ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ինքնասպանություն Հայկական Ձևով՝ Արտագաղթ

1991թ․ առ այսօր Հայաստանից գնացել ու չի վեդարձել մեկ մլն-ից ավել մարդ։ Գնացողները հիմնականում եղել են աշխատելու լավ տարիքում գտնվողները։ Նրանք իրենց հետ տարել են իրենց երեխաներին, իրենց տնտեսական ու ֆինանսական պոտենցիալը, ուղեղային հնարավորությունները։

Արայիկ Մկրտումյան

Արտագաղթն ավերում է Հայաստանը։ Ավելի ուժեղ, քան որևէ այլ բան։ Ո՛չ պատերազմը, ո՛չ տնտեսությունը և ոչ էլ որևէ այլ բան այնպես չի հարվածում, ինչպես արտագաղթը։ ՔՊ խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ մտահոգիչ իրավիճակում ենք կագնած և կառավարությանը կոչ էր արել որքան հնարավոր է շուտ իրավիճակը փոխելու ծրագրեր իրականացնել, որովհետև նվազող ժողովրդի պարագայում մենք չենք կարող գոյատևել որպես պետություն, որովհետև նվազող բնակչությամբ հնարավոր չէ ունենալ ուժեղ տնտեսություն, անվտանգություն և այլն։ Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս անդրադարձել էր այդ խնդրին՝ նշելով, որ արտագաղթողների մեջ քիչ չեն ընտանիքներ, ովքեր գնում են, որպեսզի իրենց որդին կամ որդիները խուսափեն զինվորական ծառայությունից։

Նկատենք, որ միջին հաշվով Հայաստանից ամեն տարի մեկնում և չի վերադառնում միջինում 35-40 հազար մարդ։ Տասը տարվա ընթացքում դա կազմում է երկու հարյուր հազարից ավել։ Վերջին տարիներին Հանրապետության բնակչության թվաքանակի կազմում դրական աճ նկատվել է հատկապես 2023թ․, բայց դրանում ոչ մի ուրախանալու բան չկա, քանի որ բնակչության ավելացումը կապված է եղել 2023թ․ սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափումով, երբ Հայաստան տեղափոխվեց մոտ 100 հազար մարդ, բայց դրանից հետո էլ նրանց մի մասը Հայաստանից հեռացել է։ Նշվում է 10-30 հազար մարդ։ Միայն 2016թ․ Հայաստանից մեկնել ու չի վերադարձել ավելի քան 90 հազար մարդ։

Հայաստանից մեկնողների թվում հաճախ հաշվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողներին։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանից մի քանի տասնյակ հազար մարդ է մեկնել Ռուսաստան, բայց միջազգային դրության սրումից հետո Ռուսաստանում առաջարկվող աշխատավարձները այլևս չեն բավարարում հայաստանյան կենսապայմանները, ուստի այդ ուղղությամբ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը համեմատաբար կրճատվել է։ Փոխարենն ահռելիորեն մեծացել է ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնածները։ Մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ մեկնել ցանկացողների թիվը գերազանցել է երկու միլիոնը։ Սարսափելի ցուցանիշ է այն, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում գրին քարտի խաղարկությանը մասնակցել էր երկու հարյուր հազարից ավել մարդ։ 

Ստացվում է, որ ԱՄՆ և Եվրոպա մուտքի վիզայի անարգել լինելը և Ռուսաստանում բարձր աշխատավարձերը կարող են ընդամենը մի քանի, առավելագույնը 5 տարվա ընթացքում ամբողջովին դատարկել Հայաստանը։ Որովհետև շատերը կան, որ չեն գնացել, ոչ թե այն պատճառով, չեն ցանկացել, այլ չեն կարողացել։ 

Ընդ որում սա ինչ որ նոր վախ չէ։ Արտագաղթն ավերում է Հայաստանը դեռևս 1990-ականներից սկսած, երբ Սպիտակի ողբերգական երկրաշարժը, Արցախում պատերազմը, տնտեսական բարդությունները, իսկ հետո քրեաօլիգարխիկ իշխանական տարիները, համատարած կոռուպցիան, անարդարությունները և հուսահատությունը պատճառ դարձան, որ Հայաստանից մեկնեն ու չվերադառնան միլիոնից ավել մարդ։

Այս թվերը կարող են համեմատվել միայն համիդյան ջարդերի հետ, երբ երեսուն տարում արնախում Աբդուլ Համիդը կես միլիոնի հասնող հայ կոտորեց Արևմտյան Հայաստանում։ Եվ ահա Երրորդ Հանրապետության տարիներին Հայաստանը կայուն քայլերով ինքնաոչնչանում է, որովհետև արտագաղթը ոչ միայն էապես վնասում է ներկան, այլև զրկում ցանկացած տեսակի ապագա ունենալու հնարավորությունից։

Դատարկվող Հայաստանը չի կարող համապատասխան քանակի բանակ ունենալ, տնտեսություն կառուցել, արտադրություն հիմնել։ Պարզապես անհնար կլինի, որովհետև մարդիկ պարզապես չեն հերիքի։ Այս դեմոգրաֆիական աղետը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ սպիտակ ցեղասպանությունը, որ տեղի է ունենում, կարող է շատ հանգիստ իրականացնել հայ ժողովրդի հին ու նոր թշնամիների երազանքը՝ Հայաստանն առանց հայերի։

Բոլորս հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ Արցախում։ Արցախը, որ իր տարածքով Լիբանանից մեծ էր, ուներ ընդամենը 120 հազար հոգանոց բնակչություն, համեմատած Լիբանանի մոտ յոթ մլն բնակչության։ Եվ Արցախն ընկավ նաև այն պատճառով, որ ուներ ընդամենը 120 հազար բնակչություն, իսկ ՀՀ-ը ընդամենը 3 մլն։ Եթե Արցախն ունենար գոնե մեկ մլն բնակչություն, իսկ ՀՀ-ը՝ գոնե հինգ մլն(ինչը լրիվ իրատեսական էր, եթե հաշվի առնենք, որ հայաստանն անկախացել էր մոտ 4 մլն բնակչությամբ), ապա Արցախը կարող էր ինքնուրույն ունենալ ամենաքիչը 50-70 հազարանոց մշտական բանակ, իսկ ընդհանուր մոբիլիզացիայի դեպքում՝ առնվազն 150-170 կամ նույնիսկ 200 հազար և ավելին։ Հայաստանը կարող էր ունենալ մշտական 200 հազարանոց բանակ, իսկ համընդհանուր մոբիլիազացիայի դեպքում մարտի կհաներ ամենաքիչը կես մլն բանակ։ Իսկ ինչո՞ւ այդ ամենը հնարավոր չեղավ։ Այն պատճառով, որ Հայաստանում երեք մլն մարդ չէր ապրում, իսկ Արցախում՝ ընդամենը 100 հազար։ Եվ Հայաստանից Արցախ ուղարկված զինվորների հետ մեկտեղ Արցախի ՊԲ թիվը չէր անցնում 20-22 հազարից։ Ադրբեջանը չէր կարող կռվել ՀՀ ու ԱՀ միացյալ 500-700 հազարանոց բանակի դեմ։ Ոչ ոք չէր կարող։ 

1991թ․ առ այսօր Հայաստանից գնացել ու չի վերադարձել մեկ մլն ից ավել մարդ։ Գնացողները հիմնականում եղել են աշխատելու լավ տարիքում գտնվողները։ Նրանք իրենց հետ տարել են իրենց երեխաներին, իրենց տնտեսական ու ֆինանսական պոտենցիալը, ուղեղային հնարավորությունները։ Գնացել են զինվորներ, գիտնականներ, ուսուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ։ Նրանց մի մասն արտասահմանում ամուսնացել է ուրիշ ազգի հետ։ Տասնյակ հազարավոր երեխաներ Հայաստանում չեն ծնվել։ Տասնյակ հազարավորներն ընդհանրապես չեն ծնվել։ Նրանց երեխաները, որ այստեղ կամուսնանային ու երեխաներ կունենան, իրար չեն հանդիպել։ Հայ ընտանիքները, որ պիտի կառուցվեին, չեն կառուցվել։ Չկառուցված ընտանիքների երեխաները չեն ծնվել։ Մեկ մլն մարդու պոտենցիալը ցրիվ է եկել աշխարհով մեկ։ Փոշիացել է։ Մեկ մլն֊ը, որ 30 տարում կդառնար գոնե 3 մլն, տարեց֊տարի մաշվել ու զրոյացել է արտասահմանում։ Արտագաղթը ավերել է մեր ներկան ու մաշել ապագան։ Ու նույնը շարունակվում է հենց հիմա։

Այս ամենը պարզապես ինքնասպանություն է։ Ուղիղ ճանապարհ դեպի պետականության գերեզման։ Մենք կարծես վարակվել ենք նիհիլիզմով ու ձգտում ենք դեպի ոչնչականություն։ Էմիլ Սիորանն անգամ կնախանձեր մեր հավաքական պետական ինքնասպանության այս խելահեղ ձգտումին։

Այս թույլ ու ավերիչ ժողովրդագրությունը ուղիղ ճանապարհ է դեպի գերեզման։ Բժշկության մեջ հայտնի է «անորեքսիա» հիվանդությունը, որն անընդմեջ նիհարելու հիվանդությունն է։ Եվ հեգնանքն այն է, որ օրգանիզմը հաճախ կարող է չդիմադրել այդ անորեքսիային ու չդադարի նիհարել, եթե անգամ մարդը այլևս չի ուզում։ Քիչ չի պատահում, որ օրգանիզմն այնպես է թուլանում, որ արդեն չնայած բոլոր ջանքերին՝ նիհարում է մինչև սպառվելը, մահանալը։ Թող ոչ ոք հիմար վստահություն չունենա, թե մեր հավաքական օրգանիզմը ունակ է անվերջ սթրեսներին դիմակայելու։ Եվ չմոռանանք նաև, որ մենք շրջապատված ենք թուրք-ադրբեջանցիներով, որոնք բազմանում են անհավատալի արագությամբ։ 

2024թ մենք ունենք պարտությունների մի ամբողջ շարք ու հազարավոր զոհեր, կորցված հայրենիք։ Ի՞նչ ենք մենք առաջարկում այդ ամենի դիմաց։ Արտագաղթ։ Մեր ընկերներն ու որդիները իրենց կյանքով են պաշտպանել այս հայրենիքը, որը մենք լքում ենք այսքան հեշտ ու թեթև։ Մենք ինքներս ենք ավերում ու ամայացնում մեր երկիրը։ Ու ընդհանրապես  արժեք չունի, թե որ նախարարը, վարչապետը կամ պատգամավորը մտահոգ կխոսի, թե ոչ։ Կարևորը այն է, որ մենք շարունակում ենք օրեցօր մաշվել։ Մենք մաշվում ենք ու ամեն գնացողի հետ թուլանում է մեր ընդհանուր ուժը, տնտեսությունը, կրթությունը, թուլանում ենք մենք։ Թուլանում է Հայաստանը, թուլանում է մայր հայրենիքը, որի զավակները անվերջ լքում են նրան։

Եվ այո՛, այս հարցն առաջին հերթին իշխանությունների գործն է։ Նրանք է, որ պարտավոր են րոպե առաջ կանգնեցնել այս ինքնակործան հեղեղը։ Թեկուզ և ամենաանհնարին գնով, բայց կանգնեցնել։ Բայց և ամեն հայ է պետք է ի՛ր բաժին պատասխանատվությունն ունենա ու զգա։ Եվ վերջում հիշենք Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքը՝

«Նորից և վերջին անգամ հրապարակավ դիմում եմձեզ հայ գյուղատնտեսներանասնաբույծներանտառագետներհանքագետներջրագետներայգեպաններկաթնատնտեսներ և ուրիշմասնագետներ՝ եկե՛ք Հայաստանուր ձեզ համարկա առատ գործ և հարմար պաշտոններ։
Ճիշտ էՀայաստանում աշխատելն այժմ դժվար է ևկապված է զոհողությունների հետբայց եթե դուք չեքգալու դժվարին օրերինեթե չեք կամենումզոհողություն անել այսօրվաղըերբ հասնեն լայն ուհեշտ օրեր՝ դուք այլևս ավելորդ եք Հայաստանիհամար։
Ինչու՞ ռուսըլեհը կարող են հիմա էլ ծառայելՀայաստանումիսկ դուք չեք կարողո՞ր օրվա համարէ ձեր հայրենասիրությունը։
Թե՞ կարծում եքոր ԹիֆլիսումՊոլսում ևԱմերիկայում նստածգեղեցիկ ճառերարտասանելով ու լավլավ խորհուրդներ տալով մեզ՝արդեն իսկ կատարած եք լինում ձերազգասիրական պարտականությունները։
Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանիբարեկամ՝ եկե՛ք Հայաստանեթե չեք գալիսթողե՛քՀայաստանը հանգիստ։ Հայաստանը ձեր ճառերինու խորհուրդներին կարոտ չէՀայաստանին ձերգործն է հարկավորձեր հմտությունըձերմասնագիտությունըձեր հայագիտությունը։
Եկե՛ք»։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *