28.6 C
Yerevan

Նենգա­փոխված Թարգմա­նությունը Ստից Վատ Է

Հայաստանյան մեդիա դաշտից տպա­վո­րություն է ստեղծում, որ ամեն ինչ Հայաստա­նի շուրջ է, ամեն ինչ դիտարկվում է ՀՀ դիրքե­րից և դրա համար էլ մեզա­նից հեռու գտնվող պրո­ցեսնե­րը մեր լրատվա­մի­ջոցնե­րում չեն արծարծվում։

Արսեն Խառատյան

«Միջնորդա­վորված թարգմա­նություննե­րը կարող են մեզ դարձնել ապա­տե­ղե­կատվության, քարոզչության զոհեր»

Տիգրա­նուհի Մարտի­րոսյան
Լրագրող, մեդիա­յի առաջխա­ղացման մասնա­գետ

Արսեն Խառատյան
Հայաստանյան լրատվա­մի­ջոցնե­րում քիչ են խոսակցություննե­րը հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի մասին։ Media.am‑ի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստա­նում գործող «Ալիք Մեդիա»-ի հիմնա­դիր Արսեն Խառատյա­նը՝ խոսե­լով Միացյալ Նահանգնե­րում կայա­նա­լիք նախա­գա­հա­կան ընտրություննե­րի լուսա­բանման մասին։ Նա նշել է, որ երկկողմ օրա­կարգում կան բազմա­թիվ կարև­որ հարցեր, որոնք հայկա­կան մեդիա­տի­րույթում չեն քննարկվում։

ԱՄՆ-ում կայա­նա­լիք նախա­գա­հա­կան ընտրություննե­րը ողջ աշխարհի, այդ թվում հայաստանյան լրատվա­մի­ջոցնե­րի ուշադրության կենտրո­նում են։ Որո՞նք պետք է լինեն տեղա­կան մամուլի ուղերձներն այս ընտրություննե­րի մասով։

Արտա­քին քաղա­քա­կա­նությունը ամե­րիկյան ներքա­ղա­քա­կան բանա­վե­ճի օրա­կարգում շատ փոքր տեղ է զբա­ղեցնում, ընտրողնե­րի համար ԱՄՆ հարա­բե­րություննե­րը արտա­քին աշխարհի հետ ընտրա­կան պրո­ցե­սի համա­տեքստում նշա­նա­կություն չունեն։ ԱՄՆ ընտրություննե­րը ներքին օրա­կարգե­րի մասին են, դրանք ներքին հարցե­րի լուծման տարբե­րակնե­րի ընտրության մասին են, և սա, միա­նա­շա­նակ, պետք է հաշվի առնել այս ընտրություննե­րը լուսա­բա­նե­լիս։

Հստակ է, որ Դոնալդ Թրամփի նախա­գա­հության տարի­նե­րին Հայաստա­նի համար ոչ ձեռնտու իրա­դարձություններ են տեղի ունե­ցել, լուրջ փոփո­խություններ են եղել Ուկրաի­նա­յի, Ռուսաստա­նի, Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րում։ Ջո Բայդե­նի նախա­գա­հության ժամա­նակ մենք տեսել ենք մեծ քայլ առաջ զարգա­ցում ՀՀ հետ հարա­բե­րություննե­րում և այս ամե­նը կարող է վտանգվել, եթե Վաշինգտո­նում ադմի­նիստրա­ցիան փոխվի։ Այս մասին, իհարկե, մեր լրատվա­մի­ջոցնե­րը պետք է գրեն, պատմեն, թե թեկնա­ծունե­րից ով ինչ տեսլա­կան ունի Հարա­վին Կովկա­սի վերա­բերյալ, քանի որ ընտրություննե­րի արդյունքնե­րից է կախված թե ինչպի­սին կլի­նի ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունը մեր տարա­ծաշրջա­նում։

Տպա­վո­րություն կա, որ հայաստանյան լրատվա­մի­ջոցնե­րը ԱՄՆ-ում սպասվող ընտրություննե­րի մասին խոսում ու գրում են ավե­լի հաճախ ՌԴ-ԱՄՆ առճա­կատման դիտանկյունից, քան՝ ՀՀ-ԱՄՆ։ Ինչո՞ւ է այդպես։

Ինչ-որ իմաստով ԱՄՆ ուղիղ ազդե­ցությունը Հայաստա­նի վրա դիտարկվում է ՌԴ-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի համա­տեքստում։ Որոշ իմաստով օբյեկտիվ հիմքեր կան սրա համար, բայց համա­ձայն եմ, որ քիչ են խոսակցություննե­րը հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի մասին։ Այնինչ, հատկա­պես վերջին երկու տարի­նե­րին, գրանցվել են էական շարժեր երկկողմ հարա­բե­րություննե­րի զարգացման ուղղությամբ։ Ռազմա­վա­րա­կան համա­գործակցության, ֆինանսա­կան աջակցության, փոքր միջուկա­յին կայաննե­րի շուրջ խոսակցություննե­րը չեն դառնում հայաստանյան մեդիա­տի­րույթի քննարկման թեմա։

Ինչո՞ւ չեն դառնում քննարկման թեմա։

Մի փոքր անհասկա­նա­լի է, որովհետև կան փորձա­գետներ, ովքեր հետև­ում են իրա­դարձություննե­րին և, վստահ եմ, ասե­լիք ունեն, կարող են վերլուծել ամե­րիկյան գործընթացնե­րը։

Եթե վերլուծա­կան մտքի պակաս, ինչպես ասում եք, չկա, ուրեմն խնդի­րը լրատվա­մի­ջոցնե­րի դաշտո՞ւմ է։

Լրատվա­մի­ջոցներն ունեն իրենց խմբագրա­կան քաղա­քա­կա­նությունն ու տրա­մա­բա­նությունը։ Յուրա­քանչյուրն ինքն է որո­շում, թե ինչպես լուսա­բա­նել այս կամ այն թեման։ Ես շատ կցանկա­նա­յի հայաստանյան մեդիա­տի­րույթում տեսնել նյութեր հենց ԱՄՆ ներսում կատարվող իրա­դարձություննե­րի մասին։ Օրի­նակ, թե ինչպես է գործում ընտրա­կան համա­կարգը, որ Նահանգնե­րում են թեկնա­ծունե­րը ջանքեր գործադրում, որ հաղթեն։ Բայց հասկա­նում եմ նաև, որ բնա­կան է, որ այս մանրա­մասնություննե­րը տեղ չեն գտնում մամուլում, ինչպես և տեղ չեն գտնում եվրո­պա­կան, ռուսաստանյան ներքին պրո­ցեսնե­րը։

Հայաստանյան մեդիա դաշտից տպա­վո­րություն է ստեղծում, որ ամեն ինչ Հայաստա­նի շուրջ է, ամեն ինչ դիտարկվում է ՀՀ դիրքե­րից և դրա համար էլ մեզա­նից հեռու գտնվող պրո­ցեսնե­րը մեր լրատվա­մի­ջոցնե­րում չեն արծարծվում։

Այդ ամե­նի փոխա­րեն մեր լրատվա­մի­ջոցնե­րը շատ ակտիվ լուսա­բա­նում են, թե ինչպես Ջո Բայդե­նը հերթա­կան անգամ սայթա­քեց կամ ինչպես քնեց որևէ միջո­ցառման ժամա­նակ, ինչպես Դոնալդ Թրամփը չբարև­եց որևէ պաշտո­նիա­յի և այլն․․․

Դիտե­լիության խնդիր կա։ Մարդկանց մոտ նմա­նա­բո­վանդակ նյութե­րը էմո­ցիա են առա­ջացնում ու մարդիկ նայում են։ Սկանդա­լա­յին տեսանյութերն ամբողջ աշխարհում են պահանջված ու սա միայն մեր խնդի­րը չէ։ Դոնալդ Թրամփի մահա­փորձի մասին պարբե­րա­բար լսում եմ, որ դա սարքած էր, հատուկ ծառա­յություննե­րի ձեռքի գործն էր․․․ Մտա­հո­գիչ է։ Դավադրա­կան տեսություններ են շրջա­նա­ռում, որ ԱՄՆ-ում ոչինչ, անգամ մահա­փորձը, տեղի չի ունե­նում առանց պետության իմա­ցության կամ մասնակցության։ Եթե մամուլը խորքա­յին լուսա­բա­նի պրո­ցեսնե­րը, այդ թվում, ինչպես ասա­ցի, պատմի ներքին կյանքի մասին, մարդիկ գուցե դադա­րեն թյուր պատկե­րա­ցումներ կազմել։

Կրկին հարցնեմ։ Ի՞նչն է խանգա­րում խորքա­յին վերլուծություննե­րին։

Հավա­նա­բար ուղիղ անգլե­րե­նով գործընթացնե­րին չհետև­ե­լը, ինչպես նաև միջնորդա­վորված աղբյուրնե­րից օգտվե­լը։ ԱՄՆ պրո­ցեսնե­րի մասին մեր մեդիան պատմում է հղում անե­լով ռուսա­կան ՏԱՍՍ կամ մեկ այլ լրատվա­մի­ջո­ցի։ Շատ քիչ մեդիա միջոցներ կան, որոնք թարգմա­նություններ են անում բնագրից, իրենք են ընտրում թե որ լուրը թարգմա­նեն, լուրի որ հատվա­ծը թարգմա­նեն, ոչ թե թարգմա­նում են դիցուք ՏԱՍՍ‑ի ընտրած հատվա­ծը։

Սա հիմնա­կան պատճառն է, որ մեր պատկե­րա­ցումնե­րը ԱՄՆ քաղա­քա­կան պրո­ցեսնե­րի մասին խեղաթյուրված են։ Միջնորդա­վորված թարգմա­նություննե­րը կարող են մեզ դարձնել ապա­տե­ղե­կատվության, քարոզչության զոհեր։

Տարի­ներ առաջ քիչ էին լրատվա­մի­ջոցնե­րը, որոնք ունեին արտա­քին կողմնո­րո­շում։ Մեկ-երկու կայքեր կային, որոնք կարդա­լով կարող էիր ասել՝ արևմտյան քաղա­քա­կա­նություն են վարում կամ ռուսա­կան։ Հիմա մամուլը կարծես չի թաքցնում նաև արտա­քին կողմնո­րո­շումնե­րը։ Ի՞նչն է փոխվել։

Այո, մեդիա դաշտը բևե­ռացված է ոչ միայն ներքին, այլև՝ արտա­քին քաղա­քա­կան հարցե­րում։ Նախկի­նում Հայաստա­նը փորձում էր զերծ մնալ արտա­քին քաղա­քա­կան կողմնո­րո­շումնե­րը բարձրա­ձայնե­լու հարցում ու մամուլն էլ, ըստ դրա, չեզոք կամ իներտ էր այդ հարցե­րում։ Հիմա, ՀՀ դիրքո­րո­շումնե­րը պարզ են, բարձրա­ձայնվում են ու մամուլն էլ դրան հետև­ում է։

Նախկի­նում անհնար թվա­ցող բաներ են տեղի ունե­նում․ ամե­րի­կա­ցի զինվո­րա­կաններ են սկսում Հայաստա­նի ՊՆ-ում աշխա­տել, Հետաքննություննե­րի դաշնա­յին Բյուրո­յի ղեկա­վարն է Հայաստան գալիս, ՌԴ հետ բաց առճա­կա­տում կա․․․ Նման իրո­ղություննե­րի պայմաննե­րում մեդիան էլ դիրքա­վորվում է ըստ իր ճաշա­կի կամ իր կողմնո­րո­շումնե­րի։ Սա է տեղի ունե­նում։

Որպես Վրաստա­նում հիմնած լրատվա­մի­ջո­ցի հիմնա­դիր՝ հետաքրքիր է Ձեր կարծի­քը վրա­ցա­կան մեդիա տիրույթի մասին։ Վրա­ցա­կան լրատվա­մի­ջոցներն ինչպե՞ս են լուսա­բա­նում ԱՄՆ-ում կայա­նա­լիք ընտրություննե­րը։

Վրա­ցա­կան մեդիա­դաշտն էլ բևե­ռացված է։ Վրաստա­նում ճգնա­ժա­մա­յին տարի է, նախընտրա­կան տարի է, հոկտեմբե­րին սպասվում են ընտրություններ և ԱՄՆ հարցը դիտարկվում է հենց այս կոնտեքստում՝ որ թեկնա­ծում է ավե­լի մոտ ԱՄՆ-ին, որը՝ ավե­լի հեռու։ ԱՄՆ‑ը պատժա­մի­ջոցնե­րի հարց է բարձրացրել վրա­ցա­կան գործող իշխա­նություննե­րի դեմ և, բնա­կա­նա­բար, պրոիշխա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րը, մեղծ ասած, դրա­կան լույսի ներքո չեն ներկա­յացնում Դեմոկրատնե­րին։

Հոդվա­ծը՝ media.am կայքից։

Առնչվող Հոդվածներ