Հայաստան

Տաբուներ Հաղթահարելու Խնդիրը

Խորհրդային Հայաստանում ասում էին, որ անցյալ դարասկզբի ողբերգության պատճառը «դաշնակցական ավանտյուրան» էր: Անկախ Հայաստանում Կարսի անկման պատասխանատվությունը բարդեցին հայ բոլշեւիկների վրա։ Այսօր Շուշիի, ամբողջական Արցախի կորստյան պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինչին նա պարբերաբար հակադարձում է «հինգերորդ շարասյան» մասին հիշատակումներով։

Վահրամ Աթանեսյան

Մենք տաբուներ հաղթահարելու գերխնդիր ունենք

Երեւի քառասունչորսօրյա պատերազմից առաջ էր. ֆեյսբուքում նյութ էր տարածվել, որ զորավար Անդրանիկը Շիրվանզադեին ապտակել է: Իբր՝ իրեն ծաղրելու համար: Գրեցի «որ գրողին ապտակելն ասպետություն չէ: Մանավանդ որ Շիրվանզդեի հեգնանքը տեղին էր: Հիշեցրել էր Վանում ճաշելու խոստումը եւ մատնացույց արել դառնադառն իրականությունը: Նման է «չէ՞ ,,մենք Բաքվում թեյ ենք խմելու,,» (Ստեփանակերտում ասում էին, թառափաձկան/օսետրինայի խորոված ենք ուտելու) քաջախոսությանը:

2023թ. մարտի կեսերին Ստեփանակերտում ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին զգուշացրի, որ կրկնվելու է Վանի գեներալ-նահանգապետության անկման, ռուսական զորքի նահանջի եւ բռնագաղթի նախադեպը, Հակարոն 21-րդ դարի Բանդիմահուն է դառնալո։ Արձագանքից հասկացա, որ այդ իրողություններին բացարձակապես անգետ է։ Մասնագիտության բերումով դասընթաց չի անցել, Մահարու «Այրվող այգեստանները» չի կարդացել, քառորդ դար ապրել է մի իրականության մեջ, որտեղ նման բաների մասին ոչ ոք չի խոսել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քաղաքական Հայեցակարգ այդպես էլ չի ներկայացնում։ Չնայած որ համակիր քաղաքական որոշ գործիչներ, քաղաքագետներ եւ վերլուծաբաններ մշտապես ահազանգում են, որ խոսույթի «քաղաքական բաղադրիչը թույլ է»։ Միամտություն է կլինի ասել, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դա չգիտի կամ չի կարող մի քանի էջի վրա շարադրել ականջահաճո սկզբունքներ։

Գիտի եւ կարող է, բայց չի անում, որովհետեւ, որքանով հասկացվում է, իշխանափոխության նպատակը պատմական իռացիոնալիզմի, ոչ թե Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանությունն է։ Հայոց պատմության մատրիցան այն է, որ «շատ մոտ էինք հաղթանակին, բայց դավաճանվեցինք»։ Ոչ ոք չի խոսում «ասենք, Բագրատունիների ներքին դեգրադացիայից, հայրենակալվածքային էգոիզմից»։ Բոլորը գիտեն, որ Պետրոս Գետադարձը «դավաճանեց, Անիի բանալիները հանձնեց բյուզանդացիներին»։ Բայց ընդունված չէ ասել, որ այդ պետությունը ներսից այնքան փլուզված էր, որ տասնյակ «թագավորներից» մեկին պատմիչը տվել է Անհողին մականունը։ «Թագավոր» է, բայց երկիր չունի, զորք չունի, հարկատու առեւտրական, արհեստավոր, շինական չունի։

Խորհրդային Հայաստանում ասում էին, որ անցյալ դարասկզբի ողբերգության պատճառը «դաշնակցական ավանտյուրան» էր: Անկախ Հայաստանում Կարսի անկման պատասխանատվությունը բարդեցին հայ բոլշեւիկների վրա։ Այսօր Շուշիի, ամբողջական Արցախի կորստյան պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինչին նա պարբերաբար հակադարձում է «հինգերորդ շարասյան» մասին հիշատակումներով։ Բանը հասնում է նրան, որ ԼՂՀ-ն լուծարած Սամվել Շահրամանյանը ենթատեքստով ակնարկում է, թե «ցավոտ բաներ կխոսի»:

Մոտ մեկ ամիս առաջ ֆեյսբուքում մի բավական կիրթ մարդու հետ վիճում էի: Հասանք այնտեղ, որ հարցրի՝ ի՞նչ է կարծում, Հայաստանից վտարանդված Վանո Սիրադեղյանն ինչու՞ է գրել «Դեսանտ Սալոնիկում» էսսեն: Խոսակիցս լռեց: Հարցի ենթատեքստն ստույգ ըմբռնելու համար նա գերազանց պատրաստություն ունի թե գիտելիքների, թե էրուդիցիայի, թե քաղաքական դիտորղունակության առումով: Իսկ «Դեսանտ Սալոնիկում» գրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից շուրջ երկու տասնամյակ առաջ:»

Մենք առաջին հերթին ներքին տաբուներ հաղթահարելու խնդիր ունենք: Որովհետեւ, միեւնույն է, աշխարհը մեզ գիտի՝ ինչպես իրականում եղել ենք, կանք: Եւ եթե բաց չի ասում, չի հետեւում, թե մեր տաբուները չեն խանգարում, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններ կառուցվեն ոչ թե լիրիկական զեղումների, այլ՝ պրագմատիկ, անգամ մերկանտիլ շահերի հիմքով: Ըստ երեւույթին, պետք է սկսել այն կետից, որ տաբուազերծ Հայաստանն ավելի հասկանալի եւ վստահելի է, քան՝ տաբուախեղդը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *