Հայաստան

Հայաստանը Մեծացնում Է Իր Ռազմական Ուժը

(Վերջին մաս)

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները դեռ 2023-ի նոյեմբերին համաձայնել էին քննարկել Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցը։

Հովհաննես Նազարեթյան

Եվրամիություն

Չնայած Եվրամիությունը կոշտ ուժ կիրառելու կարողություն չունի, բայց Հայաստանի հետ հարաբերություններում ներառվել է նաև անվտանգության բաղադրիչ։ «Ազատություն» լրատվականը հուլիսի սկզբին հայտնեց, որ ԵՄ-ն առաջիկայում 10 մլն եվրոյի ոչ մահաբեր ռազմական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ իր խաղաղության հիմնադրամից (European Peace Facility, EPF)։ Մինչ այդ Հունգարիան փաստացի արգելափակում էր այդ աջակցությունը։

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները դեռ 2023-ի նոյեմբերին համաձայնել էին քննարկել Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցը։ Նախնական համաձայնություն ձեռք էր բերվել ապրիլին՝ մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու նպատակով։

Փետրվարին ԵՄ միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը հայտնեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի ներգրավումը ԵՄ-ի ռազմական առաքելություններում և գործողություններում։

Մայիսին նախարար Պապիկյանը ԵՄ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պապիկյանը նաև հանդիպել էր ԵՄ դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Ըստ Ֆրիզի՝ կողմերը ձեռնարկում են հստակ քայլեր՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար:

Վերջերս հրապարակված հոդվածում Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) երկու վերլուծաբաններ պնդել են, որ ԵՄ-ն կարող է նպաստել Հայաստանի անվտանգությանը հետևյալ ձևերով՝ Ֆրոնտեքսի միջոցով օգնել Հայաստանին սահմանների վերահսկման գործում, մոբիլիզացնել ԵՄ անդամներին միանալու Ֆրանսիային՝ Հայաստանի պաշտպանության հնարավորությունները բարելավելու համար, և ապահովել առաջադեմ ռազմական սարքավորումներով և համատեղ վարժանքներ անցկացնել՝ Հայաստանի զինված ուժերն արդիականացնելու և եվրոպական գործընկերների հետ համատեղելիությունը բարելավելու նպատակով:

Վերջին ամիսներին ռազմական համագործակցության հնարավորությունները Հայաստանը քննարկել է նաև Նիդերլանդների և Ավստրիայի հետ։

Մայիսին նախարար Պապիկյանը և Բելգիայի դեսպանը քննարկեցին պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, իսկ օրեր անց Պապիկյանը մեկնեց Բելգիա, որտեղ նախ հանդիպեց փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին, իսկ հետ այցելեց «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընկերության արտադրանքին։ Այնտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: Այդ ընկերությունը հիմնականում արտադրում է հրանոթային աշտարակներ զրահապատ մեքենաների համար։ Այն նաև նախատեսում է առաջիկայում ձեռք բերել ֆրանսիական Arquus ռազմարդյունաբերող ընկերությունը, որն ապահովում է ֆրանսիական բանակի անիվավոր մեքենաների 90 տոկոսը, այդ թվում Բաստիոն տեսակի զրահափոխադրիչները։ Հայաստանը 50 միավոր բաստիոն է ձեռք բերել, որի շուրջ կեսը Վրաստանով մատակարարվեց նոյեմբերին, իսկ մնացածը նախատեսվում է, որ կփոխանցվի այս ամառ։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *