Հայաստան

Օլիմպիական Ոդիսական

Մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր մարզիկներին ու փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ մեզ մոտ ոչինչ չի ստացվում մյուս սպորտաձևերում։ Ինչո՞ւ հայկական ֆուտբոլը չի կարողանում ազատվել իր ճահճացած վիճակից, ինչո՞ւ հայ ավտոարշավորդներ չունենք, ինչո՞ւ հայ բռնցքամարտիկները օտար դրոշի տակ են փառք ձեռք բերում և նմանատիպ տարատեսակ ինչուներ։

Արայիկ Մկրտումյան

2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի արդյունքներով Հայաստանն ունի չորս մեդալ՝ երեք արծաթ և մեկ բրոնզ։ Շնորհավորում ենք հայ մարզիկներին նրանց պայքարի, մեզ նվիրած ուրախության պահերի, ինչպես նաև այն բանի համար, որ հայոց եռագույնը ծածանվում է լավագույնների շարքում։ Չմոռանանք նաև նշել, որ արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանն իր սպորտաձևում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները՝ քաղաքային-մարզայինից մինչև Եվրոպայի, աշխարհի ու Օլիմպիական մրցումների արդյունքում։ Արդար չի լինի Արթուր Ալեքսանյանից պահանջել ավելին, արդար չի լինի նրանից անվերջ պահանջել միշտ լինել առաջինը։ Նա այսպես թե այնպես առաջիններից մեկն է, լավագույններից մեկը ողջ աշխարհում։
Բայց հիմա պետք է խոսել մեկ այլ երևույթի մասին։ 1996թ․ առ այսօր Հայաստանն ունի երկու օլիմպիական ոսկի, որ նվաճել են 1996թ․ Արմեն Նազարյանը և 2016թ․ Արթուր Ալեքսանյանը։
Այստեղ մենք պետք է նշենք երկու երևույթ։ Առաջինն այն է, որ մեր սպորտային հաջողությունները արձանագրվում են հիմնականում ըմբշամարտի և ծանրամարտի ոլորտում և երկրորդ՝ սպորտը անհատական երևույթ չէ, այլ պետական-հասարակական։
Որքան էլ հրաշալի լինեն ծանրամարտում և ըմբշամարտում մեր հաղթանակները և հատկապես նաև այդ պատճառով, մենք չենք կարող բավարարվել միայն դրանով։ Երկու սպորտաձևերն էլ բավական լոկալ են, այնպիսի տարածում չունեն ինչպես օրինակ մեծ թենիսը, ավտոմրցումները, բասկետբոլը, ֆուտբոլը և այլն։ Մենք խոշոր հաշվով Արթուր Ալեքսանյանի և նրա ընկներների ուսերին ենք թողել հայկական սպորտի զարգացման ողջ ծանրությունը և պահանջում ենք, որպեսզի Արթուրը միայնակ հաղթի և այնպես հաղթի, որ մենք Արթուրի հաջողությամբ ծածկենք մեր անհաջողությունները մյուս ոլորտներում։ Դա արդար չէ և Արթուրն էլ ռոբոտ չէ։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր մարզիկներին ու փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ մեզ մոտ ոչինչ չի ստացվում մյուս սպորտաձևերում։ Ինչո՞ւ հայկական ֆուտբոլը չի կարողանում ազատվել իր ճահճացած վիճակից, ինչո՞ւ հայ ավտոարշավորդներ չունենք, ինչո՞ւ հայ բռնցքամարտիկները օտար դրոշի տակ են փառք ձեռք բերում և նմանատիպ տարատեսակ ինչուներ։
Սպորտը ոչ միայն զանգվածներին զբաղեցնելու ու կառավարելու միջոց է, ոչ միայն առողջ ապրելակերպ է, այլև հասարակության որակը ստուգող ևս մեկ միջոց։ Հայաստանում այդ ոլորտը ևս բավական ծանր վիճակում է։ Առողջ հասարակությունը, ինքն իր վրա վստահ, իր ուժը գիտակցող և իրեն գնահատող հասարակությունը երբեք թույլ չի տա, որ իր սպորտային հաջողությունները նման ցածր մակարդակում լինեն։ Ուժեղ հասարակությունը թույլ չի տա, որ խծբ-ը ավերի իր ֆուտբոլը։ Առողջ հասարակությունը չի հանդուրժի տարիներով խայտառակ պարտություններ ֆուտբոլում ու զրո ներկայություն ոլորտներում։ Չմոռանանք, որ տարիներով հայկական ֆուտբոլրը թաղված է սկանդալային կոռուպցիայի մեջ, չմոռանանք, որ նույնիսկ քաղաքային դպրոցական թիմերում տասնյակ տարիներ շարունակ խաղում էին ծանոթի երեխաները, այլ ոչ թե նրանք, ովքեր իրոք կարող էին խաղալ։ Եվ այսպես էլ ծանոթի խաթր Հայաստանում ամեն ինչ մղվեց երրորդ պլան։ Ընդ որում ոչ միայն սպորտում։ Մենք չունենք նոբելյան մրցանակակիր ՀՀ քաղաքացի, չունենք համաշխարհային ճանաչման հասած գեղարվեստական ֆիլմ, աանիմացիոն ֆիլմ, որևէ նկար, ինչ որ գյուտ, թատերական ներկայացում, կրթական ձեռքբերում․․․․այսինքն չունենք ՀՀ ձեռքբերում աշխարհում։ Ունենք անհատ հայեր, ովքեր ներկայացնում են ուրիշ դրոշներ։ Այսինքն խելք ունենք, բայց չի ստացվում ՀՀ դրոշի ներքո անել այդ։ Իսկ ովքե՞ր են եղել ու շարունակում են մնալ Հայաստանում այդ ամենի պատասխանատուները։ Խնամի-ծանոթ-բարեկամնե՞րը։
Այս ամենն իհարկե ինչ որ չափով հարաբերական է, քանի որ բոլոր ժողովուրդներն էլ այս կամ այն չափով ունեն սպորտում իրենց ուժեղ և թույլ կողմերը, բայց մի բան է երբ կա ուժեղ և թույլ կողմ, մեկ այլ բան է, երբ ունես մի քանի հերոս-մարզիկներ և խայտառակ բացակայություն համաշխարհային սպորտում որպես այդպիսին։ Նկատելի է նաև, որ Հայաստանում հաջողության է հասնում անհատական սպորտը և ձախողվում թիմային սպորտը։ Հայ մարզիկները հաղթում են այնտեղ, ուր պայքարը միայն իրենք են տանում՝ շախմատ, ըմբշամարտ, ծանրամարտ և պարտվում այնտեղ, ուր պիտի թիմային պայքար ընթանա՝ ֆուտբոլ և այլն։

Այս առումով բավական հետաքրքիր անդրադարձեր կատարել Սոսի Թաթիկյանն ու քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Հակոբ Բադալյանի գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Սոսի Թաթիկյանի գրառումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *