Հայաստանի արդիականացման համար Եվրամիության հետ սերտ հարաբերությունը եւ դրա ընդլայնումը ունի շատ մեծ գործընկերային նշանակություն: Սակայն շատ մեծ նշանակություն ունի նաեւ այն, թե Եվրամիությունն ինչ քաղաքական գին է պատկերացնում դրա համար:
Հակոբ Բադալյան
Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ․ կլինեն նոր ու կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանն ու ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, կնպաստեն երկրի դիմադրողականությանը, հուլիսի 19-ին Երեւանում հայտարարել է ՀՀ -ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: Մարագոսն իհարկե չի ասել, թե երբ է նախատեսվում ստորագրել այդ նոր օրակարգի վրա հիմնված համաձայնությունը: Նաեւ հարց է, թե այդ պարագայում ինչ ճակատագիր է սպասում 2017-ի նոյեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության ծրագրին: Եթե բանակցվում է նոր օրակարգ, ապա այն լրացնելու՞ է համապարփակ գործընկերության ծրագիրը, թե՞ փոխարինելու է դրան:
Սա ամենեւին տեխնիկական հարց չէ, որովհետեւ 2017-ի նոյեմբերի համաձայնագիրը պարզապես համաձայնություն չէ Հայաստանի ու ԵՄ միջեւ, պարզապես ծրագրերի հավաքականություն չէ, այլ ըստ էության օրենքի ուժ ունեցող փաստաթուղթ, որը վավերացվել է թե Հայաստանի, թե Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների խորհրդարաններում: Հետեւաբար, այդ փաստաթղթի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին պատասխանատվությունն է օրենքի հանդեպ: Միանգամայն հասկանալի է, որ կան նոր իրողություններ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ եւ նոր շրջանակներ:
Սակայն, նորի եւ «հնի» հարաբերակցությունը ունի կարեւոր քաղաքական նշանակություն, եւ այդ հարաբերակցությունը ցուցիչ է, թե ինչ մոտիվացիաներ են այն նոր օրակարգի հարցում, որի շուրջ բանակցության մասին բարձրաձայնում է Հայաստանում ԵՄ դեսպանը: Իսկ դա բավականին նուրբ ու կարեւոր հարց է, որովհետեւ համենայն դեպս Հայաստանի արդիականացման համար Եվրամիության հետ սերտ հարաբերությունը եւ դրա ընդլայնումը ունի շատ մեծ գործընկերային նշանակություն: Սակայն շատ մեծ նշանակություն ունի նաեւ այն, թե Եվրամիությունն ինչ քաղաքական գին է պատկերացնում դրա համար:
Ըստ այդմ, օրինակ Բրյուսելը պատկերացնում է Հայաստանի հետ նոր օրակարգի շուրջ բանակցության ավարտ եւ փաստաթղթի ստորագրում մինչեւ՞ հայ-ադրբեջանական որեւէ փաստաթղթի ստորագրումը, թե՞ Հայաստան-ԵՄ նոր օրակարգի իրավական արձանագրման ժամանակացույցը կապված է Հայաստան-Ադրբեջան այսպես ասած խաղաղության պայմանագրի ստորագրման հետ:
Սրանք ինդիկատոր հարցեր են, որոնք ցույց են տալու, թե որքանով է իրապես նշանավորվում այն, որ Հայաստանն իր հասարակական-քաղաքական, ժողովրդավարական զարգացման մակարդակով էապես առաջ է Ադրբեջանից: Հետեւաբար, Հայաստանի հետ հարաբերության հարցում ԵՄ համար չի կարող ուղենիշ ու չափանիշ լինել Հայաստան-Ադրրբեջան բանակցային գործընթացը, առավել եւս այն պարագայում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն որդեգրել է այն ձգելու մարտավարություն:
Հոդվածը՝ 1in.am կայքից։