Հայաստան

Գնա՞լ, Թե՞ Չգնալ Բաքու

Ադրբեջանը այդ ընթացքում ավելի ու ավելի համառ եւ կոշտ դրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու դիմաց: Էլ ավելին, Հայաստանի արտգործնախարարը հունիսին հայտարարել է, որ Բաքվի վարքագիծն ապակառուցողական է եւ իրավացի է համարել այն կանխատեսումները, որ Կլիմայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կարող է գնալ ռազմական լարվածության:

Հակոբ Բադալյան

Տեղեկությունից հետո, որ Ադրբեջանը Հայաստանին է հղել նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր, Հայաստանում սկսել է հանրային մակարդակում հարցադրումների ու քննարկումների ալիք՝ գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու, ընդունե՞լ հրավերը, թե՞ ոչ: Այս քննարկումների եւ հարցադրումների առումով նախ եւ առաջ հարկ է հիշել, որ Կլիմայի գագաթնաժողովը Բաքվում է կայանում նաեւ Հայաստանի շնորհիվ:

Մասնավորապես, 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն էին արել, որով տեղի ունեցավ Բաքվում պահվող 32 հայ գերիների վերադարձ, Հայաստանը վերադարձրեց երկու ադրբեջանցի զինծառայողի, որոնք հայտնվել էին Հայաստանի տարածքում Նախիջեւանի ուղղությունից եւ նրանցից մեկը անգամ սպանել էր Քաջարանի կոմբինատի պահակին եւ դատապարտվել:

Այդ «փոխանակման» պայմանավորվածությունից բացի, «վստահության բարձրացմանն ուղղված» միջոցառումների շրջանակում կողմերը պայմանավորվել էին, որ Հայաստանը կհանի իր թեկնածությունը Cop29-ի գագաթնաժողով անցկացնելու հարցում եւ կաջակցի այն Բաքվում անցկացնելու գաղափարին, իսկ Բաքուն էլ կաջակցի, որ Հայաստանը լինի Կլիմայի հարցերի եվրոպական բյուրոյի անդամ: Այդպիսով, Կլիմայի գագաթնաժողովը Բաքվում է անցկացվում որոշակի իմաստով նաեւ Հայաստանի աջակցությամբ:

Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք դեկտեմբերի 7-ի համատեղ այդ հայտարարությունից հետո փոխվել է Ադրբեջանի վարքագիծը Հայաստանի հետ բանակցային գործընթացում: Համենայն դեպս չկա այդ փոփոխության առերեւույթ որեւէ նշան: Ավելին, Ադրբեջանը այդ ընթացքում ավելի ու ավելի համառ եւ կոշտ դրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու դիմաց: Էլ ավելին, Հայաստանի արտգործնախարարը հունիսին հայտարարել է, որ Բաքվի վարքագիծն ապակառուցողական է եւ իրավացի է համարել այն կանխատեսումները, որ Կլիմայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը կարող է գնալ ռազմմական լարվածության:

Այդ պայմաններում, ունի՞ իմաստ գնալ եւ մասնակցել Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովին: Եվ սա նաեւ մեկ այլ՝ կարեւորագույն հարցի պարագայում. Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ ու պատանդներ: Այլ հարց է, եթե մինչեւ նոյեմբեր Ադրբեջանը գնա նրանց ազատ արձակման քայլի, ինչին ի պատասխան Երեւանը կարող է որեւէ մակարդակով մասնակցել Կլիմայի գագաթնաժողովին: Իհարկե «բանաձեւը»՝ գերիների ազատ արձակում մասնակցության դիմաց, չի կարող լինել ընդունելի, բայց մեր հայրենակիցների հանդեպ մարդասիրական նկատառումով պայմանավորված, գուցե հնարավոր է քննարկել այդպիսի տարբերակ:

Մյուս կողմից սակայն, գլխավոր հարցը այն է, թե որքանով է իրավիճակը այսպես ասած վերահսկելի լինելու Կլիմայի գագաթնաժողովից հետո: Այդ հարցի պատասխանն իհարկե առավել հայտնի կամ դիտարկելի պետք է լինի պաշտոնական Երեւանին: Որովհետեւ այդ հարցի պատասխանն է նաեւ, որ պետք է արժեվորի գերիների հարցում Ադրբեջանի հնարավոր քայլին ընդառաջ Երեւանի մասնակցության որոշումը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *