Հայաստան

Հայաստանն Ուժեղացնում Է Դիվանագիտությունը

92 երկրի քաղաքական աջակցությունը լուրջ ռեսուրս է, որպեսզի Երեւանը միջազգային հարաբերություններում հանդես գա որպես ինքնուրույն բանակցունակ կողմ:

Վահրամ Աթանեսյան

Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»

Reuters-ին հայտնի է դարձել Ուկրաինայի Խաղաղության խորհրդաժողովի ամփոփիչ Հայտարարության նախագիծը: Ըստ այդմ, մասնակից երկրները «վերահաստատում են հավատարմությունը ցանկացած երկրի, ներառյալ Ուկրաինայի, տարածքային ամբողջականությանը եւ քաղաքական անկախությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ վեճերի խաղաղ կարգավորման»:

Խաղաղության խորհրդաժողովին մասնակցել է 92 պետություն, 8 միջազգային կազմակերպություն, իսկ Միավորված ազգերի կազմակերպությունը ներկա է գտնվել որպես դիտորդ: Միջազգային այդ հարթակի կարեւորությունն այնքան մեծ է, որ վերջին պահին խորհրդաժողովին միացել է նաեւ Սաուդյան Արաբիան, որ նախապես հայտարարել էր չեզոքության մասին:

Մամուլում եւ սոցիալական ցանցերում մի շարք քաղաքագետներ եւ վերլուծաբաններ խիստ քննադատել են Հայաստանի իշխանություններին, որ ,,հակառուսական խորհրդաժողովին,, մասնակցել է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ հարցադրում արել. «Ի՞նչ է անում Հայաստանը Շվեյցարիայում»: Հատկապես ընդգծվում է, որ Ադրբեջանն այդ խորհրդաժողովին չի մասնակցել:

Իսկ Ադրբեջանն ինչու՞ պիտի մասնակցեր միջազգային խորհրդաժողովի, որտեղ մերժվում է «ուժի իրավունքը» եւ հարգվում պետությունների տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ սահմանների անխախտելիությունը, վեճերի խաղաղ-բանակցային կարգավորումը:

Եւ ընդհակառակը, Հայաստանն ինչու՞ չպիտի մասնակցեր, եթե խորհրդաժողովի քաղաքական կոնտեքստը լիովին համապատասխանում է մեր ազգային շահերին:

Խորհրդաժողովը գործնական նշանակություն չի՞ ունենա, հարցերը ոչ թե թղթով են լուծվում, այլ՝ գետնի վրա ուժերի հարաբերակցությա՞մբ, Ռուսաստանը Հայաստանին կպատժի՞: Սրա՞նք են «անհանգստությունները»: Ռուսաստանը Հայաստանին արդեն պատժել է, իրենց ասած՝ дальше некуда,- բայց մայիսի 16-ին Բաքվում Ալեոսանդր Լուկաշենկոյից բացահայտումից, որ Ալիեւին վստահեցրել է, որ պատերազմում հաղթել կարելի է,- պարզ դարձավ, որ աշխարհաքաղաքական մոսկովյան նախագծումներում սուվերեն Հայաստան չի դիտարկվում:

Այո, շվեյցարական ,,առողջարանը,, Հայաստանին համադարման չէ, բայց 92 երկրի քաղաքական աջակցությունը լուրջ ռեսուրս է, որպեսզի Երեւանը միջազգային հարաբերություններում հանդես գա որպես ինքնուրույն բանակցունակ կողմ: Մենք կուզենայինք իմանալ Ռուսաստանի նախագահի առաջարկությունների վերաբերյալ Չինաստանի տեսակետը,-խորհրդաժողովի «կողասրահներում» ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը:

Սա Պեկինի նկատմամբ դիվանագիտական «եղանի կիրառում է»: Բոլոր պետությունների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության հարգումը վերաբերում է նաեւ Չինաստանին, որ Թայվանի խնդիր ունի: Պեկինում հենց այդպես էլ հասկացել են եւ արձագանքել, որ Թայվանի անկախության ճանաչումը կնշանակի պատերազմ:

Եւ եթե աշխարհի տասնյակ երկների շվեյցարական «առողջարան», չեն ներկայացել, չի հետեւում, թե նրանք պատրաստ են ճանաչել Ղրիմի, Դոնբասի, Խարկովի եւ Խերոսնի ռուսաստանյան օկուպացիան: Պատճառը Կիեւի հանդեպ պարտավորվածությունը կամ «նեոբանդերականության» նկատմամբ համակրանքը չէ. մի երկրի սուվերեն տարածքի օկուպացիան ճանաչել, նշանակում է հարվածի տակ դնել սեփական տարածքի ամբողջականությունը, քաղաքական անկախությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Պոստկոնֆլիկտային աշխարհը, գուցե կամ շատ հավանական է՝ կլինի բազմաբեւեռ, բայց երբեք՝ անարխիկ-քաոսային, որտեղ կգերիշխի ուժի իրավունքը: Նիկոլ Փաշինյանն, ըստ երեւութին, խորքային հարցադրում է անում, երբ ասում է, որ պետք է քննարկել՝ Հայաստանին ձեռնտու է լինել բլոկայի՞ն, թե՞ ոչ բլոկային պետություն: Սա Հայաստանի քաղաքացու որոշելիք հարց է, բայց Հայաստանը պետք է լինի այնտեղ, որտեղ հարգվում է միջազգային իրավունքի ուժը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *