Հայաստան

Իրանը Մերժում Է Սյունիքի “Միջանցքը”

Իրանի համար առավել նախընտրելի ռեժիմն այն է, որ Հայաստանի տարածքով այդ ճանապարհը պարզապես չգործի: Հայաստանի համար ճանապարհը իհարկե կլինի որոշակի տարանցիկ եկամուտ, եթե գործի Հայաստանի լիարժեք սուվերենության ներքո: Բայց, թե Բաքվի, թե առավել եւս Անկարայի համար էլ այդ ճանապարհը հետաքրքիր ու պահանջված է արտատարածքային տրամաբանությամբ:

Հակոբ Բադալյան

Իրանի հայտարարությունը հայ-թուրքական բանագնացների հանդիպման ֆոնին

Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, ըստ իրանական Մեհր գործակալության, որ Զանգեզուրյան միջանցքը վնաս է Հայաստանի շահերին եւ Իրանը դեմ է դրան: Հաղորդվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերհաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որը բացառում է որեւէ անդրտարածքային միջանցք Հայաստանի տարածքում: Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններում բացակայում է այդ թեման:

Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը «միջանցքի» մասին խոսել է «պրոֆիլակտի՞կ» տրամաբանությամբ, թե՞ որեւէ կոնկրետ զարգացման համատեքստում, եթե նկատի առնենք այն, որ հուլիսի 30-ին Թեհրանում այդ հանդիպմանը զուգահեռ հայ-թուրքական սահմանին տեղի էր ունենում Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը: Երկամյա դադարից հետո Ռուբեն Ռուբինյանն ու սերդար Քըլըչը հանդիպել են հինգերորդ անգամ, իսկ այդ հանդիպումից մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ «ամբողջ սրտով» սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության, որի վերջին քայլն ըստ Էրդողանի պետք է լինի այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի բացումը:

Ինչպես հայտնի է, արեւմտյան դերակատարներն էլ, մասնավորապես ԱՄՆ ու Բրիտանիան, բնորոշում են Միջին միջանցք, ըստ էության չթաքցնելով, որ դրա ձեւավորման իրենց նպատակը նաեւ Իրանի ազդեցության նվազեցումն է: Իրանի համար անշուշտ նախընտրելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց, ինչպես նաեւ Կենտրոնական ասիայի հետ կապվեն ոչ թե Հայաստանի, այլ իր տարածքով, ինչը Թեհրանին թույլ կտա դրանով ունենալ Բաքվի ու Անկարայի հանդեպ որոշակի լծակ: Հատկապես Բաքվի, եթե նկատի առնենք այն, որ Ադրբեջաննի եւ Նախիջեւանի ցամաքային կապի այլ տարբերակ ըստ էության չկա, քան Իրանի ճանապարհը, եթե չի գործում ճանապարհ Հայաստանի տարածքով: Վրաստան-Թուրքիա եւ հետո Նախիջեւան երթուղին անշուշտ խիստ երկար է:

Այսինքն, այստեղ խնդիրը բաժանվում է մի քանի մասի, սակայն մեծ հաշվով, Իրանի համար առավել նախընտրելի ռեժիմն այն է, որ Հայաստանի տարածքով այդ ճանապարհը պարզապես չգործի: Հայաստանի համար ճանապարհը իհարկե կլինի որոշակի տարանցիկ եկամուտ, եթե գործի Հայաստանի լիարժեք սուվերենության ներքո: Բայց, թե Բաքվի, թե առավել եւս Անկարայի համար էլ այդ ճանապարհը հետաքրքիր ու պահանջված է արտատարածքային տրամաբանությամբ:

Մեծ հաշվով, այդ խնդիրն է բոլոր ուժային կենտրոնների «հոգսը»՝ ո՞վ է վերահսկելու «հայկական խաչմերուկը», կամ նվազագույնը դրա արեւելք-արեւմուտք ուղղությունը: Հայաստանը պարբերաբար հայտարարում է իր վերահսկողության մասին, ընդգծելով արտատարածքային որեւէ տրամաբանության մերժումը: Բայց, կասկածից վեր է, որ դա էլ «մերժվում» է շահագրգիռ ուժային կենտրոնների «մտապատկերում», ինչի հետեւանքն էլ «խաչմերուկում» գոյություն ունեցող աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների բարդ խցանումն է, երբ ոչ ոք չի ուզում զիջել, միաժամանակ գոյություն չունի որեւէ կարգավորող:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *