Կա Սահմանադրության փոփոխության հարցը, թեև այն Հայաստանի համար կարևոր հարց է՝ անկախ նրանից, այնտեղ Հռչակագրին հղումը կա, թե չէ, խնդիրը դրա մասին չէ, այնուամենայնիվ, դրա փոփոխությունը տարիներ է տևում, ու հնարավոր չէ դա երկու-երեք ամսում իրականացնել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այստեղ չկա որևէ կետ, որ Հայաստանը կարող է զիջումներ անել։
Ռոբերտ Ղևոնդյան
Ադրբեջանը պետք է զսպի իր ախորժակը, հավանաբար Միլլերի հայտարարության հիմնական հասցեատերը հենց նա է. Ռոբերտ Ղևոնդյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, ի՞նչ «բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ» նկատի ունի ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, երբ ասում է՝ «Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել»։
– Կարծում եմ, որ խոսքն այստեղ հիմնականում Ադրբեջանին է վերաբերում, բայց դիվանագիտական էթիկան թույլ չի տվել կոնկրետ խոսել Ադրբեջանի մասին, երկու կողմի մասին է խոսվել, որովհետև փաստացի Հայաստանն արդեն իր պարտավորությունները կատարել է ու բոլոր փոխզիջումներին գնացել է։ Պետք է ասել, որ նման ընկալում կա Հայաստանում շատերի մեջ, ոչ միայն ինձ մոտ, հավանաբար՝ Ադրբեջանում ևս։
– Ի՞նչ պետք է Ադրբեջանը փոխզիջի։
– Գլխավոր հարցն այն է, որ գործընթացի մնացած մասն ամբողջացնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի կողմից որոշակի համաձայնություն, որոնք վերաբերում են, օրինակ՝ օկուպացված տարածքներից դուրս գալուն, «Զանգեզուրի միջանցքի» մտքից հրաժարվելուն ու որպես ճանապարհ այն դիտարկելուն, որոնց մասին, ճիշտ է, շատ դեպքերում չի էլ խոսում, բայց հակառակն էլ մենք չենք լսել, այսինքն՝ չենք էլ լսել, որ Ադրբեջանն ասի, թե պատրաստ է դուրս գալ օկուպացրած տարածքներից և այլն։ Հարցն այն է, որ Ադրբեջանը պետք է զսպի իր ախորժակը, հավանաբար Միլլերի հայտարարության հիմնական հասցեատերը հենց նա է։
– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանն այլևս փոխզիջելու բան չունի՞։
– Ստացվում է այդպես, որ Հայաստանը բոլոր այն հատվածներում, որտեղ ներկա պահին կարմիր գծերը չեն խախտվում, որովհետև նախկինում կարմիր գծերն այլ են եղել, Հայաստանն ամեն ինչ զիջել է: Իսկ եթե խոսենք նրա կողմից նոր զիջումների մասին, ապա խոսքը գնալու է հենց նույն «Զանգեզուրի միջանցքի» հարցում և օկուպացված տարածքների հարցում զիջումներին, որտեղ Հայաստանը ուղղակի չի կարող զիջել։ Նախ այն պատճառով, որ ՀՀ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, և արտատարածքային միջանցք տրամադրելու կամ այն հատվածները, որտեղ ադրբեջանցիները մխրճվել են, դրանցից հրաժարվելու հարցով պետք է լինի հանրաքվե: Բնականաբար, չեմ կարծում, որ Հայաստանում որևէ իշխանություն այնքան հիմար է, որ նման թեմաներով հանրաքվե կանցկացնի։
Այստեղ նաև կա Սահմանադրության փոփոխության հարցը, թեև այն Հայաստանի համար կարևոր հարց է՝ անկախ նրանից, այնտեղ Հռչակագրին հղումը կա, թե չէ, խնդիրը դրա մասին չէ, այնուամենայնիվ, դրա փոփոխությունը տարիներ է տևում, ու հնարավոր չէ դա երկու-երեք ամսում իրականացնել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այստեղ չկա որևէ կետ, որ Հայաստանը կարող է զիջումներ անել։
– Պարո՛ն Ղևոնդյան, իսկ կկարողանա՞ Արևմուտքը ճնշումների միջոցով Ադրբեջանին պարտադրել այդ փոխզիջումները։
– Այն, որ Արևմուտքը ունի այդ հնարավորությունը, ես վստահ եմ, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ հնարավորություն ունենալը ու այն կիրառելը տարբեր բաներ են։ Շատ հնարավոր է ինչ-ինչ մեկնակետերից ելնելով, օրինակ՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում շատ խառն է ներքին քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով, որ ԵՄ-ում կա Օրբանը, կա Հունգարիայի խնդիրը, ժամանակ ու ռեսուրսներ ծախսել Ադրբեջանի վրա, ճնշում գործադրելը այնքան էլ նպատակահարմար չէ, շատ հնարավոր է, որ այս պահին այդ ռեսուրսներն ամբողջությամբ չօգտագործի Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու և արդյունքի հասնելու համար։
Քրիստինե Աղաբեկյան
Հոդվածը՝ MediaLab.am կայքից։