Հայաստան

Հարված Իրանի՞ն, Թե՞ Բարդ Օպերացիա Թեհրանում

Ռեգիոնում առկա է դիլեմա՝ մեծ պատերազմ լինել-չլինելու առումով, եւ այդ պատերազմը բնականաբար ծավալվելու է Իրանի ներքաշումով, ինչը գործնականում նշանակելու է մերձավորարեւելյան ռեգիոնում գոյություն ունեցած համակարգի, ստատուս-քվոյի ամբողջական փլուզում եւ նորի ձեւավորում:

Հակոբ Բադալյան

Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի այսպես ասած քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիան: Այս տեղեկությունը անշուշտ շրջադարձային նշանակություն կարող է ունենալ մերձավորարեւելյան ռեգիոնում զարգացումների առումով: Անկասկած է, որ Թեհրանում սպանությունը հարված է լինելու Իրանի հեղինակությանը: Միեւնույն ժամանակ, Իրանի համար այդօրինակ «հարվածները» ամենեւին նոր չենեւ իրանյան պետականությունն ու քաղաքականությունը իր միջազգային դերակատարումը կառուցել է այդ առնչությամբ որոշակի «իմունային» տրամաբանությամբ: Ըստ այդմ, այստեղ հարկ է թերեւս իրավիճակը դիտարկել առավել խորը, այն բարդ իրողությունների համատեքստում, որի առաջ է կանգնած մերձավորարեւելյան ռեգիոնը:

Ըստ էության, ռեգիոնում առկա է դիլեմա՝ մեծ պատերազմ լինել-չլինելու առումով, եւ այդ պատերազմը բնականաբար ծավալվելու է Իրանի ներքաշումով, ինչը գործնականում նշանակելու է մերձավորարեւելյան ռեգիոնում գոյություն ունեցած համակարգի, ստատուս-քվոյի ամբողջական փլուզում եւ նորի ձեւավորում: Թեհրանում, նախագահի երդմնակալության արարողության համար Իրան ժամանած ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը Իրանի ներքաշելու նո՞ր փորձ է, թե՞ հակառակը՝ ռեգիոնալ մեծ պատերազմի կուտակվող լիցքերը ցրելու փորձ: Տեղի ունեցածի խորքը անկասկած միարժեք չէ, հետեւաբար թերեւս վաղ է անել միարժեք եզրակացություններ:

Քաղաքականությունը նաեւ ավելի մեծ խնդիրներ լուծելու համար առավել փոքր զոհաբերությունների շատ դաժան ու կոշտ համակարգ է: Սպանության հնարավոր մոտիվներն ու հետեւաբար բուն կազմակերպիչները կարող են լինել շատ տարբեր, թեեւ իհարկե առաջին իսկ կասկածի տակ է իսրայելական Մոսադը, որն ի դեպ առաջին անգամ չէ, որ Իրանի տարածքում իրականացնում է այդօրինակ գործողություններ, թիրախավորելով տարբեր աստիճանի իրանյան պաշտոնյաների եը գիտնականների, որոնք առնչություն ունեն Իրանի միջուկային ծրագրին:

Ի՞նչ կպարզի քննությունը, կամ արդյո՞ք քննության ստույգ արդյունքը կներկայացվի հանրություններին ամբողջությամբ: Ի վերջո հարկ է նկատել, որ Իրանը ՀԱՄԱՍ-ի հետ ամենասերտ գործակցող պետությունը չէր: Այդտեղ կային Կատար, Եգիպտոս, որը սահմանակից էր Գազային, որտեղ կառավարում է ՀԱՄԱՍ-ը: Ծովային հաղորդակցություն էր հաստատվել Թուրքիայի հետ: Այլ կերպ ասած, Թեհրանում տեղի ունեցածը բոլորովին պետք չէ դիտարկել իրան-իսրայելական դիմակայության տրամաբանության շրջանակում: Ըստ ամենայնի, տեղի է ունեցել բավականին բարդ օպերացիա, ռեգիոնալ մեծ ընդգրկումով, որի ազդեցությունը կամ հետեւանքը կձեււավորվի ժամանակի ընթացքում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *