Հայաստան

Հայաստանը Բավարար Չափով Հենարան Ունի՞

Նախիջեւանի հետ ցամաքային անարգել հաղորդակցությունը մեր իրավունքն է, – հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ ավելացրել, որ «Ադրբեջանից՝ Ադրբեջան հաղորդակցությունը որեւէ սահմանափակման չի կարող ենթարկվել,»: Բաքվի միակ «զիջումն» այն է, որ հաղորդակցությունը վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը:

Վահրամ Աթանեսյան

Հայաստանն Ունի՞ «Բավարար Ապահովության» Հենարան

ԱԳՆ կոլեգիայի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը գաղտնիք է բացել: Նրա ներկայացմամբ՝ 2022թ. մարտի 5-ին ինքն ընդունել է «բարձրաստիճան միջնորդի» եւ քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը: Ըստ Պուտինի, ինքն առաջարկել է, որ Ուկրաինան զորքերը հեռացնի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի վարչական սահմաններից եւ Ռուսաստանին Ղրիմի հետ կապի ցամաքային միջանցք տրամադրի: Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ՝ Կիեւն այդ առաջարկությունները մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ճնշման տակ: Լրագրողները Կրեմլի պատոնական կայքը «փորփրել» եւ պարզել են, որ 2022թ. մարտի 5-ին Պուտինն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենետին:

Պուտինը ողջունել է Եվրասիայում անվտանգության նոր համակարգի ստեղծման «բելառուսական նախաձեռնությունը»: Պայմանականորեն դա կարելի է անվանել «Եվրասիական անվտանգության խարտիա»: Բաքվի իշխանական մամուլը գրել է, որ «Լուկաշենկո-Ալիեւ մոդելին Նիկոլ Փաշինյանի արձագանքը հիստերիկ է», ինչից հասկացվում է, որ եվրասիական անվտանգության նոր համակարգի անդամը դիտարկվում է նաեւ Ադրբեջանը: Նույն աղբյուրի «տեղեկացվածությամբ», դա փաստացի Ալիեւի աշխատակազմից տեղեկատվական արտահոսք է, «նոր համակարգի քաղաքական կոնտուրները կքննարկվեն Շանհայի համագործակցության կազմակերպության առաջիկա գագաթաժողովում»:

Այդ կառույցի վերջին գագաթաժողովը կազմակերպվել է 2022թ. սեպտեմբերի 12-13-ին, երբ Ադրբեջանը Ջերմուկի ուղղությամբ ներխուժել էր Հայաստանի տարածք: ՇՀԿ գագաթաժողովին հրավիրված էր նաեւ Իլհամ Ալիեւը: Առայժմ հայտնի չէ։ Ալիեւը հուլիսի սկզբներին Աստանայում կայանալիք՝ ՇՀԿ գագաթաժողովին կմասնակցի՞: Ըստ երեւույթին, այնտեղ է լինելու Թուրքիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահը։ Կառույցի անդամն է նաեւ Իրանը։ Հավանաբար «Եվրասիական անվտանգության խարտիայի» գաղափարը ներկայացնելու «պատիվը» կարվի Լուկաշենկոյին։

Բայց խնդիրը ֆորմալությունը եւ ֆամիլյարությունը չեն, այլ՝ թե ինչու՞ է Վլադիմիր Պուտինը պատերազմի երրորդ տարում հրապարակային խոստովանում, որ Ուկրաինայի դեմ հարձակման նպատակը տարածքային ձեռքբերումներ են, նվազագույն դեպքում՝ Ղրիմի եւ Դոնբասի ռուսաստանապատկանության եւ «մայրցամաքային» Ռուսաստանից դեպի Ղրիմ ցամաքային անխոչընդոտ կապի լեգիտիմացումը։

Պոստխորհրդային տարածքի» «անվտանգային ներկալումն» առանց Ադրբեջանի «համակարգաստեղծ» մասնակցության հնարավոր չէ: Ադրբեջանի «խցանափակումը» փաստացի անելանելի է դարձնում Կենտրոնական Ասիայի երկրների եւ Վրաստանի ու Հայաստանի դրությունը: Իսկ Ադրբեջանն ինչու՞ պիտի նման անշնորհակալ դեր կատարի, հանուն ինչի՞: Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, երբ ասում է, որ քառասունչորսօյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար չէր, ուղղված էր Հայաստանի պետականության դեմ:

Նախիջեւանի հետ ցամաքային անարգել հաղորդակցությունը մեր իրավունքն է, – հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ ավելացրել, որ «Ադրբեջանից՝ Ադրբեջան հաղորդակցությունը որեւէ սահմանափակման չի կարող ենթարկվել,»: Բաքվի միակ «զիջումն» այն է, որ հաղորդակցությունը վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը: Ուկրաինան չի ընդունել «Ղրիմի միջանցքի» առաջարկությունը, պատերազմը շարունակվում է: Հայաստանի դեպքում Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան ցամաքային հաղորդակցությունը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ավելին է, քան՝ առաջարկությունը:

«Եվրասիական անվտանգության խարտիան» շոշափում է Հայաստանի համար գերզգայուն այդ հարցը: Դիվանագիտական ինչ ռեսուրս, արտաքին քաղաքական ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանը, ի՞նչ գործիքակազմ, որտե՞ղ եւ ինչպե՞ս կարող է կիրառել, որպեսզի Սյունիքի հարավում կոմունիկացիաները չհայտնվեն «Եվրասիական անվտանգության խարտիայի» ռազմա-քաղաքական «ճիրաններում»: Վաղվա, տեսանելի ապագայի կտրվածքով Բաքուն Ռուսաստանի «խելացնորությունից» նահանջի տեղ եւ ծանրակշիռ ռեսուրսներ միշտ ունի: Որն է Հայաստանի «բավարար ապահովության» հենարանը: Երաշխիքներ չեն եղել եւ չկան:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *