Կուրսկի ուղղությամբ գրոհն ու գազաբաշխիչ կայանի գրավումը թանկացրել են գազը Եվրոպայում, եւ ըստ եվրոպական մամուլի՝ ավելացրել Ռուսաստանի եկամուտները: Այդ իրավիճակին զուգահեռ էլ, Գերմանիան Հյուսիսային հոսք գազատարի պայթյունի գործի քննությունը տանում է դեպի Ուկրաինա, դեպի պաշտոնական Կիեւ:
Հակոբ Բադալյան
ՌԴ նախագահ Պուտինի՝ Բաքու կատարած այցին զուգահեռ, տարածվվեց Եվրահանձնաժողովի խոսնակի հայտարարությունը, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին մինչեւ Կլիմայի գագաթնաժողովը, որը կայանալու է Բաքվում, Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր: Հնարավոր չէ ասել, թե կա՞ արդյոք Եվրահանձնաժողովի խոսնակի այդ կոչի եւ Պուտինի այցի միջեւ որեւէ կապ, որը դարձել է ժամանակագրական զուգորդման պատճառ, սակայն ինքնին այդ ժամանակագրությունը հետաքրքիր է: Պուտինը Բաքվում հայտնում է հայ-ադրբեջանական խաղաղությանը նպաստելու պատրաստակամություն, ինչը սակայն ավելի շատ հնչում է իբրեւ այդ գործընթացը պարզապես արեւմտյան մոդերատորությունից ռուսական մոդերատորության դաշտ տեղափոխելու հայտ:
Դրան զուգահեռ, Եվրահանձնաժողովից հնչում է կոչ Ալիեւին՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, օգտագործել Կլիմայի գագաթնաժողովի պահն ու գնալ այդպիսի քայլի: Հնչում է՝ «չգնալ ռուսական մոդերատորության»: Տպավորություն է սակայն, որ իրավիճակը խորքում շատ ավելի «լայնաշերտ» է: Դա չի նշանակում անշուշտ, որ չկա մոդերատորության համար մրցակցություն: Սակայն, պետք չէ անուշադրության կամ մոռացության մատնել հանգամանքը, որ Պուտինի այցը տեղի է ունենում Կուրսկի մարզում իրավիճակի ֆոնին: Ավելին, Պուտինի այցի մասին խոսվել է հենց այդ իրավիճակը ձեւավորվելուց հետո:
Իսկ Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակում գոնե առայժմ կա մի ըստ էության առանցքային հանգամանք՝ դեպի Եվրոպա ռուսական գազաբաշխիչ մեծ կայանի գրավումը: Ուկրաինական զինուժը գրավել է այն, սակայն որեւէ քայլ չի արել դրա գործունեության ռեժիմը փոխելու, այլ կերպ ասած՝ ռուսական գազի ընթացքը դեպի Եվրոպա կանգնեցնելու համար: Ավելին, Կուրսկի ուղղությամբ գրոհն ու գազաբաշխիչ կայանի գրավումը թանկացրել են գազը Եվրոպայում, եւ ըստ եվրոպական մամուլի՝ ավելացրել Ռուսաստանի եկամուտները: Այդ իրավիճակին զուգահեռ էլ, Գերմանիան Հյուսիսային հոսք գազատարի պայթյունի գործի քննությունը տանում է դեպի Ուկրաինա, դեպի պաշտոնական Կիեւ:
Դեկտեմբերի 31-ին սպառվում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագիրը: Մինչ այժմ այդ պայմանագիրը գործել է ըստ էության ժամացույցի ճշգրտությամբ, չնայած պատերազմին: Սակայն, պետք է համաձայնել, որ փոքր ինչ տարօրինակ կլինի, եթե Ուկրաինան Ռուսաստանի հետ պայմանավորվի շարունակել պայմանագիրը, այսինքն թարմացնել այն: Մինչդեռ, Գերմանիան, ըստ այդ երկրի հեղինակավոր մամուլի, կողմնակից է, որ շարունակվի մատակարարումը, քանի որ չնայած տեսակարար կշռում դա ընդամենը 6-7 տոկոսն է, բայց այսօր Եվրոպան պատրաստ չէ հրաժարվել գազի այդ չափից, այն էլ ձմռանը:
Այդտեղ ի հայտ է գալիս Բլումբերգի տեղեկությունը, որ քննարկվում է ադրբեջանական գազի տարբերակը՝ ռուսական խողովակով ադրբեջանական գազ դեպի Ուկրաինա, հետո Եվրոպա: Սա կարող է լինել տարբերակ, երբ կգոհացնի գործնականում բոլորին: Ձմեռնամուտին Եվրահանձնաժողովին հազիվ թե գազի խնդիրը գործնականում ավելի հետաքրքրի, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, առավել եւս, որ միայն ոզնուն թերեւս պարզ չլինի, որ չկա այդպիսի գործնական համաձայնագրի ստորագրման իրական հնարավորություն:
Հոդվածը՝ 1in.am կայքից։