Հայաստան

Ե՞րբ Փակվեց Արցախի Քաղաքական Հարցը

Պրահայից հետո Նիկոլ Փաշինյանը համաձայն է եղել ԼՂ եւ հայ-ադրբեջանական կարգավորման ռուսաստանյան նախաձեռնությանը, Ադրբեջանը՝ դեմ: Սոչիում հաղթել է Ալիեւի տեսակետը: Այդ պահից ԼՂ քաղաքական հարցը փակվել է։

Վահրամ Աթանեսյան

ԼՂ քաղաքական խնդիրը փակվել է 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի անկման պատճառ է համարում այն, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս թեզը գրեթե բառացի կրկնում է Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Մոռացության է տրվում, որ Պրահայից երեք շաբաթ անց Սոչիում Վլադիմիր Պուտինը նախ առանձին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ապա քննարկումները շարունակվել են եռակողմ ձեւաչափով։

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի նախագահն ասել է որ տեսնում է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին կոլեգաների մոտեցումները «հակամարտությունը տեւում է տասնամյակներ եւ պետք է ինչ-որ ժամանակ դրան վերջ տրվի»: Նա ընդգծել է որ Նիկոլ Փաշինյանը նման քաղաքական կամք ունի:

Պատասխան խոսքում Նիկոլ Փաշինյանը ասել է «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունելի են այն մոտեցումները, որ ներկայացնում է ռուսական կողմը՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բազային սկզբունքներ եւ պարամետրեր»: Փաշինյանը հույս է հայտնել, որ եռակողմության հանդիպմանը Վլադիմիր Պուտինը կպաշտպանի Ռուսաստանի ներկայացրած նախագիծը։

Իլհամ Ալիեւի հետ հանդիպման բացման խոսքում Ռուսաստանի նախագահը լսել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին ոչ մի անդրադարձ չի արել, եւ նա խոսել է ընդհանուր-տարածաշրջանային խնդիրներից, կայունության, համագործակցության, տնտեսական եւ կոմունիկացիոն ինտերգրացման անհրաժեշտությունից։

Իր հերթին Ադրբեջանի նախագահը ասել է, որ ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիք չկա, և այն լուծվել է երկու տարի առաջ, իսկ հայ-ադրբեջանական կարգավորումը պահանջում է շատ լուրջ քայլեր։ Նա հավելել է, որ Ադրբեջանը ներկայցրել է կարգավորման հինգ սկզբունքներ, որ պետք է պայմանագրի հիմք հանդիսանան։

Բնականաբար, եռակողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, հայկական կողմերի պատկերացումն է ներկայացրել, Ալիեւն՝ Ադրբեջանի մոտեցումները: Արդյունքում տարածվել է հայտարարություն, որտեղ ասված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքից, բոլոր հարցերը քննարկել բացառապես միմյանց ինքնիշխությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիմքով, ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության եւ 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն։

Էական չէ՝ Պուտինը ցանկացել է ԼՂ քաղաքական կարգավորումը հետաձգել ապագային բայց Ալիեւին չի՞ կարողացել համոզել, թե այն, ինչ ինքը պիտի ասեր վերապահել է Ալիեւի՞ն: Անհերքելի է, որ Պրահայից հետո Նիկոլ Փաշինյանը համաձայն է եղել ԼՂ եւ հայ-ադրբեջանական կարգավորման ռուսաստանյան նախաձեռնությանը, Ադրբեջանը՝ դեմ: Սոչիում հաղթել է Ալիեւի տեսակետը: Այդ պահից ԼՂ քաղաքական հարցը փակվել է։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3445232.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *