Հայաստան

Ձգձգող Արևմուտքն Ու Շտապող Արևելքը

Չին-ադրբեջան ռազմավարական հռչակագրով Չինաստանը պարտավորվել է արդիականացնել Ադրբեջան-Վրաստան հաղորդակցությունը: Չինաստանը խոշորածավալ ներդրումներ է անում Վրաստանում: Աստանայում Իլհամ Ալիեւը փաստացի հակադրվել է Կենտրոնական Ասիայում Արեւմուտքի աշխարհաքաղաքական նախագծումներին:

Վահրամ Աթանեսյան

Եվրաբյուրոկրատիզմի դեմ՝ ասիական պրագմատիզմ

Աստանայում Սի Ծինփին-Ալիեւ հանդիպումից պարզ է դարձել, որ Ադրբեջանի նախագահը Շանհայի համագործակցության կազմակերպության հաջորդ գագաթաժողովի մասնակցության հրավեր է ստացել: Այն եկող տարի կգումարվի Չինաստանում, իսկ Իլհամ Ալիեը մասնակցությունը տեղի կունենա Պեկին պետական այցի մակարդակով: Անոնսավորվել է, որ ՇՀԿ հաջորդ գագաթաժողովում կքննարկվի կազմակերպության հետ Ադրբեջանի հարաբերությունների իրավական կարգավիճակի բարձրացման հարցը: Սա նշանակում է, որ Ադրբեջանն առնվազը ՇՀԿ դիտորդ անդամ կդառնա: Չինաստանը ողջունել է նաեւ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի ցանկությունը եւ օժանդակության պատրաստակամություն հայտնել:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով ծրագրվում է անցկացնել առաջիկա նոյեմբերին: Տարեսկզբից կազմակերպության նախագահությունն անցել է Ռուսաստանին: Նախապատրաստական աշխատաննքերի նպատակով վերջերս Նիժնի Նովգորոդում անցկացվել է նախարարական հանդիպում, որին մասնակցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը ՇՀԿ Աստանայի գագաթաժողովին ընդառաջ ասել է, որ ԲՐԻԿՍ-ն այս փուլում ընդլայնման ծրագիր չունի:

Այդուհանդերձ ենթադրելի է, որ Ալիեւը նոյեմբերին կհրավիրվի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որն ի դեպ կգումարվի Կազանում: Կազանը պատմականորեն Ոսկե հորդայի մայրաքաղաքն է, իսկ Արեւելյան Ասիայից եւ Կենտրոնական Ասիայից թուրքական էթնիկ խմբերի դեպի արեւմուտք տեղաշարժն սկիզբ է առել «Մետաքսի ճանապարհի» գործարկման ժամանակներից: Աստանայում հուլիսի 3-ին Ղազախստանի նախագահ Տոկաեւը եւ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պաշտոնապես տվել են Տրանսկասպյան երթուղու մեկնարկը:

Չին-ադրբեջան ռազմավարական հռչակագրով Չինաստանը պարտավորվել է արդիականացնել Ադրբեջան-Վրաստան հաղորդակցությունը: Չինաստանը խոշորածավալ ներդրումներ է անում Վրաստանում: Աստանայում Իլհամ Ալիեւը փաստացի հակադրվել է Կենտրոնական Ասիայում Արեւմուտքի աշխարհաքաղաքական նախագծումներին՝:Արեւելյան գործընկերության ծրագիր իրականացնող Եվրամիությունը փաստացի կարող է մնալ ձեռնունայն: Մրցակցության մեջ գերիշխում է ասիական պրագմատիզմը: Դա արտացոլված է չին-ադրբեջանական հռչակագրում, որտեղ կողմերը մերժում են մարդու իրավունքների եւ ազատությունների ունիվերսալությունը:

Դժվար է ասել՝ Աստանայում Ռուսաստանը կորցրե՞լ է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի հսկողությունը, այն հանձնե՞լ է Չինաստանին եւ Թուրքիային, թե դրվել է եվրասիական անվտանգային համակարգի տնտեսա-քաղաքական հի՞մքը: Հարցի պատասխանից ըստ էության քիչ բան է փոխվում: Ակնհայտ է, որ Եվրամիությունը եւ Միացյալ նահանգները կամ պետք է լրջագույն, երկարաժամկետ եւ շատ ծախսատար մրցակցություն ծրագրավորեն, կամ Չինաստանի եւ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ փոխզիջումներ փնտրեն: Շատ հիպոթետիկ կլինի պատկերացնել, որ Բրյուսելը հրաժարվելու է բյուրոկրատական մանրախնդրությունից եւ դռները լայնորեն բացելու է Վրաստանի եւ Հայաստանի առջեւ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *