Իշխանությունն էլ պետք է հասկանա, որ իրենք թշնամիներ կամ մրցակիցներ չեն։ Իրենք նախաձեռնում են եվրաքվեն, որովհետև դա ոչ թե քաղաքական դիվիդենտ հավաքելու ձև է, այլ պետության համար չափազանց կարևոր մի երևույթ։ Իշխանությունները ամեն ինչ շատ դանդաղ են անում և իրենք էլ ստիպված են անընդհատ բարձրաձայնել, բացատրել, որպեսզի սայլը կանգնած չմնա։
Հովսեփ Խուրշուդյան
1inAM-ի եթերում Ռուբեն Մեհրաբյանը զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Հայաստանի՝ Եվրաինտեգրման տանող գործընթացները, որոշ աշխարհաքաղաքական իրադարձություններ։
Հովսեփ Խուրշուդյանը խոսեց ԱՄՆ նախագահական ընտրությունների և Եվրահանձնաժողոի մասին՝ նշելով, որ հիմա փոքր ինչ բարդ վիճակ է՝ կախված ընտրությունների հետ, քանի որ որոշակիորեն անկայուն իրավիճակ է ստեղծվում և դա վտանգավոր կարող է լինել մասնավորապես Հայաստանի հետ կապված։ ԱՄՆ-ում ընտրությունների հետ կապված նախագահի թեկնածուի փոփոխությունը բավական նշանակալի քայլ է, հատկաpես այն առումով, որ եթե Թրամփը հաղթի, ապա նրա մեկուսացման քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանը կմնա խուլիգաններ Ռուսաստանի ու Թուրքիայի ձեռքին։ Իսկ դա ամենաանցակալի սցենարներից կարող է լինել։ Հենց այդ պատճառով էլ մենք պետք է հնարավորինս արագ իրականացնենք Եվրաինտեգրման մեր քաղաքականությունը։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ դժբախտաբար իշխանություններն այսօր պետական նշանակության երևույթը վերածել են միջկուսակցական վեճի։ Քիչ չեն խոսակցություններն այն մասին, որ պետք չէ արտախորհրդարանական ընդդիմությանը թույլ տալ, որ Եվրաինտեգրման դրոշակը իրենց ձեռքում պահեն։ Բայց դա լրիվ անտեղի ու անիմաստ խանդ է։ Ժողովրդավարական Ուժերի Հարթակը ընդունում է, որ իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը մեծ ներդրում ունեն Հայաստանի՝ ԵՄ մոտենալուն, բայց միաժամանակ իշխանությունն էլ պետք է հասկանա, որ իրենք թշնամիներ կամ մրցակիցներ չեն։ Իրենք նախաձեռնում են եվրաքվեն, որովհետև դա ոչ թե քաղաքական դիվիդենտ հավաքելու ձև է, այլ պետության համար չափազանց կարևոր մի երևույթ։ Իշխանությունները ամեն ինչ շատ դանդաղ են անում և իրենք էլ ստիպված են անընդհատ բարձրաձայնել, բացատրել, որպեսզի սայլը կանգնած չմնա։
Հովսեփ Խուրշուդյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ բավական շատ տեխնիկական խնդիրներ կան՝ սկսած ID քարտերով քվեարկելու հնարավորությունից մինչև սարքերի կողմից նախկին կոդերի պահպանման ու դրանց վերաթողարկման խնդիրներ, իսկ իրենք ամեն ինչ կանեն, որ օրացուցային 45 օրվա ընթացքում այդ եվրաքվեն կարողանա անհրաժեշտ հիսուն հազար քվեն հավաքել։ Իսկ քվեարկությունն անպայման պիտի լինի։ մենք ԵՄ-ին պիտի ցույց տանք, որ հիմա 2013թ․ չէ և Հայաստանը դեպի ԵՄ ընթացքը մի գիշերում չի կագնեցնելու և հանկարծ թեքվի դեպի այլ ուղղություն։ ԵՄ-ը պիտի տեսնի, որ Հայաստանում եվրաինտեգրումը մի կուսակցության հարց չէ, մի քանի խմբերի անձնական ցանկություն չէ, այլ համընդհանուր նպատակ։ Պետք է այդ եվրաքվեն նաև ակնարկ դարձնել ԵՄ-ին հասկացնելու համար, որ եթե Հայաստանը գնում է դեպի ԵՄ, որը ինքնին նշանակում է ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից հրաժարում, ապա ԵՄ-ը պիտի մեզ լրացուցիչ աջակցի, ոչ միայն անվտանգության ու ռազմական, այլև տնտեսական մակարդակում։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Միայն հետընթաց։ Անցյալ տարվա համեմատ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը նվազել է, փոխանակ աճելու։ Եվրաքվեն հնարավորություն կտա, որ դիմենք ԵՄ, որպեսզի մի քանի հարյուր մլն դոլարի ապրանքների արտահանման համար կիրառվի առանց մաքս ռեժիմ, որպեսզի հայկական ապրանքները չափից ավելի թանկ չլինեն Եվրոպայում ու մրցունակ դառնան, իսկ դրա փոխարեն իշխանությունը չգիտես ինչով է զբաղված՝ կիսատ պռատ խանգարելով կամ շատ դանդաղ առաջ գնալով։ ԵՄ ինտեգրումը պետք է պաշտպանվի Սահմանադրությամբ, այնտեղ ամրագրվի այդ նպատակը ու իշխանությունները լավ կանեն, եթե դուրս գան նեղմտությունից ու խանգարելու կամ դանդաղելու փոխարեն ռեալ գործնական օգնություն ցույց տան։
Անդրադառնալով նրան, որ Ժողովրդավարական Ուժերի Հարթակի նախաձեռնած Եվրաքվեն ժամանակային առումով համընկնում է խորհրդարանական ընդդիմության խոստացած «աշնանային հուժկու քաղաքական ակտիվությանը», Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ նրանք այսպես թե այնպես այնքան մարգինալացված են, որ այլևս ոչ մի բան անել չեն կարողանում ու նույնիսկ ռուսները նրանց սկսել են չվստահել։ Նրանք հիմա էլի մի քանի կոպեկ փող աշխատելով են զբաղված։ Սպասում են որ եղանակը զովանա ու նորից սկսեն աղմկել։ Կաղմկեն, բայց անարդյունք։ Ռուսները հիմա ավելի շատ հույսը դնում են ոչ թե Հայաստանի իրենց գործակալական ցանցերի վրա, այլ իրենց հավատարիմ բութ գործիք Ադրբեջանի, որը սակայն այլևս այնպես չի աշխատում, ինչպես իրենք կուզեին։ Ադրբեջանին նույնիսկ Թուրքիան է հասկացնում, որ լավ կանի խաղաղության պայմանագիրը ստորագրի, իսկ Ադրբեջանը չի կարողանում դեռևս հակառաել ռուսներին, այդ իսկ պատճառով էլ առայժմ էժան մանիպուլյացիաների է դիմում, իբրև թե հայերի կողմից դրոններով հետախուզում են կանխել և այլն։
Ամբողջական հարցազրույցը՝