Հայաստան

ՀԱՊԿ֊ը Լուռ Է Նաև Մոսկվայի Համար

Գրեթե անառարկելի է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը որեւէ արտաքին աջակցություն չի ստացել: Անգամ լավագույն դեպքում դժվար է պատկերացնել, որ զորքերի մարտական ոգին բարձրացել է:

Վահրամ Աթանեսյան

Ռուսաստանը Պուտինը առնվազն «մեկուկես անգամ ոչ ադեկվատ է»:

Կուրսկի ուղղությամբ ուկրաինական «ճեղքումից» մեկ շաբաթ անց Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջապես «օպերատիվ խորհրդակցություն» է հրավիրել, բայց հեռավար կարգով՝ Նովո-Օգարյովոյի նստավայրից: Նա պաշտպանության նախարարության առջեւ «հակառակորդին դուրս մղելու, ճզմելու» խնդիր է դրել:

ՌԴ սուվերեն տարածք «ներխուժած» ուկրաինական զորախմբի «հաղթական ռազմերթի» սպասելիքներ նույնիսկ պաշտոնական Կիեւը չունի։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ ռազմագործողության նպատակը «պատերազմը հակառակորդի տարածք տեղափոխելն է»։ ՌԴ նախագահի գնահատմամբ՝ «Կիեւի ռեժիմը փորձում է բանակցությունների համար նպաստավոր իրավիճակ ստեղծել»։

Նա, սակայն, ավելացնում է, որ խոսք չի կարող լինել այն մարդկանց հետ բանակցությունների մասին, ովքեր «առանց տարբերության հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ փորձում սպառնալիքներ ստեղծել միջուկային էներգետիկայի օբյեկտների համար»։

Ուկրաինական զորախումբը Կուրսկում, հավանաբար, ամենեւին էլ «ճերմակ աղավնի» չէ, բայց «պատերազմական հանցագործությունների եւ դիակապտության» հարցերը, որքան էլ կողմերը դրանք քարոզչական մակարդակում շեշտադրեն, երկրորդական կամ երրորդական նշանակություն ունեն:

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Կուրսկի մարզ ուկրաինական ներթափանցումը ոչ թե նվազեցրել, այլ առնվազն մեկուկես անգամ բարձրացրել է Դոնբասում եւ Ուկրաինայի արեւելյան մարզերում գործող ռուսական զորքերի եւ «կամավորների» մարտական ոգին։ Ավելին, Ռուսաստանի նախագահը կարծում է, որ Մոսկվային աջակցում են նաեւ դաշնակից եւ չեզոք երկրները։

Ոչ ոք անգամ 21-րդ դարում չի բեկանել «պատերազմում՝ ինչպես պատերազմում» քարոզչություն իրականացնելու իրավունքը: Բայց արդյո՞ք աշխարհը, միջազգային հանրությունն այդ գնահատականն էր ակնկալում Ռուսաստանի նախագահից: Նա ասում է, որ «Կիեւի ռեժիմը կատարել է արեւմտյան տերերի պատվերը»: Որքանո՞վ է այս գնահատականը ստույգ եւ, որ ավելի կարեւոր է, որքանո՞վ է այն համապատասխանում առկա իրավիճակին։

Որքանո՞վ է իրականությանը մոտ այն պատկերացումը, որ Կուրսկ ուկրաինական ներթափանցումը «մեկուկես անգամ բարձրացրել է» Դոնբասում կռվող ռուս զինվորականների եւ «կամավորների» մարտական ոգին:

Գրեթե անառարկելի է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը որեւէ արտաքին աջակցություն չի ստացել: Անգամ լավագույն դեպքում դժվար է պատկերացնել, որ զորքերի մարտական ոգին բարձրացել է:

Ի վերջո, Ուկրաինային հաջողվել է պատերազմը տեղափոխել Ռուսաստանի տարածք: ՌԴ նախագահը, ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարը, իհարկե, իրավասու է բանակի առջեւ դնել «հակառակորդին ճզմելու, Ռուսաստանի տարածքից դուրս մղելու» մարտական խնդիր, եւ զորքն էլ պարտավոր է ենթարկվել այդ հրամանին: Բայց դա որքանո՞վ է ստեղծված իրավիճակին քաղաքական առումով ադեկվատ:

Ռուսաստանի ռազմա-քաղաքական էլիտան, հասկանալի է, հրապարակային նահանջի տեղ չունի: Բայց մի՞թե նրա նպատակն իրականում Ուկրաինայի ոչնչացումն է, կամ դա «կարմիր գիծ» է, որից նահանջը վտանգում է Ռուսաստանի պետականության փլուզումը՝ ինչպես նախագահ Պուտինը է ձեւակերպել:

Կուրսկի մարզ ուկրաինական ներթափանցումը, երեւի, պատերազմը կանգնեցնելու «վերջին հուսահատ փորձն» է: Ռուսաստանի նախագահը փաստացի մերժում է «արժանապատվության փոխանակման» առաջարկությունը եւ «մահացու» պատերազմի որոշում ընդունում: Պետք է արձանագրել, որ դա աշխարհաքաղաքական առկա իրավիճակին նվազագույնը մեկուկես անգամ ադեկվատ չէ:

Հոդվածը ՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *