Հայաստանում ակադեմիական կրթությունը պարազապես այլևս հետաքրքիր չէ, շահութաբեր չէ, առավելություններ չի խոստանում, ոչ էլ ապագայում աշխատանքի ու ապահովության երաշխիք։ Եվ շատ երիտասարդներ ուղղակի նախընտրում են գնալ ու խաղատների համար դիլլեր աշխատել, քան թե համալսարանում սովորել, որովհետև այդ դիլլերությունը նրանց տալիս է ամսական մինչև 200 հազար դրամ և բոնուսներ, իսկ վեց տարի սովորելուց հետո կարող ես կամ ընդհանրապես աշխատանք չգտնել, կամ էլ տան մի այնպիսի չնչին ու նվաստացուցիչ աշխատավարձ և զարգացման միջավայր, որտեղ անհնար կլինի ինչ որ նոր բան ստեղծելը։
Արայիկ Մկրտումյան
Օրուելն այդպես էր ասում իր «1984» գրքում ունի նման տող, որի բացատրությունը կարդում ենք վեպի հակահերոս համարվող Գոլդսթեյնի «Գրքում», որտեղ բացատրվում է, թե ինչու և ինչպես է տգիտությունն ուժ համարվում։ Բայց արդեն հույս չկա, որ Հայաստանում այդ գիրքը կարդան ու փորձեն հասկանալ, որովհետև մենք գործնականում ապացուցում ենք, որ տգիտությունն ուժ է։
Տասնամյակներով ճահճացած կրթական համակարգը ոչ միայն առաջադիմություններ չի գրանցում, այլև աչքի է ընկնում նորանոր հակա-ձեռքբերումներով։ Վերջին ցուցանիշներով Հայաստանի բուհերում թափուր են մնացել ավելի քան 6300 տեղ, որից 271-ը՝ պետպատվերով։ Հավանաբար պետք է բացատրել, որ «պետպատվեր»-ը նշանակում է անվճար, ձրի, առանց փող․․․մի բան, որ մեր ժողովուրդը շատ է սիրում, որովհետև ցանկացած բանի մասին խոսելիս նախ գինն են ճշտում, իսկ հետո աշխատում զեղչել որքան հնարավոր է։ Եվ նույնիսկ այդքան սիրված ձրիի պարագայում էլ համալսարաններում ուսանողների թիվը սակավ է։ Ընդ որում ոչ թե մեկ երկու հոգով, այլ հազարներով։
Ամենավատն իհարկե Ագրարային համալսարանի վիճակն է։ Ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» մասնագիտությամբ։ Մնացած մասնագիտություններում «Ագրոէկոլոգիա», «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» ընդհանրապես մարդ չի ընդունվել։ Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում։ Մի ֆակուլտետում ընդունվում են ընդամենը երկու հոգի(ի դեպ դա նվաճում է, որովհետև անցյալ տարի մեկ հոգի էր ընդունվել), իսկ չորս մասնագիտությամբ ընդհանրապես ոչ ոք չի ընդունվել։ Սա մեկ բան է նշանակում․ Հայաստանում կրթության դերն անշեղորեն նվազում է հասնելով բացարձակ անտարբերության ֆոնին։ Եվ դա մի երկրում, որի խեղճ տնտեսության մի կարևոր մասը գյուղատնտեսությունն է։ Հետաքրքիր է չէ՞։ Իսկ ավելի հետաքրքիրն այն է, որ որոշ ֆակուլտետներ փակման վտանգի առաջ են կանգնած, որ Հայաստանում ոչ միայն մասնագիտությունների դեֆիցիտի ցանկան ավելանում է, որ հեռացող մասնագետներին պարզապես փոխարինողներ չեն լինելու։ Իսկ ՀՀ կառավարությունը առիթը բաց չի թողնում խոսելու, որ կրթությունն ու գիտությունը ռազմավարական են։ Այնքա՜ն ռազմավարական, որ վեց հազարից ավել թափուր տեղ կա համալսարաններում, դատարկ ֆակուլտետներ։ Խոսք չկա հիանալի ռազմավարություն է։ Այս ամենը կարելի է բացատրել ու հիմնավորել, բայց դրանից ծանրությունը չի թեթևանում, խնդիրները չեն անհետանում։ Հայաստանում ակադեմիական կրթությունը պարազապես այլևս հետաքրքիր չէ, շահութաբեր չէ, առավելություններ չի խոստանում, ոչ էլ ապագայում աշխատանքի ու ապահովության երաշխիք։ Եվ շատ երիտասարդներ ուղղակի նախընտրում են գնալ ու խաղատների համար դիլլեր աշխատել, քան թե համալսարանում սովորել, որովհետև այդ դիլլերությունը նրանց տալիս է ամսական մինչև 200 հազար դրամ և բոնուսներ, իսկ վեց տարի սովորելուց հետո կարող ես կամ ընդհանրապես աշխատանք չգտնել, կամ էլ տան մի այնպիսի չնչին ու նվաստացուցիչ աշխատավարձ և զարգացման միջավայր, որտեղ անհնար կլինի ինչ որ նոր բան ստեղծելը։ Չմոռանանք նաև, որ մերօրյա մոտիվացված օրերում կարծես կահակրթական քարոզ ընթանա, որ այսինչ հարուստ և հաջողակ բիզնեսմենը ընդհանրապես չի սովորել համալսարանում, բայց ահա հարուստ է և հաջողակ։ Իսկ քանի՞ չսովորածն են հարստացել ու դարձել հաջողակ։ Հարյուր հազար չսովորածից քանի՞սն են Իլոն Մասկ դարձել։ Իսկ քանի՞սն են կործանվել և դարձել ոչ մի բան։ տասնյակ հազարավորները։ Ու զարմանալի է, որ պետական հակաքարոզ չկա այդ խայտառակության դեմ։ Էլ չասած, որ կիսամերկ բլոգերները, կամ ինչպես իրենք են իրենց անվանում «ինֆլյուենսերները» լատենտ մարմնավաճառությամբ ավելի շատ գումար են վաստակում, քան շատ մասնագիտական պաշտոններ կաորղ են առաջարկել։ Այս և այլ «օբյեկտիվ» պատճառներով համալսարանները դառնում են ժամանցի վայրեր, կամ ընդհանրապես կորցնում են իրենց հետաքրքրությունը։ Հիմա ի՞նչ, ազգովի գնանք ինֆլյուենսեր դառնա՞նք, կամ խաղատներում դիլլեր աշխատենք, չսովորենք, որովհետև Իլոն Մասկը չի սովորել, այո՞։ Որովհետև տգիտությունը ո՞ւժ է։ Թե տգետ մասսային ավելի հեշտ է կառավարելը։
Ծիծաղելի ոչինչ չկա։ Երբ ասում ենք, որ երկիրը համակարգված փուլ է գալիս, նաև կրթական խայտառակ վիճակը նկատի ունենք։ Դիլլերներն ու բլոգերները տնտեսություն չեն կայացնելու, գիտական ինստիտուտները չեն համալրելու, հասարակության կրթության, էթիկայի ու բարոյականության հարցերով չեն զբաղվելու, գյուտեր չեն անելու։ Դա ԿԳՄՍ-ի մտքով անցնո՞ւմ է, թե իրենք ընդամենը ժամանակավոր պաշտոնյաներ են ու հեռանալու են ինչ որ ժամանակ անց։
Իհարկե կարելի է հասկանալ, որ հաջողակ բլոգերի ֆոնին ոչ ոք չի ցանկանում ագրոնոմիայով և գենետիկայով զբաղվել, քանի որ «մեջը փող չկա»։ Իսկ ինչո՞ւ փող չկա։ Ինչո՞ւ դատավորները, ոստիկանները նման բարձր աշխատավարձ են ստանում, իսկ ուսուցիչը, դասախոսն ու գիտնականը այնքան քիչ, որ ցանկացած կիսամերկ «Ինֆլյուենսեր» կարող է ծալել նրանց մեկ ձեքով։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ ԱԺ պատգամավորները հսկայական աշխատավարձ են ստանում, ամիսներով աշխատանքի չեն գալիս, գործներն էլ իրար հայհոյելուց այն կողմ չի անցնում, իսկ օրինակ ագրոտնտեսության ոլորտի կամ մեկ այլ կարևոր բանի համար երբեք պայմանները լավը չեն։
Իսկ ի՞նչ են սովորեցնելու դիլլերներն ու բլոգերները։ Ինչպես քամել նարինջ, ինչպես գայթակղել կամ լավ խառնել խաղաթղթերրը, այո՞։ Գուցե ԿԳՄՍ նախարարությունն էլ լուծարենք ու փոխարենը հիմնենք «Դիլլերների և ինֆլյուենսերների» նախարարությո՞ւն։
Իշխանությունները հաջողությամբ տապալում են նաև կրթական հարցերը։ Եվ թող չասես, որ գիտության ֆինանսավորումը չորս համ հինգ անգամ ավելացել է։ Եթե վեց հազարից ավել տեղ թափուր է մնում, դա նշանակում է, որ խնդիրը միայն ծանրանում է։ Հասկանալի է, որ տասնյակ տարիներով հասունացած խնդիրը մի օրում չի լուծվում, բայց չէ՞ որ այդպես ոչ մի հարց չի լուծվելու, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ։ Ու ի վերջո, ոչ մի պատճառաբանություն ու արդարացում չի կարղ հետաքրքիր լինել, կամ արդյունքը կա, կամ՝ ոչ։ Ահա, թե ինչ։ Իսկ կրթությունը մի ոլորտ է, որտեղ պետք է մեկ օր ավելի շուտ սկսել, քան մեկ օր ավելի ուշ, որովհետև ամեն օրը տարիների ուշացում է տալիս։
Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Ո՞ր մասնագիտություններն են սկսելու դառնալ նույնքան անհետաքրքիր։ Գուցե պատմությունը, մշակույթը։
Գարեգին Նժդեհն ասում էր, որ եթե ուզում ես գուշակել երկրի ապագան, նայիր երիտասադրությանը։ Այս դեպքում ապագա ընդհանրապես չկա։