Հայաստան

Հայաստանի Վերաբերյալ ԵՄ Կարեւոր Որոշումներն Ու Գլխավոր Ռիսկը

Հայաստանի հասարակության, հայաաստանյան հասարակական-քաղաքական օրգանիզմի խնդիրն է չտրվել քարոզչա-քաղաքական մոտիվներից բխող արտաքին էֆեկտներին, եւ թե Հայաստանի կառավարությանը, թե Եվրամիությանը առավելագույն ձեւով պահել Հայաստան-ԵՄ փոխհարաբերության սերտացման ու խորացման հարցում ինստիտուցիոնալ արդյունավետության պատասխանատվության ներքո:

Հակոբ Բադալյան

«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերների», հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, արձագանքելով Հայաստանի վերաբերյալ ԵՄ արտգործնախարարների որոշումներին: Անկասկած դրանք կարեւոր եւ նշանային որոշումներ են, սակայն հարկ է նկատել նաեւ, որ պաշտոնական Երեւանը բնականաբար հակված է քարոզչական մակարդակում հնարավորինս գերագնահատել տեղի ունեցածի նշանակություն ու բովանդակությունը, օգտագործելով այն ներքաղաքական քարոզչության նկատառումներով:

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերության սերտացումը ենթադրում է պատասխանատու եւ համառ աշխատանք, որը պետք է ներառի ինստիտուցիոնալ բովանդակություն եւ արդյունավետություն: Այդ առնչությամբ, բավարար է ընդամենը դիտարկել ներկայիս պատկերը, արձանագրելու համար, որ կան խնդիրներ: Օրինակ, Հայաստանը բավարար «ծրագրային ապահովում» չի ներկայացնում Եվրամիության գրեթե 2,7 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության հնգամյա փաթեթի առնչությամբ, որից ներկայումս իրագործման ռեժիմում է հազիվ գրեթե կեսը: Այն դեպքում, երբ հնգամյակը մոտ է ավարտին:

Հայաստան-ԵՄ գործակցության ամենամեծ ռիսկը, որքան էլ չթվա տարօրինակ, քաղաքական է: Ասել կուզի, թե Բրյուսելը, թե Երեւանը ունեն այդ հարցում քարոզչական հնչեղության քաղաքական, աշխարհաքաղաքական մոտիվացիա, իսկ գործնական մոտիվացիայի առումով հարցականները մեղմ ասած շատ են երկուստեք: Հետեւաբար, Հայաստանի հասարակության, հայաաստանյան հասարակական-քաղաքական օրգանիզմի խնդիրն է չտրվել քարոզչա-քաղաքական մոտիվներից բխող արտաքին էֆեկտներին, եւ թե Հայաստանի կառավարությանը, թե Եվրամիությանը առավելագույն ձեւով պահել Հայաստան-ԵՄ փոխհարաբերության սերտացման ու խորացման հարցում ինստիտուցիոնալ արդյունավետության պատասխանատվության ներքո:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *