Ալիեւը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել: Մինչդեռ ԱՄՆ պետական դեպարտամենտը հույս ունի, որ այդ միջոցառման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները «կքննարկեն խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության հարցերը»:
Վահրամ Աթանեսյան
ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցի հաջորդ օրն իշխանական մամուլը «սենսացիա» որակեց Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հաղորդակցության հաստատման մասին նրա մոտեցումները: Երկու օր անց նույն լրատվամիջոցը գրում է, որ Միացյալ Նահանգների «դիրքորոշումը կասկածների տեղիք է տալիս», եւ մասնավորեցնում, թե Վաշինգտոնը «փաստացի Ադրբեջանին մղում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ապրանքաշրջանառության դադարեցման, բայց փոխարենը նոր շուկա չի առաջարկում»:
Երկու օրում հասկացվում է, Ալիեւ-Օ՛Բրայան բանակցություններում «միջին միջանցքի հարավային երթուղու» հայաստանյան հատվածի իրավական ռեժիմի թեման առանցքային է եղել: Ըստ երեւույթի, ամերիկյան կողմի տեսակետն այն է, որ այդ հատվածում հաղորդակցությունը եւ բեռնափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի իրավազորության ներքում, նրա ազգային օրենսդրության սահմանված ընթացակարգերով:
Իշխանական լրատվամիջոցի հեղինակը, մինչդեռ, պտտում է հին ձայնասկավառակը եւ հիշեցնում, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետով Հայաստանը «պարտավորված է ապահովել Ադրբեջանից Նախիջեւան անխոչընդոտ հաղորդակցությունը, որի անվտանգությունը կապահովի Ռուսաստանը, բայց քանի որ Երեւանը համառորեն հրաժարվում է, Ադրբեջանը որոշել է Իրանի տարածքով «բարեկամության ճանապարհ» կառուցել։
Անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին, Օ՛Բրայանի Բաքու այցից մի քանի ժամ առաջ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջան-Իրան ուղեանցումը կծառայի նաեւ Ռուսաստան-Իրան հաղորդակցությանը եւ տարակուսանք հայտնել, թե այդ նախագիծն ինչու՞ է անհանգստացնում Վաշինգտոնին: Երեւում է, փոխպետքարտուղար Օ՛Բրայանը վերստին անդրադարձել է այդ խնդրին:
Ամեն դեպքում զգացվում է, որ Ալիեւ-Օ՛Բրայան բանակցություններին Մոսկվա-Բաքու շփում է հաջորդել: Ընդ որում՝ բավական ազդեցիկ մակարդակով եւ Ալիեւի աշխատակազմից մամուլին հրահանգվել է «չոգեւորվել Օ՛Բրայանի «սենսացիոն» առաջարկներով,»: Իսկ երբ թեման մամուլում «խցանվում» եւ հին նարատիվները վերաշրջանառվում են, պետք է հասկանալ, որ Մոսկվայից Ալիեւի «կոշտուկը տրորել են»:
Այս եզրակացության օգտին է խոսում նաեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նկատմամբ Բաքվի իշխանական քարոզչության ակնհայտ զգուշավորությունը: Առ այս պահն Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատել արտգործնախարար Բայրամովի Վաշինգտոն ուղեւորությունը: Տեղեկատվությունը կառուցված է այն մատրիցայով, որ Վրաստանը եւ Հայաստանը կմասնակցեն ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների արտգործանախարարների հանդիպմանը, որին «հրավիրված է նաեւ Ադրբեջանը»:
Դա նշանակում է, որ Ալիեւը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել: Մինչդեռ ԱՄՆ պետական դեպարտամենտը հույս ունի, որ այդ միջոցառման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները «կքննարկեն խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության հարցերը»:
Ալիեւն, իհարկե, Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումից խուսափելու սկզբունքային պատճառ ունի: Հայաստանի հետ իրավական ուժ ունեցող որեւէ փաստաթղթի ստորագրման հարցում նա չի շտապում: ԱՄՆ-ում ներքաղաքական իրավիճակը, մեղմ ասած, չափազանց անկայուն է: Բաքուն Թրամփի հաղթանակի հետ մեծ հույսեր է կապում: Բայց, երեւի, չէր խանգարի «հաճելին օգտակարի հետ համատեղել» եւ ՆԱՏՕ-ի հրավերի մերժումը Մոսկվային մատուցել որպես «հավատարմության եւս մեկ վկայություն»:
Խնդիրն այն է, թե դրանից ի՞նչ է շահում Ռուսաստանը: Ալիեւի նպատակադրվածությունը հասկանալի է՝ պաուզա պահել, արհեստական խոչընդոտներ հարուցել, ներգրավել Թուրքիային, Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրներին՝ Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը համոզելու, որ Հայաստանի տարածքով հաղորդակցության ռեժիմը «պետք է փոխադարձաբար համաձայնեցված լինի»: Այս համատեքստում «Իվանի» զանգն ի՞նչ սպառնալիքներ է պարունակում:
Հոդվածը՝ 1in.am կայքից։