Հետաքրքիր է արաբական աշխարհի անդրադարձը, քանի որ պաղեստինցիների հովանավորն ու պաշտպանն ավելի շատ ոչ թե արաբական մյուս պետություններն են, այլ հենց Իրանը, որի հովանավորյալ Հեզբոլլահն ու Համասն էլ պատերազմում են Իսրայելի դեմ։
Արայիկ Մկրտումյան
Տարածաշրջանում կրքերը գնալով ավելի են բորբոքվում։ Իրանի և Իսրայելի միջև անվերջ շարունակվող լարվածության վերջին կաթիլը օրերս Իրանի մայրաքաղաք Թեհրանում Համասի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանինեի սպանությունն էր։ Դրանից հետո ԹԵհրանը հայտարարեց, որ Իսրայելը պատասխան է տալու սրա համար։ Իսրայելը ընդունեց Հանիեի սպանության պատասխանատվությունը։ ԱՄՆ կողմից ևս ահազանգ է հնչել, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կամ 72 ժամվա մեջ Իրանը հարվածելու է Իսրայելին։ Կասկածից վեր է, որ իրանա-իսրայելյան պատերազմը կարող է պարզապես պայթեցնել ողջ տարածաշրջանը և ողբերգական հետևանքներ թողնել բացարձակապես բոլորի վրա։ Իրանա-իսրայելյան հարաբերությունները, որ աննախադեպ լարվածության են հասել վերջին ամիսներին, այժմ սպառնում են լայնածավալ ու կործանիչպատերազմի վերածվել։
Ընդհանրապես Իսրայել-Պաղեստին պատերազմը, որ մինչև հիմա թուլացման միտում ցույց չի տալիս, վկայում է, որ համաշխարհային փոփոխությունները գնալով ավելի ու ավելի կոշտ բնույթ են ստանում։ Ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չմարսած, աշխարհը կանգնած է ավելի ծայրահեղ մի պատերազմի առաջ։ Եթե ռուս-ուկրաինականի դեպքում առայժմ հակամարտությունը դուրս չի գալիս ռուս-ուկրաինական սահմանագծից ու շահագրգիռ կողմերը մասնակցում են որպես մատակարարներ, ապա իրանա-իսրայելյան պատերազմը լինելու է շատ ավելի հզոր ու անկանխատեսելի։ Հիշեցնենք, որ Իրան-Իսրայել պրոքսի հակամարտությունն ուղիղ բախման վերածվեց այն բանից հետո, երբ 2024թ․ ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռակոծեց Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատունը, որի հետև նաով սպանվեցին մի շարք բարձրաստիճան իրանցիներ։ Ապրիլի 13-ին՝ ժամը 01։ 00-ին Հեզբոլլահը մոտ 40 հրթիռներով հարձակվում է Իսրայելի հարավի վրա։ Իսրայելը պատասխանում է՝ ռմբակոծելով Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրամասը։ «Ալ Ջազիրան»-ն հայտնում է, որ հարձակումը, ամենայն հավանականությամբ, կապված է նույն օրը ավելի ուշ տեղի ունեցած իրանական հարվածի հետ։
Ավելի ուշ Իրանը և նրա վստահված խմբավորումները հարձակվեցին Իսրայելի վրա մոտ 300 անօդաչու թռչող սարքերով և բազմաթիվ բալիստիկ հրթիռներով։ Իրանի հրամանատարության ներքո՝ Հութիները, Իրաքում Իսլամական Դիմադրությունը և Բադր կազմակերպությունը նույնպես հարձակումներ են իրականացնում Իսրայելի վրա։ Սիրիան մի քանի իսրայելական որսիչներ է խոցում։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Հորդանանը որսում են իրանական ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր։ Անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները ի վերջո հարվածում են Իսրայելի տարբեր քաղաքներին, արևմտյան ափին և Գոլանի բարձունքներին։ ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և հայտարարում, որ չի մասնակցի Իրանի դեմ իսրայելյան հարձակմանը։ Ապրիլի 19-ի Իսրայելի կողմից հարձակում է կատարվում Սպահանի միջազգային օդանավակայանի վրա, որը սակայն շատ ավելի թեթև էր, քան սպասվում էր։ Իրավիճակը փոքր ինչ հանդարտվում է, բայց միանգամից պայթում Հանիեի սպանությամբ։
Ներկայումս թուլացման որևէ նշաններ չկան։ Միջազգային վերլուծական կենտրոնները առայժմ փորձում են գուշակել, թե Իրանի հարձակման և Իսրայելի պատասխանի դեպքում հնարավոր ինչ մասշտաբներ կարող է ընդգրկել այդ պատերազմը։ Իրան-Իսրայել պատերազմը ուղղակիորեն վերաբերվում է նաև մեզ, քանի որ Իրանը մեր հարևանն է ու բավական սերտ համագործակցող երկիր, իսկ Հայաստանի նկատմամբ ավանդական հակակրանք ունեցող Իսրայելը Բաքվի հիմնական զենք մատակարարողներից մեկը։ Իրավիճակը սրվում է նրանով, որ Ադրբեջանը ևս հայտնվում է փակուղում, քանի որ, թեև Իսրայելն իր դաշնակիցն է, բայց Իրանն էլ իր հարևանն է, որի հետ ռազմական կոնֆլիկտը Ադրբեջանին ոչ մի պարագայում ձեռնտու չէ։ Իրանն արդեն իսկ հայտարարել է, որ բոլոր այն երկրները, ովքեր իրենց օդային տարածքոը կտրամադրեն Իսրայելին, կդիտվեն որպես հակամարտող թշնամի կողմ։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանն է սպառնում ներխուժել Իսրայել, ինչը ուղղակիորեն հակասում է ադրբեջանա-իսրայելյան և թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններին։ Հիշենք, որ պաղեստինա-իսրայելյան պատերազմի ժամանակ թուրքերը աջակցություն հայտնեցին պաղեստինցիներին, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելին։ Թուրքիան հազիվ թե ներխուժի Իսրայել, Էրդողանի հայտարարություններն ավելի շատ դեկլարատիվ են։ Թուրքիան չի կարող հարձակվել Իսրայելի վրա գոնե այն պարզ պատճառով, որ Իսրայելի դաշնակիցն է ԱՄՆ-ը, որը միաժամանակ նաև իր ռազմական դաշնակիցն է։ Բացի դրանից, հարձակվել Իսրայելի վրա, նշանակում է Իրանի հետ հայտնվել բարիկադների նույն կողմում, ինչը անհավատալի է թվում, քանի որ Թուրքիան և Իրանը մշտապես եղել են մրցակիցներ, եթե ոչ թշնամիներ։ Թեև քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց դա փոքր ինչ անհավանական է թվում։
Բայց այս ամենը չի թուլացնում այն, որ Իրանի հարձակման դեպքում կարձագանքեն մի շարք երկրներ, որոնք կփորձեն իրենց բաժինը պոկել կոնֆլիկտից։ ԱՄՆ պարագայում, որը Իսրայելի ռազմական հովանավորն ու դաշնակիցն է, հավանականություն կա, որ վերջինս կփորձի չխառնվել այդ պատերազմին, քանի որ ԱՄՆ կողմից Իրանի դեմ պաշտոնական պատերազմը նշանակում է միանգամից հրդեհել նախ ողջ Մերձավոր Արևելքը, ապա՝ Արաբական թերակղզին և հեռավոր Արևելքը, ընդհուպ մինչև Հնդկաստան և Չինաստան։ Իսկ դա մեկ բառով կոչվում է «համաշխարհային պատերազմ»։
Շատ բան է կախված նրանից, թե Իրանի հարվածն ինչ ուժգնությամբ կլինի, իսկ Իսրայելի պատասխանն ինչ մասշտաբի։ Շատ բան նաև կախված է նրանից, թե ինչպես կարձագանքեն դրան օրինակ Ադրբեջանը, արաբական աշխարհը, ԱՄՆ-ը և այլն։ Հատկապես հետաքրքիր է արաբական աշխարհի անդրադարձը, քանի որ պաղեստինցիների հովանավորն ու պաշտպանն ավելի շատ ոչ թե արաբական մյուս պետություններն են, այլ հենց Իրանը, որի հովանավորյալ Հեզբոլլահն ու Համասն էլ պատերազմում են Իսրայելի դեմ։ Ի՞նչ արձագանք են տալու այս ամենին արաբական երկրները, օրինակ Եգիպտոսը, Կատարը, կամ Իսրայելի համար հակաիրանյան դիրքավորում բռնած Հորդանանը։ Իսրայելն արդեն իսկ հարվածներ է հասցրել Լիբանանին և մոտ օրերս կարող է ներխուժել հարավային Լիբանան։ Իրանական ուժերը նաև ակտիվացել են Սիրիայում։
Իսրայելի վարչապետի պահվածքից այնպես է թվում, որ Իսրայելն ամեն ինչ անում է, որպեսզի ԱՄՆ-ը պատերազմի մեջ մտնի, ինչը աղետալի կդառնա։ ԱՄՆ-ը հավանաբար կփորձի խոսւափել, մանավանդ, որ նախագահական ընտրություններին պատրաստվող ԱՄՆ-ը չի ցանկանում նման աշխարհասասան սպեկուլյացիայի մեջ ներքաշվել։ Շատ պայթյունավտանգ է նաև ավելի փոքր երկրների վերաբերմունքը։ Օրինակ Ադրբեջանը վերջերս գրեթե պատերազմ էր հայտարարել Հնդկաստանին։ Ադրբեջանի եղբայրներից է նաև Պակիստանը, որի թշնամին Հնդկաստանն է։ Հնդկաստանը առիթը բաց չի թողնի Ադրբեջանին պատժելու համար։ Դրա լավ առիթը կլինի Բաքվի հակաիրանյան քաղաքականությունը, քանի որ Հնդկաստան-Իրան հարաբերությունները բավական լավ վիճակում են։ Չմոռանանք, որ Հայաստանը հնդկական զենքը ստանում է հենց Իրանի օդային տարածքով, ինչը նշանակում է, որ մենք կամա թե ակամա ստիպված ենք լինելու ինչ որ կերպ արձագանքել այդ ամենին։ Բայց Հնդկաստանի ներգրավածությունը իր հետ բերելու է նաև Չինաստանին։
Իսկ Ռուսաստա՞նը։ Ինչպե՞ս է արձագանքելու Ռուսաստանը, ով այս պահին խիստ ունի Իրանի կարիքը։ Արդյո՞ք Ռուսաստանը Բաքվին անտեսելու է, որպեսզի շարունակի Իրանից ստանալ իրեն անհրաժեշտ աթս-ները և այլ միջոցները՝ ուկրաինական պատերազմը շարունակելու համար։
Այս բոլորը կարելի է այո ու ոչ ենթադրել։ ՎԵրջին սցենարը, երբ գործին ակտիվ խառնվեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը(դեռ չասած Եվրոպայի մասին) շատ հավանական չէ, բայց դրա դեպքում մարդկության վերացումը մի շաբաթվա գործ է։
Թերևս այս խելագար իրավիճակում Իսրայելին ու Իրանին հանգիստ թողնելն ու խստորեն ոչ մի բանի չխառնվելն է ու երկու կողմին էլ համոզելը, որ միմյանց հասցվելիք հարվածները անդառնալիորեն ծանր չլինեն։ Իրանն արդեն իսկ ապացուցել է, որ կարողանում է ճեղքել Իսրայելի հակաօդային համակարգը, իսկ դա նշանակում է, որ ցանկության դեպքում Իրանը կարող է միջուկային ռմբակոծության ենթարկել Իսրայելը, ինչպես նաև հակառակը։ Մի խոսքով մենք մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ նույնիսկ փոքրիկ քայլը կարող է դոմինոյի ազդեցությամբ հրդեհել ողջ աշխարհը։
Հուսանք որ համաշխարհային լիդերները գոնե մեկ անգամ ավելի պատասխանատու կպահեն իրենց՝ ողջ մարդկության ճակատագիրը որոշելուց առաջ։