկն ինքն է եղել դեռևս այն ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավոր էր։ Նրա խոսքով՝ ծրագիրը ներկայացվել է կառավարությանը ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ երկրի զարգացման նպատակով, և կառավարությունը այն ընդունել է՝ գնահատելով դրա օգտակարությունը։
Անդրադառնալով նախկին ընդդիմադիր գործընկերների գործունեությանը՝ Գեղամ Նազարյանը նշեց, որ եթե նրանք հինգ տարվա ընթացքում ակտիվ մասնակցեին խորհրդարանական աշխատանքին, ներկայացնեին բովանդակային առաջարկներ և մշտապես աշխատեին ընտրողների հետ, ապա կարող էին զգալիորեն ավելի բարձր արդյունք գրանցել ընտրություններում։ Նրա գնահատմամբ՝ հասարակության մի մասի մոտ ձևավորվել էր տպավորություն, թե այդ ուժերը չեն համակերպվում խաղաղության օրակարգի հետ և մշտապես պահպանում են լարվածության մթնոլորտը։
Նազարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտրարշավի ընթացքում գրեթե ոչ մի քաղաքական ուժ չի խոսել Արցախի կարգավիճակի մասին։ Նրա խոսքով՝ քննարկվել է միայն վերադարձի հարցը, այն էլ՝ բավականին անորոշ ձևակերպումներով։
Խոսելով Արցախի խորհրդանիշների օգտագործման մասին՝ պատգամավորը նշեց, որ անձամբ իրեն ավելի մեծ բարոյական իրավունք է վերապահում այդ դրոշը բարձրացնելու համար, քանի որ իր որդին զոհվել է Արցախի Հանրապետությունում։ Միաժամանակ նա քննադատեց այն քաղաքական գործիչներին, որոնք, իր կարծիքով, օգտագործում են Արցախի թեման՝ քաղաքական նպատակներով և ցավ պատճառում տեղահանված մարդկանց՝ առանց իրական լուծումներ առաջարկելու։
Գեղամ Նազարյանը շեշտեց, որ Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրը գործող պետության ամրապնդումն է։ Նա նշեց, որ իր պայքարի նպատակն այն Հայաստանն է, որտեղ տարիներ անց հերոսների ծնողները կկարողանան ասել, որ իրենց երեխաների զոհողությունն իմաստավորվել է ուժեղ ու զարգացած պետության ստեղծմամբ։

Ազգային ժողովի պատգամավորը նաև քննադատեց արտերկրից քաղաքական դաշտ մտնող գործիչներին՝ նշելով, որ Հայաստանի քաղաքական առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է լավ ճանաչել երկիրը, հասարակությունը և լեզուն։ Նրա կարծիքով՝ ընտրողները վերջիվերջո նախընտրեցին իրենց համար ավելի հասկանալի և սոցիալապես մոտ մարդկանց։
Գեղամ Նազարյանը վստահություն հայտնեց, որ ընդդիմադիր ուժերը, որոնք այժմ կոշտ հայտարարություններ են անում, ի վերջո կընդունեն իրենց մանդատները և կմտնեն խորհրդարան։ Նրա գնահատմամբ՝ նրանք տարբեր հիմնավորումներ կներկայացնեն այդ որոշման համար, սակայն վերջնական արդյունքում կօգտվեն պատգամավորական լիազորություններից։
Անդրադառնալով ընդդիմության միավորման մասին հայտարարություններին՝ Նազարյանը նշեց, որ իրական միավորում դեռևս չի տեսնում։ Նրա խոսքով՝ միավորման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ ուժերը հանդես գան միասնական քաղաքական կառույցով և ունենան ընդհանուր առաջնորդություն ու հստակ քաղաքական պատասխանատվություն։
Գեղամ Նազարյանը խոսեց նաև Լևոն Զուրաբյանի և այլ քաղաքական գործիչների մասին՝ նշելով, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հասարակության վերաբերմունքը նրանց նկատմամբ։ Նա ընդգծեց, որ ընտրող քաղաքացին ինքնուրույն է գնահատում քաղաքական ուժերի վարքագիծն ու գործունեությունը և համապատասխան որոշում կայացնում ընտրատեղամասում։

Ամփոփելով՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ իր պատկերացումներում ներկայիս ընդդիմադիր մի շարք ուժեր էական ազդեցություն չեն ունենալու և մնալու են քաղաքական լուսանցքում։ Նրա կարծիքով՝ հասարակությունն ավելի ու ավելի է գնահատում ոչ թե աղմկոտ հայտարարությունները, այլ իրական աշխատանքն ու կոնկրետ արդյունքները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
