Հայաստան

Ի՞նչ Ճանապարհ Կընտրի Իրանը

Ռուսաստանը, բնականաբար, Արեւմուտք-Իրան հարաբերությունների ապասառեցման ոչ մի մոտիվացիա չունի, իսկ վերլուծաբանների մի մասը գտնում է, որ եթե Փեզեշքիանին չհաջողվի մեղմացնել Իրանի մեկուսացվածությունը, ապա «երկիրը կարող է պայթել ներսից»:

Վահրամ Աթանեսյան

Խամենեին եւ Փեզեշքիանը չե՞ն կիսում Իրանի «միջուկային զինանոցը»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախկին արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին նշանակել է խորհրդական կամ՝ ռազմավարական հարցերով փոխնախագահ: Զարիֆը Փեզեշքիանի նախընտրական քարոզչության առանցքային դերակատար էր: Տպավորություն կար, որ նա կվերադառնա արտգործնախարարի պաշտոնին, բայց, երևում է, Գերագույն հոգևոր առաջնորդի օրհնությունը չի ստացել:

Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռի խորտակումից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ նախագահի մահով Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ընթացող խորհրդատվությունները չեն ընդհատվի եւ հատուկ ընդգծեց, որ դրանք կոորդինացնում է փոխարտգործնախարար Ալի Բաղերին:

Իրանական վերնախավի «խոհանոցին» լավատեղյակ աղբյուրների տեղեկություններով՝ Ալի Բաղերին այաթոլլա Խամենեիի դստեր ամուսնու եղբայրն է, ով շատ մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությանը: Միջազգային մամուլում տեսակետ է շրջանառվել, որ ԱՄՆ նախագահի ընտրության հարցում «Ռուսաստանը եւ Իրանը տարբեր ճամբարներում են»: Թեհրանն իր ռեսուրսներով պաշտպանում է դեմոկրատական կուսակցությանը, իսկ Ռուսաստանը՝ Դոնալդ Թրամփին:

Ռուսաստանը, բնականաբար, Արեւմուտք-Իրան հարաբերությունների ապասառեցման ոչ մի մոտիվացիա չունի, իսկ վերլուծաբանների մի մասը գտնում է, որ եթե Փեզեշքիանին չհաջողվի մեղմացնել Իրանի մեկուսացվածությունը, ապա «երկիրը կարող է պայթել ներսից»: Դժվար է ասել, թե այդ գնահատականը որքանով է անաչառ, բայց ավելի քան ութսուն միլիոն բազմազգ բնակչություն ունեցող Իրանը, կարծես, եւս մեկ կամ մի քանի տասնամյակ չի կարող մնալ «ռեզերվուացիա»:

Խնդիրն, ըստ երևույթին, այն է, թե ո՞վ եւ ինչպե՞ս է հաղթահարելու մեկուսացումը: Ընդ որում, իրանագետները նաեւ պնդում են, որ երկրի հիմնական խնդիրները երկուսն են՝ Իրանը կստանա՞ «սահմանային միջուկային տերության» լեգիտիմ կարգավիճակ, եւ ո՞վ է լինելու Խամենեիի իրավահաջորդը:

Ո՞վ է շարունակելու միջուկային «զինանոցի» հարցով ԱՄՆ-ի հետ բանակցությունները: Իրավիճակը, երևի, չարժե պարզունակ գնահատել, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները «թշնամիներ են» կամ Իրան-Իսրայել պատերազմն «անխուսափելի է»: Իրանում իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանը եւ Թել-Ավիվը բազմիցս շատ մոտ են եղել «ապոկալիպսիսի»: Բացառված չէ, որ ներկայիս իրավիճակը ճգնաժամի հերթական փուլ է:

Ավելի կարևոր է լինելու, թե ԱՄՆ հետ ոչ պաշտոնական բանակցությունների կոորդինացիան մնալու է Բաղերինի՞ իրավասությանը, թե անցնելու է Զարիֆի՞ն: Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ աշխարհում ընդհանրապես, իրավիճակը կարող է լինել այնպիսին, որ ավանդական-ստերեոտիպային մոտեցումները կարող են ոչ արդյունավետ լինել կամ արդեն իսկ այդպիսին են:

Իրանի քաղաքական վերնախավը երկրի ապագայի ի՞նչ տեսլական ունի: Իսլամական համերաշխության առաջնորդությունը, հավանաբար, միայն քարոզչություն է, իսկ «դիմադրության առանցքը»՝ մարտահրավեր ոչ միայն Իսրայելին: Այս իրավիճակում Իրանը կարո՞ղ է «բացվել աշխարհին»: Գուցե՝ այո, բայց ո՞վ «կբացի»: Գերագույն հոգևոր առաջնորդը, թե՞ նախագահ Փեզեշքիանը:

Զարիֆն արտաքին գործերի նախարար չի նշանակվել, իսկ Բաղերին կնշանակվի՞, թե՞ կընտրվի «փոխզիջումային» տարբերակ: Խորհրդարանը, որտեղ պահպանողականները գերակշռում են, կաջակցի՞ նախագահին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «ամենազորության» աուրան, կարծես, լրջագույն փորձություն է անցնում: Իսմայիլ Հանիան սպանվել է ԻՀՊԿ հյուրատանը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *