Հայաստան

Կեղծ Լուրի Իրական Ասելիքը

Էականն այստեղ այլ հարց է՝ իսկ հնարավո՞ր է, որ տարածված տեղեկությունը կարող է վնասել Իրանի ու Հայաստանի միջեւ ռազմա-տեխնիկական հնարավոր որեւէ գործակցության, եւ կամ՝ Իրանի տարածքով Հայաստանի համար այլ ռազմատեխնիկական մատակարարումների:

Հակոբ Բադալյան

500 միլիոն «դոլարով» տարածություն Հայաստանի եւ Իրանի միջեւ՞

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հայաստանին 500 միլիոն դոլարի սպառազինություն վաճառելու մասին տեղեկությունը տարածել է լրատվամիջոց, որը հայտնի է Իրանի մասին կեղծ տեղեկություններ ու վերլուծություններ ներկայացնելով: Դեսպան Սոբհանին հայտարարել է, որ Հայաստանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության Իրանի գործարքի մասին կեղծ տեղեկության նպատակն է վնասել Իրանի եւ հարեւան երկրների հարաբերությանը:

Նա ընդգծել է, որ Իրանի նպատակը ռեգիոնալ կայունությունն ու խաղաղությունը, ինչպես նաեւ տնտեսական բարգավաճումն է: Հայտնի է, որ Հայաստանի ՊՆ-ն էլ մտացածին լուր է անվանել Լոնդոնում հեռարձակվող Իրան Ինթերնեշնլ հեռուստաալիքի տարածած տեղեկությունը, թե Իրանն իբրեւ 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել Հայաստանի հետ: Ադրբեջանն անմիջապես փորձեց օգտագործել տեղեկությունը, Իրանին մեղադրելով Կովկասի կայունության դեմ գործելու համար:

Իհարկե Բաքուն դա արել է պրոպագանդայի մակարդակով, սակայն դեսպան Սոբհանին ինքն էլ փաստացի ակնարկում է, որ գործարքի նպատակը հարեւանների հետ Իրանի հարաբերությանը վնասելն է: Ենթադրվում է, որ հարեւանների շարքում Իրանի դեսպանը նկատի ունի առաջին հերթին Ադրբեջանին, քանի որ տրամաբանական չէ, որ տարածված տեղեկությունը վնասի Հայաստան-Իրան հարաբերությանը:

Էականն այստեղ այլ հարց է՝ իսկ հնարավո՞ր է, որ տարածված տեղեկությունը կարող է վնասել Իրանի ու Հայաստանի միջեւ ռազմա-տեխնիկական հնարավոր որեւէ գործակցության, եւ կամ՝ Իրանի տարածքով Հայաստանի համար այլ ռազմատեխնիկական մատակարարումների: Այլ կերպ ասած, տեղեկությունը ծառայի որպես ավելի երկար շղթայի կիրառման: Թերեւս կասկածից վեր է, որ հրապարակված կեղծ տեղեկության ֆոնին, դրա ներքո ծավալվում է տողատակային քաղաքականության բավականին բազմերանգ մի շերտ, որը կարող է ունենալ Իրանին «սեղմելու» նպատակ:

Ահա այստեղ է, որ առաջին հայացքից անտրամաբանական թվացող հանգամանքը՝ Հայաստանի եւ Իրանի հարաբերության վնասում, գործնական առումով կարող է լինել միանգամայն իրական, նվազագույնը ժամանակավոր «էֆեկտի» իմաստով: Մասնավորապես, որոշակի «տարածություն» բացել Հայաստանի եւ Իրանի հարաբերության միջեւ, երբ Թեհրանը այդ տարածությունը առժամանակ կպահի մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Թուրքիայի հետ հարաբերության իիր հաշվարկից ելնելով՝ 500 միլիոն դոլարի «նստվածքը» մաքրելու համար, իսկ Երեւանն՝ Արեւմուտքի հետ իր հարաբերությունների հաշվարկից ելնելով, նկատի ունենալով այն, որ Արեւմուտքը մշտապես զգայուն է եղել Իրան-Հայաստան հարաբերության հատկապես ռազմա-տեխնիկական կամ տեխնոլոգիական որեւէ հնարավորության հանդեպ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *