«Թավշյա իշխանությունը» սրբեց արդարացրեց գրեթե բոլորին: Հասարակ քաղաքացին պարտավոր չէ իրավաբան լինել, կամ առավոտից իրիկուն դատական լսումների գնալ: Հասարակ քաղաքացին տեսնում է, թե ինչպես են Փաշինյանի օրոք արդարացվում բոլոր նրանք, ում դեմ պայքարի խոստումով ժողովրդին հեղափոխության էր դրդում հենց նույն Փաշինյանը:
Մեր ՈՒղին
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և ևս երկու աշխատակցի դատական գործերն ավարտվեցին: Նրանք մեղավոր ճանաչվեցին տարբեր հոդվածներով, դատապարտվեցին ազատազրկման…ու հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին՝ վաղեմության ժամկետի և համաներման գործոններով:
Այն, որ Հայաստանում արդարադատությունը ոչ մի կերպ չի կայանում՝ հայտնի երևույթ է: Վլադիմիր Գասպարյանի կամ Լևոն Երանոսյանի գործերն ինչ որ բացառիկ երևույթներ չէին: Նույն վաղեմության ժամկետով արդարացվել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հանցանշանների անբավարարության հետևանքով կարճվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը և այսպես շարունակ: 2018թ. այս կողմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ձերբակալությունների մասին են հայտարարվել, ընդ որում դրանց մեջ եղել են կաշառք տալու կամ վերցնելու, պետական դավաճանության, իշխանության զավթման, մահափորձի կազմակերպման, թմրանյութերի իրացման, փողերի լվացման և այլ մեղադրանքներ և այդ մեղադրանքների 90 և ավել տոկոսի դեպքում մեղադրյալները արդարացվել են, դատական գործերը փակվել են ու վերջ: Նիկոլ Փաշինյանը, ով մշտապես խոսում է արդարադատության կայացման, անցումային արդարադատության, վեթինգի մասին, խոշոր հաշվով ոչ մի բան էլ չի արել այդ ուղղությամբ: Արդարադատական համակարգը ոչ թե կաղում է, այլ պարզապես կանգնած է: Անգամ ամենափոքր դատական գործերը երկար և անարդյունավետ քաշքշուկների են վերածվում, բյուրոկրատական ձևականությունները կարող են խեղդել ցանկացած համբերություն և այս ամենի հետևանքը չկայացած արդարադատական համակարգն է ու հասարակության սպասումների ի դերև ելնելը: «Թավշյա իշխանությունը» սրբեց արդարացրեց գրեթե բոլորին: Հասարակ քաղաքացին պարտավոր չէ իրավաբան լինել, կամ առավոտից իրիկուն դատական լսումների գնալ: Հասարակ քաղաքացին տեսնում է, թե ինչպես են Փաշինյանի օրոք արդարացվում բոլոր նրանք, ում դեմ պայքարի խոստումով ժողովրդին հեղափոխության էր դրդում հենց նույն Փաշինյանը: Ու այստեղ ոչ թե հասարակական պահանջ կա անձամբ Ռոբերտ Քոչարյանին կամ նախկին պաշտոնյաներին հենց այնպես դատելու ու բանտարկելու, այլ արդարության մեծ պահանջ: Ու եթե «նախկինները», որոնց արած ապօրինությունների, թալանի, չարաշահման մասին առավոտից իրիկուն գոռում են ՔՊ-ականներն իրենց առաջնորդ Փաշինյանի հետ, արդար են, ապա էլ ո՞րն էր Փաշինյանի իշխանության գալու ու հիմա էլ պաշտոնավարումը շարունակելու իմաստը: Մարդիկ Փաշինյանի հետևից գնացին հենց անարդարություններից զզված, հոգնած, գնացին ու նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո կրկին նրան իշխանություն ընտրեցին այն հավատով, որ Փաշինյանն ու իր թիմը արդարություն է կայացնելու, որ պատժվելու են բոլոր նրանք, ովքեր մասնակից են Հանրապետությունը չոքեցնելու ու այս օրին հասցնելուն:
Բայց արի ու տես, որ ՔՊ օրոք բոլորը արդարացվում են: 1in.am-ի հետ զրույցում նախկին դատախազ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը այդ մասին խոսելիս ասաց, որ լրիվ տրամաբանական է այն խայտառակ վիճակը, որ հիմա կա: Եթե Քոչարյանը կամ Սարգսյանը չեն դատվում, ապա նրանց տեղակալները ինչո՞ւ պիտի դատվեն: Դեռ չասած այն տասնյակ ու հարյուրավոր ավելի ցածր պաշտոնյաների մասին, ովքեր թաթախված են կոռուպցիայի ու ապօրինությունների մեջ: Այո՛, դատական իշխանությունն ազատ է, բայց ո՞րն է այդ ազատության իմաստը, եթե այն չի աշխատելու: Դատարանները ստանում են փնթի սարքված գործեր, որոնց նկատմամբ եզրակացությունը կամ արդարացումն է վաղեմության ժամկետով ու համաներմամբ, կամ ինչ որ չնչին պատիժներ: Այստեղից է պետք սկսել: Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է դատախազությունը զբաղված անօգուտ հայցերով ու չաշխատող մեղադրանքներ սարքելով, որոնք դատարաններին կանգնեցնում են փաստի առաջ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դատախազության ներկայացրած գործերը գրեթե բոլորը «ժամկետն անց» կարգավիճակ ունեն: Սա մի խոշոր խնդիր է, որի նկատմամբ ոչ մի բան չի ձեռնարկվում: Սիրունյանի բնորոշմամբ՝ հաջորդ գործը, որը վաղեմությամբ կամ համաներմամբ կփակվի, Աղվան Հովսեփյանի գործն է: Նրան էլ կարդարացնեն: Հիմա էլ Գագիկ Խաչատրյանի գույքի հետ բերման մասին են խոսում, կխոսեն. Կխոսեն, կանցնի կգնա: Հաջորդ տարի էլ մեկ ուրիշի մասին կխոսեն ու այսպես շարունակ…
Հարկ է հիշել, որ դեռևս 2019թ. Փաշինյանը անցումային արդարադատության մասին էր խոսում, անգամ վեթինգ խոստացավ, որն իհարկե չարվեց: Ընդամենը մի օր առավոտյան մի քանի ժամ մարդիկ արգելափակեցին դատարանները ու վերջ: Այդ վեթինգային ֆլեշմոբը իր անլրջությամբ կարծես վերահաստատում էր, որ արդարադատությունը չի կայանալու ու ոչինչ էլ չի փոխվելու: Վեթինգ չարվեց, ոչ մի փոփոխություն էլ տեղի չունեցավ: Բայց դրա փոխարեն հերթով արդարացվում են բոլոր նրանք, ովքեր հասարակական ընկալմամբ ու Փաշինյանի և իր թիմի բնորոշմամբ պատասխանատու են Հայաստանին պատահած դժբախտությունների համար: Այդ դեպքում կրկին հարց է առաջանում, թե ո՞րն է Փաշինյանի՝ վարչապետ մնալու իմաստը, եթե նա չի կարողանում գոնե այնպիսի կադրային քաղաքականություն իրականացնի, որ Հայաստանում արդարադատական համակարգում ինչ որ բան փոխվի: Միայն «ասֆալտին փռելով» հո չի: Ի՞նչ իմաստ ունի այդ ամենը, եթե շարունակություն չկա: Այսինքն Փաշինյանն ընդամենը էժան թատրո՞ն է խաղում, որ տպավորություն առաջացնի, թե իբր հանցագործության դեմ պայքար է ընթանում:
Փաստաբան Սիրունյանը նշում է, որ վեթինգը մեկ երկու դատավոր փոխելով չէ, այլ պետք է հեռացնել դատավոր, դատախազ, քննիչներ…բոլորին: Անկախ նրանից լավն է թե վատը: Հարկավոր է համատարած հեռացնել բոլորին և ուղարկել արտասահան վերապատրաստման, որ տեսնեն ու սովորեն, թե ինչպիսին է դատարանն ու դատական համակարգը, իսկ հետո այդ բոլորը պիտի քննության տան: Ու քննությունն էլ Հայաստանից ոչ ոք չպիտի ընդունի, այլ դրսի իրոք նորմալ մասնագետները: Լավ ցանկության դեպքում կարելի է 3-4 ամսում վերջացնել այդ ամենը: Թող երեք ամիս էլ մի քանի հերթապահ դատախազ ու դատավորով յոլա գնանք, միևնույն է հիմա որ այդքան դատավոր ու դատախազ ունենք, արդյունքը զրո է: Եթե սա չարվեց, պետք է մոռանալ ամեն տեսակի արդարադատության որակի լավացման մասին ընդհանրապես:
Դատական վիճակի խայտառակ փնթիության մասին նշում են նաև Դանիել Իոանիսյանը, Դավիթ Ստեփանյանը և բազմաթիվ շարքային քաղաքացիներ: Արդարադությունը Հայաստանում վտանգված է: Սա պարզապես կարող է ծնկի բերել Հայաստանը: Պետությունը չի կարող ապրել անարդարության պայմաններում, հենց դրանից են քանդվում պետությունները, երբ անարդարությունը դառնում է համակարգային:
ՔՊ-ը անմիջականորեն պատասխանատու է այս ամենի համար: Եթե նրանք ի զորու չեղան անցումային արդարադատություն իրականացնելու, այլ շարունակեցին զբաղվել ԱԺ-ում հայհոյանքներով ու միայն խոսելով, նրանցից պատասխան է պահանջվելու ոչ միայն չարված աշխատանքի, այլ ժողովրդի հույսը չարաշահելու և մարդկանց խաբելու համար: