ՄԵՐ ՈՒՂԻՆ

«Հառա՜ջ» Գոռալով Հետ Հետ Են Գնում

ՀՅԴ վերնախավը երևի չի ուզում հասկանալ, որ ինչ էլ ասեն ու անեն, իրենց խոսքերից առաջ մարդկանց է հասնում իրենց մեղքերի շղթաների զնգզնգոցը ու դա լրիվ հերիք է, որ մարդիկ մերժեն նրանց։ Ասված է, որ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա, իսկ ՀՅԴ անունը, դժբախտաբար, վաղուց է դուրս եկել։

Մեր Ուղին

ՀՅԴ ղեկավարությունը վերջնականապես որոշել է կտրել ապագայի հետ իրեն կապող ցանկացած հույս։ Այդ են վկայում Արևմտյան Ամերիկայում տեղի ունեցած ԿԿ ընտրությունները։ Այդ ԿԿ-ը, որ խոշոր հաշվով Հայաստանի ԳՄ կրկնօրինակն է, նորից կնիքով վերահաստատեց, որ կուսակցությունը ոչ միայն որևէ բան փոխելու ցանկություն ու նպատակ չունի, այլև ցույց տվեց, որ հարմարավետ ինքնասպան ճահիճը դաշնակցականներն ավելի են նախընտրում, քան որևէ ցավոտ, բայց առողջարար որոշում։ Ընդհանրապես հայ քաղաքական միտքը միշտ էլ պահպանողական է եղել, վախից մերժել է ամեն նորություն ու որևէ սխալ ընդունելու գայթակղություն, բայց այն, ինչ անում է ՀՅԴ ղեկավարությունը, նույնիսկ ինքնասպանություն էլ չէ, դա դաշնակցական սոցիալիզմի ու պայքարի վերջնական խորտակում ու փոշիացում է։
Հայտարարելով նորացման, երիտասարդացման մասին՝ դաշնակցականները ընտրում են կառավարիչ մարմին, որի անդամների ամենաերիտասարդը 50 անց է, միջինը՝ 55 կամ 60 տարեկան։ Քավ լիցի, տարիքը ծաղրի առարկա չէ ու չի կարող լինել, բայց հարց է առաջանում, թե արդյո՞ք միլիոնից ավել հայ ունեցող համայնքում գոնե մեկ երիտասարդ չգտնվեց, որ արժանի լիներ ԿԿ շարքերում լինելու։ Այդ ի՞նչ սերնդային պատերազմ է հայտարարել ՀՅԴ ղեկավարությունն իր իսկ շարքերին, որ չի կարողանում անգամ մի քանի երիտասարդ գտնել ԿԿ անդամության համար։ Դեռ հարց է, թե չի կարողանո՞ւմ, թե չի ուզում։ Երկու տարբերակներն էլ վատ են։ ԵԹե չի կարողանում, նշանակում է, որ սպառվել է ամբողջովին, եթե չի ուզում, ուրեմն նրանց միտքը միայն անցյալում է, իսկ անցյալում ապագա չկա, սա մի պարզ միտք է, որը նույնիսկ քննարկելու առիթ չի տալիս։
Բացի դրանից, տարիքային խնդրից, հասկանալի է, որ ԱՄՆ ՀՅԴ կառավարիչ մարմնի անդամները նշանակվել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ քասթինգով՝ խիստ ընտրված ու որոշված։ Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ դաշնակցական կառույցը ևս բաղկացած է ռուսամետ, պուտինամոլ մարդկանցից։ Հաշվի առնելով ՀՅԴ ներկայիս կարգավիճակը, անհնար է, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը և Բյուրոն թույլատրեին այնպիսի ԿԿ ընտրություն, որը դեմ կլիներ պուտինիզմին ու ռուսականությանը։
Բայց այդ դեպքում ի՞նչ է ստացվում։ Ռուսամետ ՀՅԴ՝ ԱՄՆ-ում։ Սա արդեն ծիծաղելի էլ չէ, սա արդեն կնքված փաստ է, որ առաջ չենք նայելու, միայն հետ ենք գնում, առաջ առաջ դեպի հետ։ Կարծեմ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանն էր իր ժամանակին ասել, որ «հառաջ պոռալով ետ կերթանք»։ Իսկ և իսկ ՀՅԴ նման։
Իսկ ինչո՞վ է զբաղվելու ԱՄՆ ՀՅԴ ԿԿ-ը։ Չհաշված ՀՀ դեսպանին հայհոյելը, կարմիր ներկ շպրտելը և այլն։ Դա նույնիսկ կուսակցական գործունեություն էլ չէ։ Նման բաներ ինչ որ հասարակական կազմակերպություններ կարող են իրենց թույլ տալ, այլ ոչ թե հանրապետություն կերտած սոցիալիստական կուսակցությունը։ ՀՅԴ-ը հիմա կրկնօրինակում է Քենթերվիլյան Ուրվականին։ Օ․ Ուայլդի համանուն սատիրիկ պատմվածքում մարդկանց վախեցնելու համար ուրվականը սկսում է իր շղթաները զնգզնգացնել ու անընդհատ կարմիր ներկ է քսում ամենուր, իբրև թե արյուն է։ Իսկ մարդիկ նրանից վախենալու փոխարեն առաջարկում են յուղել շղթաները, որ այլևս տհաճ ձայն չգա, ներկն էլ մաքրում են։ Հիմա ՀՅԴ-ը հրաժարվում է ներողությամբ և զղջումով յուղել իր կոռուպցիոն մեղքի շղթաները, որ գոնե փոքր ինչ մեղմացնի իր տասնամյակների անգործության ու իշխանական վերնախավերի հետ աշխատելու մեղքը և շարունակում է կարմիր ներկ շփել այս ու այն կողմ, մանկական չարություն անելով ու դա որպես կուսակցական պայքար ներկայացնելով։ Ու դա անում է մի կուսակցություն, որը հիրավի փառավոր անցյալ ունի։ Ի՞նչ արժե թեկուզ միայն 1920-ականների Արարատի ապստամբությունը Թուրքիայում, երբ ՀՅԴ անմիջական կոորդինացմամբ քրդերը հզոր ապստամբությամբ գրեթե մասնատել էին ողջ արևելյան Թուրքիան, երբ ՀՅԴ հետ անձամբ պարսից շահի ներկայացուցիչներին էին բանակցում։ ՀՅԴ-ը գրեթե միջազգային կազմակերպության համբավ և ուժ ուներ։ Իսկ հիմա՞։ Ինչո՞վ է զբաղված ՀՅԴ-ը։ Այդ ի՞նչ են խոստացել նրան, որ այդպես էլ չի կարողանում կտրվել իր մեղավոր անցյալից։ Այդ ի՞նչ են արել տարիներ շարունակ, որ չեն կարողանում թողնել անցյալում ու առաջ նայել։ Եվ վերջապես ո՞ւր է ՀՅԴ կանոնադրությամբ հաստատված ազգային ու սոցիալիստաան խնդիրներին ուղղված պայքարը։ Ամեն ինչ հականիկոլականության մեջ խցկելով ՀՅԴ-ը ինքն իրեն անօգնական վիճակում է դնում, երբ անձի դեմ փորձում է պայքարել համակարգով ու տապալվում է շարունակաբար։
ՀՅԴ վերնախավը երևի չի ուզում հասկանալ, որ ինչ էլ ասեն ու անեն, իրենց խոսքերից առաջ մարդկանց է հասնում իրենց մեղքերի շղթաների զնգզնգոցը ու դա լրիվ հերիք է, որ մարդիկ մերժեն նրանց։ Ասված է, որ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա, իսկ ՀՅԴ անունը, դժբախտաբար, վաղուց է դուրս եկել։
ՀՀ-ում էլ ՀՅԴ-ը շարունակաբար մասնակցում է ընդդիմադիր շարժումների, առաջնորդում, կոորդինացնում ու ոչ մի արդյունք։ Ամեն անգամ ավելի վատ ու թերի արդյունքով։ Վերջինն իհարկե իրենց կողմակիցների նկատմամբ հայհոյանքն էր, որը ևս հրապարակվեց ու ավելի մեծ ծաղր ստեղծեց կուսակցության շուրջ։ Ի վերջո ՀՅԴ ղեկավարությունը գոնե մի անգամ կարո՞ղ է իր սխալների համար ինքն իրեն էլ մեղադրել։ Չես կարող ամեն ինչ ուրիշի ուսերին բարդել։ ՀՅԴ համբավի իջեցումը նոր չի սկսվել։ Դեռ ոչ Նիկոլը կար, ոչ էլ Արցախյան պատերազմը ու նույնիսկ չէր էլ նշմարվում նման բան։ Ի վերջո Փաշինյանը չի փոշիացրել ՀՅԴ վարկն ու համբավը, ոչ էլ 44-օրյա պատերազմն է դրան հանգեցրել։ Մարդիկ հիշողություն ունեն և վիրավորանքները շատ ուշ են մոռացվում, երբեմն էլ ընդհանրապես չեն մոռացվում։ Իսկ ՀՅԴ վերնախավը տասնամյակներով է նեղացրել մարդկանց, որոնց թվում քիչ չեն եղել նաև կուսակիցներ, ովքեր ինչ որ մի պահ արդեն զզվել են կանոնադրությամբ արդարացվող բիզնես-ծրագրերից ու դուրս են եկել այդտեղից։ Իսկ ինչո՞ւ։ մեղավոր են բոլորը, բացի իրենցից։
ՀՅԴ-ը շարունակում է պայքարել գաղափարական ծերացումով ու անցյալում խճճվելով, ներկեր քսելով ու հայհոյանքով։
Իսկ սոցիալի՞զմը, իսկ գաղափարախոսությո՞ւնը։
Դրանք մնացին հեռու հեռվում, որպես անփոփոխելի ու մոռացվածԼԼ հավիտենականություններ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *